Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ տանկը պայթեցրել են. Լևոնը տեսել է` ոնց է եղբայրը՝ Արմենն ընկնում, գնացել է նրան օգնելու. երկուսն էլ զոհվել են Շուշիում». նրանց քրոջ հիշողությունները

Դեկտեմբեր 13,2020 22:44

Լևոն և Արմեն Անթանյանները հարազատ եղբայրներ էին: Երկուսն էլ զոհվեցին Շուշիում: Լևոնը 27 տարեկան էր, Արմենը՝ 26:

Նրանց քույրը՝ Միլենա Անթանյանը, Aravot.am-ի հետ զրույցում պատմեց՝ եղբայրներն իր համար ծնողների պես են եղել՝ այնքան ուշադիր, այնքան հոգատար: Արմենն ու Լևոնը աշխատում էին ՀՀ ոստիկանության զորքերում. պատերազմի առաջին օրից անընդհատ եղել են դիրքերում, առաջին մեկ ամիսն անգամ չեն իջել դիրքերից նույնիսկ հագուստը փոխելու նպատակով:

Եղբայրները պետականին զուգահեռ իրենց սեփական աշխատանքն էլ ունեին՝ մեքենայի գործով էին զբաղվում: Լևոնին գյուղում ավելի լավ ճանաչում էին որպես «մատոռիստ» Լևոն:

Միլենան պատմեց՝ զոհվելուց առաջ երեք օրով եղբայրներն իջել էին դիրքերից. հետո արդեն գնացել Շուշի՝ Քարինտակ գյուղ: Շուշիի մարտերի ժամանակ՝ նոյեմբերի 9-ին են զոհվել:

Միլենան, հուզմունքը հազիվ զսպելով, պատմում է. «Փոքր եղբայրս եղել է տանկի մոտ, և երկու եղբայրս էլ վիրավորվել են նոյեմբերի 8-ի առավոտյան: Փոքր եղբայրս, երբ տանկի կողքով գնացել է, տանկը պայթեցրել են: Լևոնը տեսել է, թե ոնց է Արմենն ընկնում, այդ ժամանակ ուզել են նահանջել: Իրենց ջոկատից մի քանիսը փորձել են նահանջել, բայց Լևոնը չի գնացել նրանց հետ, ուզել է բարձրանալ, եղբորը օգնել: Բարձրացել է վերև, ու որոշել է օգնել, բայց մյուսները որոշել են փախչել: Փախչողների մեքենան պայթեցվել է, բոլորը մեջը մոխրացել են, իսկ իրենց արդեն դիվերսանտներն են մահացու վիրավորում հասցրել, երկուսին էլ, ու նոյեմբերի 9-ին երկուսն էլ մահացել են»:

Միլենան ասաց՝ չեն էլ իմացել, որ եղբայրները գնացել են Շուշի. գիտեին՝ Սևանում են. «Իրենց մեկնելու սկզբի մի քանի օրը նրանցից ոչ մի լուր չենք ունեցել: Երկրորդ անգամ որ գնացին, սկզբի օրերին ևս ոչ մի տեղեկություն չենք ունեցել: Վերջին անգամ փոքր եղբայրս ինձ է զանգել, ասաց՝ ամեն ինչ նորմալ է, ասաց, որ էլի կզանգի, չտխրենք: Նոյեմբերի 6-ն էր: Չէին ուզում, որ շատ անհանգստանանք, ասել էին, որ իրենք Սևանում են: Գիտեինք, թե Սևանում են: Հետո իմացանք, որ իրենց տարել են Քարինտակ, ու հենց այնտեղ էլ զոհվել են»:

Միլենան պատմեց՝ իրենց ասել էին, որ եղբայրներից մեկն է վիրավոր, հայրը գնացել է Շուշի, փորձել է գտնել որդիներին, հոսպիտալներից, բոլոր հնարավոր տեղերից փորձում էին ստանալ տեղեկություն, բայց չկար: Հետո նոյեմբերի 9-ին Արմենի և Լևոնի մահվան լուրն են իմացել: Նրանց բերել էին Հերացի հիվանդանոց, նրանց հորեղբոր տղան այնտեղ տեսել, երկուսին էլ ճանաչել է:

Լևոնն ամուսնացած էր, ունի երկու փոքրիկ՝ Անգելին ու Սմբատիկը: Իսկ փոքր եղբայրը՝ Արմենը, դեռ ամուսնացած չէր:

Քույրը պատմում է՝ երկու եղբայրն էլ շատ ուրախ մարդիկ էին, բազում հիշողություններ ունի նրանց հետ կապված:

Եղբայրները ծնվել, մեծացել են Աշտարակում: Իրենց մեծ ընտանիքով ապրում էին Աշտարակին մոտ գտնվող Սասունիկ գյուղում:

Միլենան ասաց՝ եղբայրների աճյուններն ամփոփված են իրենց գյուղի պանթեոնում՝ ազատամարտիկներ Լյովա Խաչատրյանի, Գեղազնիկ Միքայելյանի կողքին: Լևոնը շատ լավ երգում էր՝ հատկապես հայրենասիրական երգեր: Նա ավելի հանգիստ բնավորություն ուներ, իսկ փոքր եղբայրը՝ Արմենը, ավելի չարաճճի էր:

Միլենային հարցրինք՝ եղբայրներն ինչպե՞ս են ոստիկանության զորքերում աշխատելու որոշումը կայացրել, Միլենան պատմեց. «Մի ընկեր ունեին. աշխատում էր ոստիկանությունում: Իրենք էլ անտարբեր չէին, սիրում էին պետական գործերը: Ընկերը նրանց խորհուրդ էր տվել, իրենք էլ ընդունվել էին: Իրականում Արմենը շատ բարձրահասակ էր, իսկ Լևոնը՝ ոչ, իսկ ոստիկանական զորքեր ընդունվելու համար պետք են ֆիզիկական տվյալներ: Արմենին արագ ընդունեցին, Լևոնի ընդունվելու հարցում մի քիչ խնդիրներ էին եղել. մեկ ամիս ուշ ընդունվեց: Երեք տարի էր պայմանագիրը, երբ լրացավ, նորից կնքեցին պայմանագիր, քանի որ սիրում էին գործը»:

Միլենան ասում է՝ եղբայրները, որոնք իրենից շուրջ 10 տարով մեծ էին, իր համար ծնողի պես են եղել: Ամեն ինչ կիսել են, անգամ մեկ փոքր Սնիկերսն են կիսել երեք մասի: Եղբայրների միակ նպատակն էր՝ գումար հավաքել, մեծ տուն կառուցել, որպեսզի իրենց մեծ ու ջերմ ընտանիքով միասին երջանիկ ապրեին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031