Լրահոս
Օրվա լրահոսը

Լցոնած կանաչ լոլիկով եւ պղպեղով թթու (տեսանյութ)

Դեկտեմբեր 13,2020 21:59

Այս թթուն, որի բաղադրության մեջ նաեւ բուսական յուղ եւ քացախ կա, շատ վառ, նուրբ եւ յուրահատուկ համ ունի: Նաեւ շատ գեղեցիկ տեսք ունի: Բավական է ասել, որ  5 լիտրանոց տարայով պատրաստածս թթուն երեք օրում կիսով չափ դատարկվեց:

Անհրաժեշտ մթերքները

Կանաչ լոլիկ-1 կգ

Կանաչ եւ կարմիր պղպեղներ-1 կգ

Թթվի բանջարեղեն՝ գազար, նեխուրի տերեւներ, կաղամբ, ծաղկակաղամբ, բողկ եւ այլն՝ յուրաքանչյուրից հավասար քանակով, մոտ 200 գրամ

Սխտոր-1 գլուխ

Սոխ-1 գլուխ

Հեղուկի համար՝ 

Ջուր-3 բաժակ

Բուսական յուղ-1 բաժակ

Խնձորի կամ սպիտակ գինու քացախ-1 բաժակ

1-ական ճաշի գդալ սեւ, բուրավետ պղպեղներ

Դափնու տերեւ-4-5 հատ

Չորացրած կծոխուր (բարբարիս)- 2 ճաշի գդալ (պարտադիր չէ)

Աղ-3 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Բոլոր բանջարեղենները մաքրեք, շատ լավ լվացեք եւ չորացրեք: Մինչ հաջորդ էտապին անցնել նախապատրաստեք հեղուկը:  Կաթսայի մեջ լցրեք բոլոր անհրաժեշտ մթերքները՝ ջուրը, բուսական յուղն ու քացախը, աղը եւ բոլոր համեմունքները եւ դրեք կրակին: Պետք է եռա, որից հետո եփվի մոտ 5-7 րոպե:

Պղպեղների պոչերը եւ սերմերը հեռացրեք, որ հարմար լինի լցոնելու համար: Լոլիկների վրա խաչաձեւ կտրվածք արեք:

Լցոնի համար նախատեսված բանջարեղենը մանր կտրատեք: Մեկ ճաշի գդալ աղ լցրեք եւ ձեռքերով լավ տրորեք: Լցոնեք պղպեղները եւ լոլիկները, եւ դրանք շարեք ապակե տարայի մեջ:

Վրան լցրեք եռացած հեղուկը, որը պետք է ամբողջությամբ ծածկի բանջարեղենը: Եթե հանկարծ հեղուկը պակասի, կարող եք ավելացնել պարզապես թթվի համար նախատեսված աղաջուր ( 1 լիտր ջրին՝ 1 լիքը ճաշի գդալ աղ հաշվարկով):

Բանջարեղենների վրա որեւէ ծանրություն դրեք, որպեսզի ամբողջությամբ ընկղմվեն հեղուկի մեջ եւ դրեք հով եւ մութ տեղ՝ 12-14 օրով:

Շատ համեղ է բրնձով, հնդկաձավարով, հաճարով փլավների հետ, եփված կամ տապակված կարտոֆիլի հետ: Համեղ է նաեւ ինքն իրենով՝ մի կտոր հացի հետ:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031