ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օծանելիքի հափշտակության դեպքի առթիվ իշխանության յուրացման հոդվածով հարուցված քրեական գործով Վարդան Այվազյանին ձերբակալելու իրավաչափության դեմ նրա պաշտպան Միհրան Պողոսյանի բողոքի քննությունը հետաձգվեց մինչև այսօր՝ ժամը 20:00-ն:
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում լրագրողների հետ զրույցում փաստաբանն այս առիթով հայտարարեց. «ԱԱԾ-ն այս պահին գործիք է վարչապետի ձեռքին՝ նպատակին հասնելու համար: Երեկվանից կանխատեսվում էր, որ նման գործողություններ են լինելու: Քննիչը սույն բողոքի քննությունից ընդամենը տասը րոպե առաջ դատարան էր մուտքագրել կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը: Մինչդեռ օրենքը հստակ սահմանում է, որ պաշտպանի առկայության դեպքում մեղադրանք առաջադրել՝ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման ծանոթացումը, խափանման միջոցի կիրառման մասին նոր որոշման կայացումը պետք է տրամադրվի ինչպես մեղադրյալին, այնպես էլ նրա պաշտպանին: Քննիչն այդ գործողությունները կատարել է առանց Վարդան Այվազյանի պաշտպանի ներկայության: Վարդան Այվազյանի ստորագրությունն այդ փաստաթղթից որևէ մեկի տակ չի եղել: Նա առանց իր պաշտպանի որևէ քննչական գործողության չի մասնակցում»:
Դատարանի բակում էին նաև ՀՅԴ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը, ԲՀԿ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին ԱԱԾ-ն խուզարկություն է կատարել Վարդան Այվազյանի բնակարանում, որից հետո նրան ազատությունից զրկել են՝ մինչեւ ձերբակալությունը:
Կարդացեք նաև
Փաստաբանը տեղեկացրեց՝ արդեն կա մեղադրանք, արդեն պաշտոնապես կարող ենք ասել՝ որպես մեղադրյալ է ներգրավված Վարդան Այվազյանը ու մանրամասնեց. «Մեղադրանք է առաջադրված քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի առաջին մասով՝ իշխանությունը զավթելը, բռնի կամ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով կառավարության և ԱԺ-ի լիազորություններին տիրանալը: Իբր նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած գործողություններն իշխանության յուրացման ձևեր են, և Վարդան Այվազյանը կազմակերպել է այդ գործողությունները: Դա իրավական աբսուրդ չէ, այլ տրամաբանական աբսուրդի շրջանակում է: Համոզված եմ՝ այս պատվերը կատարողները, որոնք նման մեղադրանք են առաջադրում, շատ մոտ ապագայում պատասխանատվության են ենթարկվելու, քանի որ իրականում ՀՀ-ում իրավունքը վեր են ածել ծաղրի»:
Միհրան Պողոսյանը տեղեկացրեց՝ այսօր բողոքի քննությունից հինգ րոպե առաջ, ներկայացրել են կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն, որի համար քննիչը մի շարք իրավական պատնեշներ պիտի հաղթահարեր՝ մեղադրանք առաջադրեր, հարցաքններ, բայց դրանք կատարվել են օրենքի կոպտագույն խախտումներով՝ առանց Միհրան Պողոսյանի: Պաշտպանը հայտնեց. «Արձանագրել են, թե իբր չեն կարողացել ինձ հետ կապվել, այդ գործողությունները կատարել են, որ բերեն, ներկայացնեն, որ երկու միջնորդությունները համատեղ քննարկվեն»:
Պաշտպանը վստահեցրեց՝ նպատակը Վարդան Այվազյանին հնարավորինս երկար անազատության մեջ պահելն է, քանի որ վարույթն իրականացնող մարմնի ներկայացուցիչները ամեն ինչ արել են, որ նիստը վաղը նշանակվի, բայց իր պնդմամբ՝ այն կկայանա այսօր՝ ժամը 20:00-ին:
Միհրան Պողոսյանը նաև պարզաբանեց, թե ինչու է այս գործը կոչվում վարչապետի օծանելիքների քրեական գործ. «Այս ամբողջը մեկ քրեական գործ է: Նոյեմբերի 9-10-ին տեղի ունեցած իրադարձությունները, վարչապետի՝ օծանելիք հափշտակելը, վարչապետի վարորդական իրավունքը հափշտակելը, Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելը կպցրել են մեկ մեծ քրեական գործի մեջ, որ հստակ չլինի, թե ինչ են քննում, ու այս գործում ներգրավեն իրենց համար ոչ ցանկալի անձանց: Այս գործը որևէ պարագայում չի կարող հեռանկար ունենալ: Երբ վարչապետը դատավորների հետ անօրինական հանցագործ հավաքի ժամանակ հայտարարում է, որ քննվող գործով կա հիսուն մեղադրյալ, 22 կալանավորման մերժումներ, արդյոք մեզ այդ վիճակը ձե՞ռք է տալիս, այդ պարագայում քաղաքական հսկողությունն այս գործի հանդեպ ակնհայտ է: Ոնց քաղաքական նպատակով է հարուցվել այս գործը, այնպես էլ քաղաքական իրավիճակի փոփոխության պարագայում այս գործը աղբ է դիտվելու»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ