Իշխանության քարոզչական թեզը, որը հաճախ եմ լսում շարքային քաղաքացիների շուրթերից, հետեւայլ է. «Ով որ Նիկոլին դեմ ա, աթոռի կռիվ ա տալիս»:
Եթե այդ «կարգախոսը» վերաբերում է 17 կուսակցություններին, ապա այնպես չէ, որ դա կատարյալ սուտ է՝ կուսակցությունները, բնականաբար, պայքարում են իշխանության համար, ճիշտ այնպես, ինչպես իշխանավորները կռիվ են տալիս՝ իրենց աթոռները պահպանելու համար:
Բայց այնպես էլ չի, որ ցանկացած մարդ, որը կարծում է, թե այս պահին նպատակահարմար է, որ վարչապետը հրաժարական տա եւ մեր պետության ու, մասնավորապես, ազգային անվտանգության տեսանկյունից ավելի ճիշտ կլինի, որ ձեւավորվի նոր (կամ՝ անցումային) կառավարություն, իսկ այնուհետեւ անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ բոլոր մարդիկ, որոնք այդպես են մտածում, աթոռ են ուզում կամ ինչ-որ ձեւով կապված են «աթոռ ուզողների» հետ:
Այստեղ չեմ ցանկցանում քննարկել՝ դա ճիշտ է, թե սխալ եւ, իհարկե, չեմ կարող ասել, թե Հայաստանի բնակչության ոչ մասն է այդ կարծիքին:
Կարդացեք նաև
Խոսքն այն մասին է, որ եթե մարդն առաջարկում է ստեղծված ճգնաժամից այս կամ այն լուծումը, նրան պետք չէ միանգամից կասկածել իշխանատենչության կամ իշխանատենչներին աջակցելու մեջ:
Թե չէ ստացվում է, որ զույգ կաթողիկոսներն աթոռ են ուզում, ՀՀ նախագահը, Սփուռքի բազմաթիվ կառույցներ, ԵՊՀ գիտխորհուրդը, ԳԱԱ նախագահությունը, տարբեր հայտնի եւ անհայտ մարդիկ՝ բոլորն աթոռի կռիվ են տալիս: Անգամ Աշոտ Բլեյանը, որը գրեթե 35 տարի՝ կոմունիստների շրջանից (փոքր ընդմիջումով) գործնականում միեւնույն պաշտոնին է՝ դպրոցի տնօրեն է եւ, ենթադրում եմ, որեւէ այլ պաշտոնի չի հավակնում, նա էլ է միացել «մութ ուժերի» աթոռակռվին:
Իհարկե, տեսականորեն կարելի է քարոզել ամեն ինչ: Բայց ցանկալի է, որ այդ քարոզչությունը մի քիչ խելքին մոտիկ լինի: Հակառակ դեպքում հնարավոր է, որ վաղը «պարզվի», որ 2020 թվականի նոյեմբերի հրադադարից հետո շարունակվող տարածքային կարուստի համար պատասխանատու են Անտոն Քոչինյանը եւ Կարեն Դեմիրճյանը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ավելի լավ է ուսումնասիրել գյուղատնտեսությունը.
https://hy.wikisource.org/wiki/%D4%B7%D5%BB:%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%A2%D5%B6%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0_%D5%B0%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6_(Nature_of_Armenia_encyclopedia_in_Armenian).djvu/399