Չգիտեմ ինչո՞ւ են միշտ ի վնաս ՀՀ քաղաքացիների աշխատում մեզ ծառայություններ մատուցող կազմակերպությունները, սակայն հաճախ փաստ է, որ նրանք ինչ-որ լավ բան էլ, եթե փորձում են անել, ապա ստացվում է, ինչպես միշտ, ավելի վատ։ Թե ի՞նչ մոծակ էր խայթել էլցանցի տնօրինությանը, որ ձմռան սառնամանիքին որոշեցին փոխել մեր՝ Յան-Ռայնիսի 15 շենքի էլեկտրական հաշվիչները, առանց մեզ նախազգուշացնելու, կարծես այդ ամենը անհնար էր անել գարունից -աշուն ընկած ժամանակահատվածում, երբ կարելի էր առանց բնակիչներին լրացուցիչ անհանգստություն պատճառելու իրենց գործը գլուխ բերել։
Ինչեւէ, դեկտեմբերի 6-ի չարաբաստիկ օրը, քիչ էր, որ ժամերով՝ մոտ 7 ժամ մնացինք առանց էլեկտրականության, վերջում էլ հոսանքի նորմալ լարում ապահովելու փոխարեն փնթի աշխատողները մեզ 220-230 վոլտի փոխարեն մատակարարեցին 340 վոլտ լարվածության էլեկտրական հոսանք։ Ֆիզիկայից գաղափար չունեցող մարդիկ էլ կարող են պատկերացնել, թե ինչ հետեւանքներ այն ունեցավ մեր սպառիչների վրա։ Վառվեցին մի շարք կենցաղային իրեր՝ հեռուստացույց, համակարգիչ… առաջին հերթին մոդեմը սնուցող լարից ծուխ-մուխ հայտնվեց, վառվող վարդակի գարշահոտությունը ստիպեց անջատել սպառիչները։
Պատկերացնում եմ հրդեհի անխուսափելիությունը, եթե տանը չլինեի։ Ու որ ամենացավալին էր, ժամեր անց պարզեցի, որ իմ ջեռուցման Ferroli կաթսան է փչացել։ Եթե նախկինում մենք այն միացնում էինք մի անգամ՝ աշնանը եւ անջատում էինք գարնանը, հիմա ամեն ժամը կամ 15-20 րոպեն մեկ պետք է «ռեստարտ» անել, որպեսզի բնակարանը չսառի, առավել դժվար է գիշերվա քնի ժամերին… Անմիջապես զանգահարեցինք 1-80 հեռախոսահամարին։
Այստեղ հրաժարվեցին էլեկտրոնային հասցե տալ, որպեսզի մեր բողոքը օնլայն ներկայացնեինք, փոխարենն առաջարկեցին անձնագրով գնալ Արմենակյան փողոցի կամ Ֆուչիկի 1 հասցեում գտնվող էլցանցեր (Արաբկիրի մասնաճյուղը չէր գործում) ու տեղում գրավոր դիմում գրել: Զեյթունի տարեց բնակչիս համար այդ տեղերը հասնելը, խնդիր էր։ Ինչո՞ւ էլցանցն ինքը չէր այցելում տուժած քաղաքացիներին ու տեղում դիմում վերցնում, որ քաղաքացուն են անհանգստացնում։ Այս հարցիս պատասխանը ստացա Արմենակյան փողոցի վրա գտնվող էլցանցում, երբ մեր նման տուժած տարբեր հասցեներից նույն խնդիրներով քաղաքացիների բազմամարդ հերթը տեսա:
Աշխատողից հետաքրքրվեցի, թե որտեղի՞ց են պեղում գտնում այդպիսի անկարող աշխատողներին, որ վերջում խնդիր են դառնում թե՛ իրենց ու թե՛ բնակիչների գլխին… Ինչեւէ, աշխատողը բարեհամբույր ընդունեց մեր դիմումները, հավաստիացնելով, որ 4-5 աշխատանքային օրում կայցելեն իրենց մասնագետներն ու անսարքությունները կվերացնեն, կաթսայի դեպքում՝ ավելի շուտ կգան։ Օրերն անցնում են, փնթիների պատճառած անհանգստությունները մնում։ Ավելին՝ կարծես անիծված լինի մեր շենքը՝ դեկտեմբերի 8-ին հոսանքն անջատեցին ժ.21։40-ից մինչեւ 24։15, 9-ին՝ 15։50-16։20։
Այսօր դեկտեմբերի 10-ն է, իսկ էլցանցից սպասվող բաղձալի զանգն այդպես էլ չի հնչում: Այսպես էլ նվաստացած ապրում ենք…
Գոհար ԱՐՇԱԿՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.12.2020