«Առանց Նիկոլ Հայաստան»,- այս վանկարկումով մի խումբ քաղաքացիներ փակել էին դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող խաչմերուկը և պահանջում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Նրանք մեկ րոպե դադարեցրին բողոքի գործողությունները՝ հարգելով հարակից գյուղերից մեկում զոհված 19-ամյա Գարեգինի հիշատակը. այսօր նրա հոգեհանգստի արարողությունն է:
Ոստիկանները հորդորեցին դադարեցնել ցույցը՝ պատճառաբանելով, որ այն անօրինական բնույթ է կրում: Քաղաքացիները խնդրեցին տասը րոպե ժամանակ տրամադրել, որպեսզի իրենք իրականացնեն իրենց անհնազանդության ցույցը՝ փակելով ճանապարհը:
Շուրջ տասը րոպե դեպի օդանավակայան տանող խաչմերուկը փակ էր: Բողոքի ցույցի մասնակիցներից մեկը հայտարարեց. «Ուզում եմ դիմել Նիկոլ Փաշինյանի վարչակարգը սպասարկող մարդկանց, որոնք մինչև այսօր մնացել են Նիկոլ Փաշինյանի կողքին: Երեկ գիշեր տեղի ունեցած դեպքերը ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ցանկացած պահի լքել հայրենիքը՝ այստեղ թողնելով մնացածին: Բայց մնացածի համար ճանապարհ չի լինելու Հայաստանից դուրս: Մնացած բոլորը, որոնք այսօր Փաշինյանի կողքին են, մնալու են Հայաստանում և պատասխան են տալու օրենքի առաջ, օրենքի ողջ խստությունն ազդելու է նրանց կայացրած ցանկացած որոշման վրա»:
Կարդացեք նաև
Ցուցարարները վստահեցրին՝ չի լինելու մեկի համար ճանապարհ Հայաստանից դուրս, որը, լինելով Նիկոլի Փաշինյանին հանցակից, ուղղակի կկարողանա լքել երկիրը և մնալ անպատիժ: Թե′ իմքայլականները, թե′ նրանց շրջապատի մարդիկ պետք է վստահ լինեն, որ մնալու են ու պատասխան տալու օրենքի առաջ:
Ցուցարարները հավաստիացրին՝ իրենց բողոքի գործողությունները շարունակելու են այնքան ժամանակ, մինչև, իրենց բնորոշմամբ, դավաճանը կհեռանա: Հարցին՝ պայքարի այս մեթոդը կօգնի՞, ցուցարարներից մեկը պատասխանեց. «Այո, քանի որ Հայաստանում դեռ կան մարդիկ, որոնք դեռ մոլորության մեջ են, հավատացել են խաբեբա վարչապետին , հավատացել են, որ նա կարող է փոփոխություններ բերել: Այժմ մարդիկ սթափվել ու հասկանում են, որ այն, ինչ տեղի ունեցավ այս երկուսուկես տարիներին, սուտ ու կեղծիք էր, խաբեբա Նիկոլը պետք է հեռանա: Նա խաբել է մեզ և խաբեության երկու տարիներին իր իշխանությունը երկարաձգել է: Ինչքան շատ մնաց Նիկոլ Փաշինյանը, այնքան մենք հայրենիք ենք կորցնելու»:
Ցուցարարը վստահեցրեց՝ ժամանակ չունեն: Նիկոլ Փաշինյանը իր մնալով չի նպաստելու, որպեսզի մենք մեր հայրենիքը և այն տարածքները, որոնք կորցրել ենք, վերադարձնենք: Նա ամփոփեց. «Ժամանակ չունենք: Մեր երեխաների դիերը սահմանից այն կողմ թափվել են, ու մենք չենք կարողանում վերադարձնել ծնողներին»:
Խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ վեց ամիս ժամանակ խնդրելու մասին և ճանապարհային քարտեզի առիթով, նա ասաց. «Թողնենք վեց ամիս մնա, որ ի՞նչ անենք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ