Տեկորի տաճարը գտնվում էր ներկայիս Թուրքիայի տարածքում, քաղաքամայր Անիից հարավ-արեւմուտք, Տեկոր գետի ափին, սարալանջի վրա: Գտնվում էր, քանի որ այժմ այդ կառույցն այլեւս չկա: Ավերված տաճարը վերջնականապես ոչնչացվեց բարբարոսների ձեռքով:
Տեկորը Հայաստանի վաղ միջնադարյան ամենանշանավոր վանական համալիրներից էր: Այն պարունակել է բազում ճարտարապետական լուծումներ, որի հիման վրա ուսումնասիրողները մշակել են տեսություններ եւ նշանակալի տեղ են հատկացրել նրան: Ըստ շինության վիմագրի, տաճարը 5-րդ դարի երկրորդ կեսում կառուցել է իշխան Սահակ Կամսարականը, որպես Սբ Սարգսի վկայարան: Շինարարությունը չավարտված, այն ընդմիջվել է եւ վերսկսվել նույն դարի վերջում, ժամանակաշրջանի մի շարք ակնառու գործիչների օժանդակությամբ: Հատկապես մեծ դեր է խաղացել Հովհան Մանդակունին:
1908թ. Ն. Մառը հատուկ գիտարշավ է կազմակերպել Տեկորի տաճարի հետազոտության համար, որին մասնակցել են Թ. Թորամանյանը, Ս. Պոլտարացկին, Ն. Տիխոնովը, Հ. Օրբելին եւ ուրիշներ: Նա Տեկոր է այցելել նաեւ 1909թ. եւ մանրամասն նկարագրել է տաճարը: Իսկ 1911թ. լույս է տեսել Թ. Թորամանյանի Տեկորին նվիրված մենագրությունը:
Տեկորը բազմիցս ենթարկվել է ահարկու երկրաշարժերի ներգործությանը, որոնք խարխլել են շինության պատերն ու գմբեթը: Սակայն ամենասոսկալին տեղի է ունեցել 1912 թ. օգոստոսի 1-ին, երբ երկրաշարժը կործանել է նրա գմբեթը հարավային պատի հետ միասին: Թիֆլիսում հրատարակվող «Հորիզոն» թերթին ուղարկած թղթակցությունում, Տեկոր գյուղի բնակիչներից մեկը գրել է. «Մօտաւորապես ժամը 6-ին յանկարծ լսուեց մի սարսափելի դղրդիւն. մի ակնթարթում վախեցած ու սարսափած դուրս վազեցի բնակարանիցս, կարծելով թէ ստորերկրեայ դղրդիւն է, երկրաշարժ, կամ թե մոտակա լեռն է փուլ գալիս, միայն ես չէի, ամբողջ գիւղի բնակիչներն էլ էին վախեցած դուրս թափվել եւ բոլորը վազում էին դէպի եկեղեցին: Ես էլ նայեցի այն կողմ եւ տեսայ, որ եկեղեցուց սեւ ու մութ փոշին որպէս ամպ բարձրանում էր դէպի երկինք: Իսկոյն եւէթ ես էլ միացած ուրիշներին վազեցի դէպքի վարը եւ ինչ տեսայ, մի ցաւալի տեսարան բացուեց իմ առաջ, հռչակաւոր Սուրբ Երրորդութեան եկեղեցին՝ այդ հսկան, ներկայացնում էր աւերակների մի ողբալի կոյտ: Տեկոր գիւղը հարիւր տուն բնակիչներով զրկուեց իր միակ աղօթատնից»: Տեկորը վնասվել էր նաեւ 1935 թ. մայիսի 1-ին՝ Կարսի երկրաշարժից:
Կարդացեք նաև
Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ
գիտաշխատող
«Առավոտ» օրաթերթ
12.12.2020