Երեկ՝ շաբաթ, 12 դեկտեմբերին Իրանում կախաղան հանվեց իշխանությունների համար մղձավանջ դարձած «Ամադ նյուզ» թելեգրամի ալիքի հիմնադիր-տնօրեն Ռուհօլլահ Զամը: «Ամադ նյուզ»-ը ղեկավարվում էր Ֆրանսիայից, հիմնադրվել էր 2015 թվականին, որպես ընդդիմադիր լրատվական միջոց խստորեն քննադատում էր Իրանի իշխանություններին:
Լրատու այս ցանցի աստեղային ժամը 2017 թվականն էր, երբ ներկայացնում էր Իրանի ցույցերի և արյունալի բախումների մանրամասներն ու զայրացնում էր Իրանի իսլամական պետության ղեկավարներին: Այդ օրերին թելեգրամի այս ալիքն օրական երկու միլիոն դիտորդ ուներ, և Իրանի իշխանությունները թելեգրամի ալիքն ամբողջությամբ արգելափակելով հանդերձ չկարողացան դրա մերկացումների դեմն առնել:
Ռուհօլլահ Զամի հիմնադրած ԶԼՄ-ն կապել են Թուրքիայի, Իսրայելի, Սաուդյան Արաբիայի և անգամ Իրանի հատուկ ծառայությունների անվան հետ: Նրան մեղադրում էին Իրանի թշնամիներից ֆինանս ստանալու և նրանց համար լրտեսություն անելու համար:
Իրանի հատուկ ծառայություններն անցյալ տարվա սեպտեմբերին հաջողեցին Ռուհօլլահ Զամին Փարիզից խաբկանքով հրավիրել Բաղդադ, ապա Իրաքի իշխանությունների թողտվությամբ նրան փոխադրեցին Իրան: Ռուհօլլահ Զամին դատեցին հեղափոխական դատարանում, դռնփակ նիստով, առանց փաստաբանի ու առանց լրագրողների ներկայության: «Մահապատժի դատավոր» անունը կրող դատավոր Սալավաթիի վճռով թելեգրամի ալիքի հիմնադիր-տնօրենն անցած հոկտեմբեր ամսին մահվան դատապարտվեց և դատավճիռն ի կատար ածվեց ընդամենը երկու ամիս հետո:
Կարդացեք նաև
Փորձագետների կարծիքով Իրանը, մահապատիժների նախորդ փորձը նկատի ունենալով, դա կատարեց խիստ հապճեպորեն, քանի որ մտահոգ էր դրա ներքին ու արտաքին արձագանքներից և հավանական խանգարումից:
Ճակատագրի դառը հեգնանք. մահապատժի ենթարկվածը կրում էր Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Ռուհօլլահ Խոմեյնու անունը, ծնվել էր հեղափոխության տարում (1978) և Զամի հոգևորական հայրը՝ Մուհամմադ Ալի Զամը, անձամբ էր խնդրել հեղափոխության առաջնորդին՝ անվանակոչության և օրհնանքի համար:
Մուհամմադ Ալի Զամը Իրանի իսլամական քարոզչության հաստատության արվեստի բաժնի պատասխանատուն էր և մոտ կապեր է ունեցել երկրի ղեկավարների հետ: Նա վերջին անգամ իր որդուն հանդիպեց կախաղան բարձրանալու նախորդ օրը. հայրը թղթակիցներին ասել է, որ որդուն մահապատժի ի կատար ածելու մասին չէին զգուշացրել, իսկ Դատական դեպարտամենտի ղեկավար Ռեիսին, Ռուհօլլահ Զամին խոստացել էր լրտեսության մեղադրանքն իր վրա վերցնելու դեպքում նրան կփոխանակեն արտասահմանում բանտարկված իրանցիների հետ:
«Ամադ նյուզ» թելեգրամի ալիքի հիմնադիր-տնօրենը 2009 թվականի Իրանի նախագահական ընտրությունների ժամանակ եղել է թեկնածու Մեհդի Քառուբիի ընտրական շտաբի անդամ և «Սահամ նյուզ» ընդդիմադիր լրատվականի լրագրող. ընտրություններին հաջորդած ցույցերի ժամանակ կալանավորվել է, երեք ամսից հետո ազատվել է, գաղթել է նախ Մալեզիա, ապա Թուրքիա և վերջում՝ Ֆրանսիա: Այնտեղ իր երկու ընկերոջ հետ հիմնել է «Ամադ նյուզ» թելեգրամի ալիքը, որով քննադատում էր Իրանի իսլամական պետության քաղաքականությունը՝ տիրող բռնապետությունն ու կոռուպցիան:
Փորձագետների կարծիքով Իրանի հատուկ ծառայություններն անցած տարի հաջողեցին իրենց գործակալների միջոցով՝ հեռուստաալիք հիմնելու գայթակղիչ առաջարկի անվան տակ, Ռուհօլլահ Զամին հրավիրել Բաղդադ, նրան առևանգեցին և փոխադրեցին Թեհրան:
«Ամադ նյուզ» թելեգրամի ալիքի հիմնադիր-տնօրեն Ռուհօլլահ Զամի մահապատիժը մինչ այժմ դատապարտել են Եվրամիությունը, Ֆրանսիան, Գերմանիան ու Կանադան, «Միջազգային Ներում» (Amnesty International) և «Մարդու Իրավունքների Պաշտպանություն» (Human Rights Watch) կազմակերպությունները, տասնյակ այլ իրավապաշտպաններ ու միջազգային կազմակերպություններ:
Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ