Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա բոյկոտ պետք չէ անվանել, այլ կոնֆրոնտացիա Արևմուտքի հետ». Հովսեփ Խուրշուդյանը՝ Ալիևի՝ համանախագահներին ուղղված խոսքերի առիթով

Դեկտեմբեր 13,2020 17:27

«Եթե Իլհամ Ալիևը բոյկոտեր, համանախագահների հետ չէր հանդիպի, ամեն դեպքում հանդիպել է, ուղղակի ատամ է ցույց տվել»,- Aravot.am-ի հարցին՝ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե ինքը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին Բաքու չի հրավիրել, ցույց չի՞ տալիս, որ Ադրբեջանը բոյկոտում է Մինսկի խմբի ձևաչափը, այսպես պատասխանեց «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը:

Ըստ նրա՝ Ալիևը կամակորություն անելու դեռ որոշ ժամանակ ունի՝ մինչև ԱՄՆ-ում իրավիճակը կարգավորվի, բայց նաև նշեց՝ կարծես փորձում է չարաշահել այդ ժամանակը. «Դա բոյկոտ պետք չէ անվանել, այլ կոնֆրոնտացիա Արևմուտքի հետ: Վստահ եմ՝ իրեն հովանավորել է Էրդողանը, եթե ոչ նաև Պուտինը: Պուտինի մասով չեմ կարող վստահ ասել, բայց Էրդողանի մասով վստահ եմ, քանի որ Բաքվում նրա ելույթը  ուղղված էր նաև Արևմուտքի դեմ, երբ նա ասում էր, որ տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնում են արեւմտյան իմպերիալիստները:

Այնպես որ, ինքը հիմա փորձում է հասկացնել Արևմուտքին, որ Արցախի հարցի կարգավորման արևմտյան սցենարը՝ այսինքն՝ մադրիդյան սկզբունքների հիմքով կարգավորումը, որը որոշակի հստակ ձևաչափ է նախատեսում, որի մաս է կազմում միջազգային խաղաղապահ ուժեր մտցնելը Արցախի այն տարածքներ, որոնք մինչև 2020-ի սեպտեմբերի 27-ը տնօրինել է Արցախը, ինքը փաստորեն հասկացնում է, որ դրան համաձայն չէ:

Էլ չասած կարգավիճակի հարցը, որ Մինսկի խմբի ձևաչափում նախատեսվում է այդ հարցը լուծել բանակցությունների միջոցով, էլ չեմ խոսում նաև հանրաքվեի հնարավորության մասին էր արձանագրված: Եվ պատահական չեն Ֆրանսիայի սենատի և ԱԺ-ի որոշումները Ադրբեջանին և ՌԴ-ին հասկացնում էին, որ եթե Մինսկի խմբի պայմանավորվածությունները խախտվելու են, ապա Ֆրանսիան կճանաչի Արցախի անկախությունը՝ այսինքն՝ կգնա կոսովոյացման ճանապարհով։ Կոսովայացման հնարավորության մասին ուղերձ է պարունակում նաեւ Բելգիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը Ադրբեջանի իրագործած պատերազմական հանցագործությունների մասին»:

Մեր հարցին՝ Ադրբեջանի կողմից Ձեր բնորոշմամբ կոնֆրոնտացիայի գնալը ի վնաս մե՞զ է, թե՞ ի վնաս Ադրբեջանի, Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց. «Դա կախված է նրանից, թե որքանով ամուր կգտնվի Հայաստանում իշխանությունը: Տեսեք, Ալիեւի այդ չարաշահումն ուղեկցվում է ինֆորմացիոն տեռորով հայ հասարակության հանդեպ, որը սնուցվում է նաև որոշակի ռազմական գործողություններով, որը տեսանք Խծաբերդի ուղղությամբ: Այսինքն՝ ամեն ինչ արվում է, որ այստեղ ներքաղաքական իրավիճակն ապակայունանա եւ տեղի ունենա իշխանափոխություն, և ՌԴ կամակատար իշխանություն գա, որը կհամաձայնի առանց Մինսկի խմբի ձևաչափի ամրագրել եռակողմ հայտարարության մեջ առկա դրույթները պայմանագրի ձևով:

Այսինքն՝ հարցը փակել, թողնել միայն հումանիտար խնդիրների մեջ միջազգային կազմակերպությունների մասնակցությունը, ինչում Մոսկվան էլ է շահագրգիռ: Դրանով ամրագրվում է, որ բացի ռուսական զորքերից, այլ խաղաղապահ զորքեր Արցախում չեն լինելու, իսկ դա նշանակում է՝ Հադրութի շրջանի, Շուշիի, մնացած յոթ շրջանների կարգավիճակի հարցը վերջնականապես փակվելու է, որ այնտեղ մնալու են ադրբեջանական զորքերը, և հայերն էլ, եթե ուզում են ապրել այնտեղ, պետք է դառնան Ադրբեջանի քաղաքացի. ով ուզում է, թող գնա Հադրութում ապրի, ինչպես Ալիևն ասում էր: Դա այն սցենարան է, որին դեմ են Մինսկի խմբի համանախագահները և որին կողմ է Ադրբեջանը, ու փաստացի կողմ է նաև Ռուսաստանը»:

Մեր փաստմանը՝ բայց այդ հայտարարության տակ ստորագրել է հենց Նիկոլ Փաշինյանը, Հովսեփ Խուրշուդյանն այսպես արձագանքեց. «Դրանում նախ որևէ խոսք չկա կարգավիճակի վերաբերյալ, որևէ սահմանափակում չկա՝ այն զորքերը, որ այնտեղ կան՝ ռուսական, լրացնել միջազգային խաղաղապահներով մնացած տարածքներում, և վերջապես այդ հայտարարությունը ստորագրվել է կրակը դադարեցնելու համար: Այն վավերացված չէ ՀՀ-ի և Ադրբեջանի խորհրդարանների կողմից: Դա պայմանագիր, համաձայնագիր չէ, դա հայտարարություն է»:

Արձանագրեցինք՝ բայց դրա դրույթներն իրականացվում են, նա այս առիթով նշեց. «Դե ֆակտո հայտարարության ոչ բոլոր կետերն են կատարվել, և հնարավոր չէ միանգամից բոլորը կատարել՝ հատկապես Բերձորի/Լաչինի՝ երեք տարում Ադրբեջանին հանձնելը՝ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի՝ այդ քաղաքը շրջանցող հատված կառուցելուց հետո։ Կամ Մեղրիով ճանապարհ տալու եւ ընդհանրապես կոմունիկացիաների փախադարձ ապաշրջափակման հարցերը։ Դեռ չի կատարվել եւ դանդաղ է առաջ գնում նաև գերիների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակումը: Գործընթացը սկսել է, բայց ձևական, որպեսզի ցույց տան, որ սաբոտաժ չեն անում: Բայց այս ամենը Մինսկի խմբի շրջանակներում կարգավորմանը չի խոչընդոտում, և դա հաստատել են նաև հակամարտող կողմերը եւ Ռուսաստանը»:

Ըստ Հովսեփ Խուրշուդյանի՝ ՌԴ-ն չի կարող հրաժարվել Մինսկի խմբից, որովհետև այն իրեն պետք է նաև Թուրքիայի մուտքը Կովկաս սահմանափակելու համար, քանի որ ինքը միայնակ այդ հարցը լուծել չի կարողանում, մյուս կողմից նաև Արևմուտքի ճնշումների տակ չընկնելու համար և ուղղակի Արևմուտքի առաջ դուռը չփակելու, որը էլի իր համար վտանգավոր է, քանի որ թուլացած է, լրացուցիչ սանկցիաները չի ձգի. «Դրա համար ՌԴ-ն մի բան ասում է, բայց այլ բան անում է, այդ թվում՝ նաև իր լրատվական խոսնակների եւ Ալիևի միջոցով: Այսօր բոլոր ռուսական ԶԼՄ-ները տեղեկատվական տեռոր են անում ՀՀ իշխանության դեմ, որ շտապ փոխվեն, և իր կամակատար իշխանություն ձևավորի այստեղ Ռուսաստանը, որ Արևմուտքի դեմ Արցախում ոչ թե Մոսկվան դուռը փակի, այլ Երեւանը»:

Մեր հարցին՝ իսկ ի՞նչ է արել ՀՀ իշխանությունը, որպեսզի այս դուռը բաց մնա, մանավանդ որ մենք տեսանք, թե Արևմուտքն ինչպես արձագանքեց պատերազմին և նաև արձանագրում ենք, որ Թուրքիան և Ադրբեջանը հասան իրենց նպատակին. Մինսկի խմբին այս հակամարտությունից դուրս թողեցին, նա հակադարձեց. «Դուրս չմնաց: Դուրս կմնար, եթե Ալիեւը ոչ թե ասեր՝ չեմ հրավիրել Մինսկի խմբի համանախագահներին, այլ պաշտոնապես ասեր, որ մենք դուրս ենք գալիս Մինսկի խմբի ձևաչափից, ինչը որևէ կողմ չի ասել: Ավելին, ՌԴ-ն՝ որպես եռակողմ հայտարարության մոդերատոր, այնուամենայնիվ, ընդունել է, որ Մինսկի խումբը շարունակում է գործել, և դրա շրջանակներում է լուծվելու այս հարցը»:

Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների արածին՝ ըստ մեր զրուցակցի՝ ՀՀ-ն և Արցախը դիմադրել են պատերազմում, քանի որ ամենասկզբից է դրված եղել ՀՀ-ի առաջ Լավրովի պլանի այնպիսի տարբերակ, որին Մինսկի խմբի մյուս համանախագահները կողմ չեն եղել՝ այսինքն՝ ոչ միայն առանց կարգավիճակի ճշգրտման տարածքները Բաքվին հանձնելու, այլեւ Արցախում ռուսական, այլ ոչ թե միջազգային զորքեր տեղակայելու:

Նա հիշեցրեց, որ պատերազմի առաջին օրերին Սոլովյովի հարցին, թե համաձայն կլինե՞ք կանգնեցնել պատերազմը ռուս խաղաղապահների մուտքով, Մասիս Մայիլյանը պատասխանել էր, որ դեմ են այդ տարբերակին, քանի որ դառը փորձ կա՝ կապված «Կոլցո» օպերացիայի հետ:

Հայաստանի եւ Արցախի պատերազմում չհանձնվելը, դիմադրելը նաեւ Արևմուտքին հնարավորություն տվեց ներգրավվելու, վճռական քայլեր կատարելու այն կանգնեցնելու ուղղությամբ: Արևմուտքի պատասխանատվությունը նրանում է, որ թեև Ֆրանսիան և ԱՄՆ-ն Ադրբեջանի և Թուրքիայի վրա որոշ ճնշումներ գործադրելով փորձեցին կանգնեցնել պատերազմը, բայց դրանք բավական չէին։

Մյուս կողմից գոնե ԵՄ մակարդակով բաց տեքստով հասկացվում է՝ երբ մեղադրում եք մեզ, թե ինչու չօգնեցինք ձեզ, պետք է հասկանաք, որ ռազմական օգնություն չէինք կարող ցուցաբերել, ՀՀ-ն ՀԱՊԿ-ի, ոչ թե ՆԱՏՕ-ի անդամ է, և ՌԴ-ն պիտի այդ ամենն աներ»:

Հովսեփ Խուրշուդյանը կարծում է՝ եթե միայն Ադրբեջանը լիներ, Արևմուտքը կկարողանար զուտ քաղաքական ճնշմամբ կանխել պատերազմը, բայց Թուրքիան բավականին ուժեղ պետություն է և մի անգամ արդեն դիմակայել է ԱՄՆ-ին. օրինակ՝ հրաժարվեց ամերիկյան F-35 ինքնաթիռներից միայն նրա համար, որ ռուսներից հակաօդային պաշտպանության Ս-400 համակարգեր գնի: Նրա համոզմամբ՝ Արևմուտքի թերացումն այն էր, որ ավելի մեծ ջանքեր չգործադրեց, այդ թվում՝ Արցախի ճանաչում:

Հովսեփ Խուրշուդյանի դիտարկմամբ՝ Արևմուտքն էլ կոնսոլիդացված չէր, քանի որ ԱՄՆ-ում, որը Արևմուտքի առաջամարտիկն է, տիրապետում էին իզոլյացիոներները, որոնք ասում էին՝ մենք ԱՄՆ խնդիրներով պետք է զբաղվենք. գործ չունենք այլ երկրների խնդիրների հետ. «Մերձավոր Արևելքից ԱՄՆ-ն գրեթե ամբողջությամբ դուրս էր եկել՝ առաջացնելով ուժային վակուում, որը սկսեցին լցնել Թուրքիան և Ռուսաստանը: Հիմա, երբ ասում եմ՝ Ադրբեջանը մեկ- մեկուկես ամիս ժամանակ ունի, նկատի ունեմ մինչև Բայդենի վարչակարգի հաստատվելը, իսկ նա բավականին թափանցիկ ասում է՝ ինչ է պատրաստվում անել ԱՄՆ արտաքին քաղաքականության հետ կապված. այսինքն՝ վերադառնալ բոլոր այն տեղերը, որտեղից ԱՄՆ-ին հանել է Թրամփը և ակտիվացնել նաև ԵՄ-ի հետ համագործակցությունը: Դա նշանակում է կոնսոլիդացնել Արևմուտքը որպես միասնական ուժային կենտրոն: Այդ ժամանակ արդեն ոչ մի եվրոպական երկիր չի դիմադրի այդ կոնսոլիդացման գործընթացներին: Դա նշանակում է՝ ավելի կոշտ ճնշումներ կարող են գործադրել թե′ Թուրքիայի, թե ′ Ադրբեջանի վրա: Ընդհուպ նաև, եթե օրինակ լավագույն սցենարը վերցնենք, ռազմական ճնշումները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031