Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաքվից հնչած ելույթները փաստում են՝ ադրբեջանական, թուրքական կողմի դիրքորոշման մեջ որակապես փոփոխություն չի արձանագրվել»

Դեկտեմբեր 14,2020 14:00

Ըստ տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի՝ պետք է ձեռք բերել նոր անվտանգային մեխանիզմներ, երաշխիքներ, որպեսզի մեր հայրենակիցները վերադառնան իրենց հայրենիք, բնակավայրեր, այն շրջաններ, որոնք այսօր գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո եւ շարունակեն ապրել այնտեղ միջազգային անվտանգային երաշխիքների ներքո:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 10-ին Բաքվում կազմակերպված զորահանդեսին Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ Զանգեզուրը, Սեւանը, Երեւանը պատմական ադրբեջանական հողեր են, իսկ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զգուշացրել էր՝ եթե Հայաստանը դասեր քաղի Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից, տարածաշրջանում նոր ժամանակաշրջան կսկսվի եւ նշել, որ Հայաստանից «վճռական քայլեր» է սպասում:

Ըստ Արմեն Պետրոսյանի՝ Թուրքիայի նախագահի ներկայությունը Բաքվի զորահանդեսին եւ 100-ամյա վաղեմության դեպքերի հիշատակման, հայ ժողովրդի պատմական աղետին, արժանապատվությանն ուղղված ուղերձները, որեւէ դրական տրամադրվածության ակնկալիք չեն ներշնչում: Նրա հավաստմամբ՝ նման հռետորաբանության շարունակությունը խոսում է այն մասին, որ մեր հարեւան, ոչ բարեկամական երկրների ծրագրերում որեւէ առարկայական փոփոխություն չի արձանագրվել:

Մեր հարցին՝ ինչպե՞ս կարելի է խոսել ժողովուրդների համակեցության մասին, որին ակնարկներ կան նաեւ եռակողմ հայտարարության մեջ, երբ Էրդողանը հիշատակում է Էնվեր փաշային, որը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից էր, Արմեն Պետրոսյանը պատասխանեց. «Ընդհանրապես Թուրքիա եւ Ադրբեջան պետությունների եւ նրանց ղեկավարների քաղաքականության եւ հռետորաբանության մեջ կարեւոր նշանակություն ունեն խորհրդանիշները: Այս համատեքստում Թուրքիայի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից եւ գլխավոր ճարտարապետներից մեկի անվան շոշափումը ոչ միայն հռետորաբանական, այլեւ խորհրդանշական չափազանց կարեւոր նշանակություն ունի, որի տողատակում Թուրքիայի նախագահի կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված հարյուրամյա վաղեմության ցեղասպանական գործողությունների նկատմամբ հստակ վերաբերմունքի ընդգծումն էր: Մեծ հաշվով ողբերգական իրողություններից մեկ դար անց նման կերպ հիշատակելով Հայոց ցեղասպանության իրականացնողներից մեկի անունը՝ Էրդողանը փաստացի իր աջակցությունն ու համաձայնությունն է հայտնում հանրահայտ ոճրագործի եւ նրա գաղափարակիցների կողմից իրականացված՝ մարդկության դեմ ուղղված ոճրագործությանը: Նման հռետորաբանության, նման սիմվոլների արծարծման պայմաններում ակնկալել, որ Թուրքիայի, Ադրբեջանի կողմից վերաբերմունք եւ իրավիճակային առումով տեսլական է փոխվել հայ ժողովրդի հետ հարաբերություններում, մեր կողմից սխալ հիմնակետ կլինի մեր արտաքին քաղաքականությունը հետպատերազմյան շրջանում կազմակերպելու տեսանկյունից»:

Հարցին՝ արդյոք հասցեակա՞ն, համարժե՞ք էր ՌԴ-ի պաշտոնական արձագանքն այս հայտարարություններին՝ մասնավորապես ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ որեւէ քաղաքական հայտարարություն չպետք է ջնջի այդ ամենը, Արմեն Պետրոսյանը պատասխանեց. «Անշուշտ, հայտարարությունը համարժեք չէր: Այս գործընթացներում չափազանց մեծ կարեւորություն ունի ՌԴ դերակատարումը ոչ միայն ուղղված ռազմական գործողությունների դադարեցմանը, Արցախում իրավիճակի կայունացմանը, այլեւ ընդհանրապես ՀՀ-ի եւ իսլամական երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացում: Պետք է ֆիքսենք, որ ՌԴ-ն վերոնշյալ եռակողմ հայտարարության միջոցով նաեւ ամրագրեց իր կարեւորագույն միջնորդական դերը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում: Ակնկալիքները ՌԴ-ից շատ ավելի մեծ են, եւ ՌԴ-ն պետք է հետեւողական դիրքորոշում եւ քաղաքականություն իրականացնի ոչ միայն հրադադարի ռեժիմի պահպանման տեսանկյունից, այլեւ քաղաքական գործընթացներում հնարավորինս նաեւ առանց կաշկանդվելու թիրախային կերպով արձագանքելու այն բոլոր խոչընդոտներին՝ դրանք կլինեն եւ՚ հռետորաբանության, ե՛ւ քաղաքականության, ե՛ւ առանձին միջադեպերի հարթություններում, որպեսզի հնարավորինս արագ ձեւավորվի այն միջավայրը, որն ամրագրված է նաեւ եռակողմ հայտարարության տեքստում, որպեսզի տարածաշրջանում հնարավորինս արագ վերականգնվի կայունությունը եւ բացառվի թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից այն շարունակվող սպառնալիքները, հռետորաբանությունը, որոնք ուղղված են ՀՀ-ի եւ հայ ժողովրդի անվտանգության, տարածքային ամբողջականության, արժանապատվության դեմ»:

Նա նշեց, որ ՀՀ-ն պիտի հետեւողական լինի այս հարցում, որպեսզի մեր դաշնակից եւ միջնորդ պետությունը հավուր պատշաճի իրականացնի իր պարտականությունները:

Փաստեցինք՝ առաջիկայում սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան եւ հետաքրքրվեցինք՝ դա դիտարկե՞նք այն համատեքստում, որ Մինսկի խումբը դուրս էր մնացել այս գործընթացներից, եւ այս այցով փորձում են իրավիճակը շտկե՞լ, Արմեն Պետրոսյանը պատասխանեց. «Կա նման միտում ու կանխատեսում, որ համանախագահ մյուս երկրները՝ հատկապես ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, օբյեկտիվորեն դուրս մնացին արցախյան հակամարտության գոտու գործընթացից, եւ նրանց հետագա քայլերը կարելի է դիտարկել նաեւ սեփական դիրքերը վերականգնելու տրամաբանության մեջ: Եվ նաեւ համանախագահ երկրների ներկայացուցիչների այցելությունը կարելի է դիտարկել նաեւ այս համատեքստում: Բայց կարծում եմ, որ համանախագահ մյուս երկրների առավել ակտիվացում կարելի է դիտարկել միայն ԱՄՆ-ում լիարժեք իշխանափոխությունից հետո, երբ նոր վարչակարգը ստանա արցախյան հիմնախնդրով ավելի առարկայորեն զբաղվելու հնարավորություն»: Արմեն Պետրոսյանը թվարկեց մի շարք խնդիրներ, որոնք կարող են լուծվել բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Օրինակ՝ դեռեւս ճշգրտված չէ Արցախի հետագա կարգավիճակի խնդիրը, բավականաչափ առարկայական եւ կարեւոր խնդիր է շարունակում մնալ պատերազմի հետեւանքով սրված հումանիտար ճգնաժամը, փախստականների խնդիրը ու շարունակեց. «ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ակնկալվող բանակցային գործընթացներում առնվազն հայկական կողմը պետք է բարձրացնի մեր խնդիրը եւ փորձի լուծել նշված անձանց տանիքի խնդիրը, եւ եթե հնարավորություն կա, համընդհանուր գործընթացի շրջանակներում նաեւ ապահովի նրանց վերադարձն այն շրջաններ, որոնք այսօր գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո: Մի կողմից ռուսական խաղաղապահ առաքելության, մյուս կողմից համանախագահների հետ համագործակցությամբ պետք է ձեռք բերել նոր անվտանգային մեխանիզմներ, երաշխիքներ, որպեսզի մեր հայրենակիցները վերադառնան իրենց հայրենիք, բնակավայրեր եւ շարունակեն ապրել այնտեղ միջազգային անվտանգային երաշխիքների ներքո: Սա կարեւոր եւ սկզբունքային խնդիր է, որը հնարավորություն է ստեղծում բանակցային ձեւաչափում փորձ անել ընդլայնել Արցախի՝ այսօրվա պատերազմի հետեւանքով մնացած տարածքը՝ դրանում ներգրավելով հնարավորինս նոր շրջաններ նախկին ԼՂԻՄ-ի վարչական շրջանից եւ միավորելու այսօրվա ընդհանուր անվտանգային միջավայրում՝ ստանալով միջազգային անվտանգային երաշխիքներ ոչ միայն ՌԴ-ի, այլեւ ԵԱՀԿ համանախագահ մյուս երկրների կողմից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031