Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմում եմ «Իմ քայլին»․ ձեր մեջ ուժ գտեք՝ անելու անհրաժեշտ փոփոխությունները՝ ձեր նախաձեռնությամբ․ Աշոտ Բլեյան

Դեկտեմբեր 13,2020 16:55
bleyan

«Նոր ուղու» հայտարարություն

«Հայաստանում հետպատերազմյան այս փուլում հանրային սուր հարցադրումները և զգացմունքային քննարկումները անխուսափելի են։ Ի վերջո կատարվել է ամենասարսափելին, աղետալին՝ մենք թույլ ենք տվել մի պատերազմ, մեծագույն մի ողբերգություն, որի դեմը պիտի առած լինեինք։

Մեղքերը՝ Հայաստանի ու Արցախի իշխանությունների, յուրաքանչյուրիս բաժինը, ակնհայտ են։ Սակայն զուր են հանրային սուր բանավեճերը, մեր հասարակության խմորումները, դաժան առերեսումները իրականության և ճշմարտության հետ, եթե յուրաքանչյուրս իր տեղում չի գործում իր ամբողջ պատասխանատվությամբ։

Անգամ իշխանության փոփոխությունը ոչինչ չի տա առանց ներհայաստանյան հաշտության։
Գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, որովհետև նա չարեց ամենակարևորը՝ չբացառեց պատերազմը. սա հասկանալի է։

Դիմում եմ Ազգային ժողովին, իշխող խմբակցությանը՝ «Իմ քայլին»։ 2018-ին դուք ձևավորվել էիք որպես թարմության, փոփոխության ուժ, ոչ որպես մեկ հոգու խմբակցություն։ Ձեր մեջ ուժ գտեք՝ անելու անհրաժեշտ փոփոխությունները, ձեր նախաձեռնությամբ։ Սա կբերի երկրում կառավարելիության վերականգնմանը, և հանրային հուզումների հանդարտեցման միջավայր կհաստատի։

Իսկ բարդ քննարկումներ և շատ-շատերի համար դժվար ձևակերպումներ այսուհետ լինելու են շատ երկար ժամանակ. դրանից պետք չէ վախենալ։ Մենք հիմա պետք է սովորենք ապրել հազարավոր վիրավոր մեր 18-20 տարեկանների հետ, պատերազմին մասնակցած ու լրիվ ուրիշ մարդ տուն վերադարձած մեր տղաների հետ, որոնց մեջ քիչ չեն նաև Բլեյան դպրոցի սաները։

Մենք՝ որպես սերունդ, պետք է փորձենք նրանց ներումին արժանանալ ոչ միայն նրանց կյանքի ու կենցաղի հնարավորինս բարելավելու մեր ջանքերով, սա ենթադրվում է, այլև ի վերջո փոխելով մեզ ներսից, նրանց հետ ապրենք հասարակական հաշտության-համակեցության պայմաններում…»:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանը ի շարունակություն այս հայտարարության՝ իր բլոգում մասնավորապես գրել է. «Ի՞նչն է խանգարում, որ «Իմ քայլը»՝ իր առաջնորդ, ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ Ազգային ժողովում, ուղիղ հեռարձակմամբ, հրապարակված-քննարկված նախագծով, որոշում կայացնի արտահերթ ընտրությունների մասին, հավաստի, արդար ընտրությունների օրվա ու սպասարկման օրացույցով… Ի՞նչն է խանգարում, որ անձնային կյանքի անձեռնմխելիության երաշխիքով, ԱԺ պատգամավորների բնականոն գործունեության երաշխավորությամբ, Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա։ Ու Ազգային ժողովն ուղիղ հեռարձակմամբ վարչապետի երեք միլիոն թեկնածուից ընտրի նրան, ով ՀՀ Սահմանադրությամբ, օրենքով կկառավարի Հանրապետությունը արտահերթ ընտրություններով որոշված ժամկետում․․․ Ի՞նչ է խանգարում, որ ժամանակավոր կառավարությունը ուղիղ հեռարձակմամբ Ազգային ժողովին ներկայացնի իր կառավարության անդամներին ու կառավարության ծրագրերը, գործողությունների պլանը»:

Եվ հավելել է. «Մեզ օդ ու ջրի պես ներհայաստանյան հասարակական համաձայնություն է անհրաժեշտ։ Հիմա, առանց փողոցի պարտադրած վախի, ուղիղ հեռարձակմամբ, որպես յուրաքանչյուրիս ընտրություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031