Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես դիմակայել հետպատերազմյան արհավիրքին

Դեկտեմբեր 14,2020 12:30

Չպետք է տուրք տալ այն քարոզչությանը, թե կբացվեն մեր թշնամիների հետ սահմանները եւ կգործեն տնտեսությունը աշխուժացնող
հաղորդակցման ուղիներ

Հետպատերազմական շրջանը առավել դաժանությամբ է փորփրում մեր հասարակության վերքերը եւ խորացնում համահայկական ընկճախտը: Եթե պատերազմի օրերին ապրում էինք հաղթելու հույսուվ եւ դրանով իսկ դիմակայում արհավիրքին, ապա կապիտուլյացիան մեզ կանգեցրեց հուսահատության անդուդի եզրին, որից այն կողմ, արդեն ազգային անվտանգության կորուստն է: Ուրեմն ինչ պետք է չանել, որ այլեւս չմոտենանք այդ անդունդի եզրին եւ աստիճանաբար շտկենք ստեղծված իրավիճակը:

Առաջին. երբեք ու երբեք չհուսախափվել եւ չմտածել արտագաղթի մասին: Անկախության ձեռքբերման օրերից ի վեր հայ ժողովուրդը, փոխանակ հավաքվելու իր հայրենի բնօրրանում, սկսեց արտագաղթել, իսկ պատերազմին հաջորդող առաջիկա տարիներին երկիրը լքելու տրամադրոթյուններն ավելի կսրվեն: Չպետք է տուրք տալ հուսախաբությանը եւ լքել հայրենիքը, մանավանդ, սփյուռքից սպասված զանգվածային հայրենադարձությունը այդպես էլ իրականություն չդարձավ: Նորից ու նորից օրինակ վերցնենք հրեաներից, որոնք տարեցտարի դեմոգրաֆիական առաջընթաց ունեն Իսրայելում:

Երկրորդ, հրաժարվել ագրեսիվ հռետորաբանությունից մեր հայատյաց հարեւանների նկամամբ: Տարիներ շարունակ, ակնհայտորեն ցույց տալով ազգային ձգտումները` պահանջատերը լինելու հայկական պատմական հողերին, ավելորդ անգամ լարվածություն ստեղծեցին եւ արդյունքում թշնամուց ստացանք բումերանգի էֆեկտ, որով արդեն իսկ ի լուր աշխարհի, բացահայտ հավակնություններ են հրապարակվում Երեւանի, Սյունիքի, Սեւանի նկատմամբ: Ուրեմն, պետք է հրաժարվենք թշնամու նկատմամբ ագրեսիվ հռետորաբանությունից եւ փոխարենը ուժեղացնենք մեր պաշտպանունակության զգոնությունը:

Երրորդ, չպետք է հուսադրվել գերպետությունների աջակցությամբ եւ կորցնել ինքնապաշտպանության զգոնությունը, քանի որ Հայաստանը միշտ էլ եղել է գերպետությունների առեւտրի մանրադրամ: Չպետք է տուրք տալ այն քարոզչությանը, թե կբացվեն մեր թշնամիների հետ սահմանները եւ կգործեն տնտեսությունը աշխուժացնող հաղորդակցման ուղիներ: Երբեք չպետք է թույլ տրվի, որ թուրքալեզու տնտեսությունը մխրճվի մեր մեջ եւ քայքայիչ աշխատանքներ տանի առանց այն էլ տկար հայկական տնտեսական միջավայրում:

Չորրորդ, չպետք է շտապել, այլ պետք է զինվել համբերությամբ եւ սպասել թշնամու թուլացմանը տեսանելի ապագայում: Նավթադոլարներով միջազգային հանրությունից հաղթանակը գնած, եւ ոչ սեփական արիությամբ հաղթանակ վաստակած պետությունը տարիներ անց կորցնելու է իր միջազգային մրցունակությունը` պայմանավորված նավթի գործոնով: Էլեկտրոմոբիլների լայնամասշտաբ կիրառումը, գլոբալ տաքացումները ի վերջո կրճատելու են նավթի պահանջարկը աշխարհում եւ նավթ արդյունահանող երկրները պարզապես կորցնելու են իրենց աշխարհաքաղաքական դիվիդենդները, որն էլ աշխատելու է ի նպաստ հայ ժողովրդի:

Հինգերորդ, ի վերջո տուրք չտալ անկախության դասական գաղափարներին, որոնք ընդամենը դասագրքային են եւ կյանքի չեն կոչվում հատկապես աշխարհագրորեն փոքր եւ տնտեսապես թույլ երկրների համար: Անընդհատ հոխորտալ, թե անկախ ու ինքնավար ենք եւ անելու ենք այն, ինչ ուզում ենք, առանց հաշվի նստելու գերհզորների հետ, նշանակում է պարզապես անկախության դրոշի ներքո երկիրը տանել կործանման: Ուրեմն, պետք է հրաժարվել ավելորդ ինքնահավանությունից եւ հատուկ նրբանկատություն ցուցաբերել դիվանագիտական գործին՝ այսօրվա արյունաքամ լինող հայրենիքը ոտքի կանգնեցնելու եւ հետ քաշվելու այն կործանարար անդունդից, որի շեմին արդեն հասել ենք:

Արմեն ՃՈՒՂՈՒՐՅԱՆ

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ
12.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031