«Բոլորս գիտենք՝ տեղի է ունեցել հարձակում, և դրա ժամանակ մարտի են բռնվել մեր ՊԲ համապատասխան ստորաբաժանումների հետ, կան վիրավորներ, ճշտվում է, եթե կան զոհեր, ճշտվում է զոհերի հանգամանքը»,-Անվտանգության խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք՝ ադրբեջանական կողմը դեկտեմբերի 12-ին Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ վերսկսել էր հարձակողական գործողությունները: Էդմոն Մարուքյանը հայտնեց՝ ռուս խաղաղապահ ուժերն արդեն այդ տարածքներում են, մինչդեռ նախկինում այնտեղ չկային:
Նա նշեց. «Բանակցությունները ռուսական և ադրբեջանական կողմի միջև են: Ստորագրված փաստաթղթի առաջին կետը խախտվել է, քանի որ հստակ գրված է՝ հրադադարի ստորագրման պահին բնագծերը մնում են այնպես, ինչպես կան. յուրաքանչյուրը մնում է իր տեղում: Հիմա այնպես է պատերազմն ավարտվել, որ հայկական կողմը մնացել է այդ տարածքներում և տիրապետել է այդ տարածքներին: Հիմա այլ բան է, որ ադրբեջանական կողմը փորձել է ասել, թե հակաահաբեկչական մի օպերացիա են արել, բայց իրականությունն այն է, որ ամբողջովին մեր հսկողության տակ են եղել այս տարածքները, հիմա իրենք փորձել են իրենց տիրապետության տակ վերցնել: Մեծ պրոբլեմն այն է եղել, որ ռուս խաղաղապահներ չեն եղել: Երկու գյուղի մասին է խոսքը՝ մի գյուղն իրենց վերահսկողության տակ է, մյուսում՝ կիսատ-պռատ»:
Էդմոն Մարուքյանն ասաց՝ նման իրավիճակում խաղաղությունը շատ փխրուն է. ցանկացած պահի կարող է նման բաներ լինել:
Կարդացեք նաև
Հարցին՝ որքանո՞վ է հայկական կողմը տիրապետում իրավիճակին, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Հայկական կողմը կռիվ է տվել այնտեղ, փառք այդ կռվողներին, բայց ակնհայտ է, տվյալներ ունենք, որ ոչ միայն ադրբեջանական հատուկ ջոկատայիններ են եղել այնտեղ, այլև թուրքական: Այստեղ իշխանության հանգամանքը պետք է նայել այսպես. իրավիճակին տիրապետում են մեր Զինված ուժերը, Արցախի ՊԲ-ն և ռուս խաղաղախահ ուժերը: Ամեն ինչ հրապարակային տրված է»:
Էդմոն Մարուքյանի փոխանցմամբ՝ անվտանգության խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարց չի քննարկվել, Արցախի անկախության ճանաչման խնդիր՝ ևս:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ