Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանի պանթուրանիստական հոխորտանքը Բաքվում կսթափեցնի՞ Իսլամական Իրանին

Դեկտեմբեր 13,2020 15:23
turqia

Ինչպես հայտնի դարձավ, նոյեմբերի 10-ին Բաքվում ղարաբաղյան ռազմական գործողությունների ավարտի առիթով շքերթին, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Էրդողանը կարդացել է Իրանի ու Ադրբեջանի սահմանով անցնող  Արաքս գետի մասին անջատողական թեմայով մի դասական՝ պանթուրանիստական բովանդակությամբ բանաստեղծություն:

Բանստեղծությունն ակնարկում է Կովկասի թաթարներին (Ադրբեջան) և Իրանի Ատրպատական նահանգներին բաժանող Արաքս գետին, որը տարածություն է ստեղծել երկու այսպես կոչված «Ադրբեջան» տարածքների մեջև, և որ պետք է այդ տարածքները միավորվեն ու դառնան մեծ Ադրբեջան։ Ի արկե չպետք է կասկածել, որ Էրդողանի բուն նպատակը և միտումը այդ բանաստեղծությունը կարդալուց Մեծ Թուրան կայսերության ստեղծում է՝ Նորօսմանական նկրտումների հովանու ներքո։

Այս կապակցությամբ կարելի է ասել, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից «Արազ» բանաստեղծության ընթերցումը վկայում է  նրա պանթուրանիստական և նորօսմանական նպատակների մասին, որն արդեն իսկ դրսևորվել է Կիպրոսի, Լիբիայի, Պաղեստինի, Սիրիայի և Իրաքի նկատմամբ Անկարայի վարած ագրեսիվ արտաքին քաղաքականության մեջ: Էրդողանի խոսքերն Իրանում շատերն ընկալել են որպես պանթուրքիզմի գաղափարների բացահայտ հռչակում, որոնք սպառնում են Իրանի Իսլամական Հանրապետության տարածքային ամբողջականությանը:

Չնայած Կովկասյան տարածաշրջանում և արցախյան պատերազմի ֆոնին որդեգրած կրավորական և երկդիմի դիրքորոշմանը, Իրանը շատ ուշ սթափվեց և զգաց իր սահմանների մոտ վտանգի և թուրք-ադրբեջանական տանդեմի սպառնալիքը, այն էլ Բաքվում Էրդողանի անհեթեթ պանթուրանիստական հայտարարության հետ կապված։ Սակայն առավել զարմանալի է Իրանի դիվանագիտական ապարատի արձագանքման մեկ այլ երևույթը, որը Իրանի արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆի կողմից թվիթերյան պատասխանն էր Էրդողանին։

Դիվանագիտական ընդունված նորմերի համաձայն, նման դեպքերում ցանկացած երկրի պետական մարմինների կոշտ արձագանքը լինում է կառավարական պաշտոնական կառույցների ճանապարհներով, սակայն Մոհամեդ Ջավադ Զարիֆի հապճեպ թվիթերյան գրառումը վկայում է, որ Իրանի արտգործնախարարը իրոք զայրացած և վշտացած է զգացել իրեն Էրդողանի կոպիտ ու գռեհիկ հայտարարության կապակցությամբ։

Նոյեմբերի 11-ին Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ չնայած բողոքն արտահայտելու համար գոյություն ունեցող բազմաթիվ տարբերակներին, Իրանի ԱԳՆ-ն Թվիթերի միջոցով է դիմել Թուրքիային: Սա նաև ցույց է տալիս, որ Իրանի պետական պաշտոնյաները ղարաբաղյան պատերազմից հետո և հաշվի առնելով իրենց միակողմանի մոտեցումը, ի պաշտպանություն Ադրբեջանի ակնկալում էին, որ Ադրբեջանի մեծ եղբայր «նորօսմանյան» Թուրքիայի կողմից կարժանանան համարժեք գնահատանքի, և Թուրքիան ու Ռուսաստանը Իրանին ևս կներգրավեն Կովկասյան տարածաշրջանի համար նախատեսված իրենց քաղաքական հավասարումներում և տնտեսական պլաններում։

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը նոյեմբերի 11-ին Թվիթերում պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի՝ Իրանի հասցեին ուղղված վիրավորական հայտարարություններին՝ գրելով, թե արդյոք Էրդողանը չի հասկացե՞լ, որ Ադրբեջանի ինքնիշխանության դեմ ուղղված հայտարարություն է արել, Զարիֆը միևնույն ժամանակ պատասխանել է. «Ոչ ոք չի կարող խոսել մեր սիրելի Ատրպատականի մասին»: Զարիֆի ակնարկը վերաբերում է Իրանի Ատրպատական նահանգներին։

Իրանի բողոքից հետո Թուրքիայի ԱԳ նախարարությունը կանչել է Անկարայում ԻԻՀ դեսպանին։
Թուրքիայի նախագահի սադրիչ հայտարարությունը բացասական արձագանքի  է արժանացել իրանցի փորձագետների ու քաղաքական գործիչների կողմից:

Այս համատեքստում, սակայն, չպետք է մոռանալ, որ նոյեմբերի 9-ին Թեհրանում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, իր գործընկերոջը շնորհավորելով Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով գրավված Արցախի տարածքների համար, ողջունել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաստատումը:

Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նաև քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը և խորացումը, միջազգային շրջանակներում երկու երկրների համագործակցությունը, Կասպից ծովի հետ կապված հարցեր, սահմանային համագործակցությունը, անվտանգությունը, ընթացիկ ծրագրերը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Նույն օրը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, գոհունակություն հայտնելով Լեռնային Ղարաբաղում գրավյալ տարածքների վերադարձը Ադրբեջանին, ասաց՝ Իրանը շահագրգռված է մասնակցել պատերազմական գոտիների վերականգնմանը ՝ հաշվի առնելով Իրանի փորձը և տեխնիկական և ինժեներական հնարավորությունները:

Նոյեմբերի 9-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության հարցում Իրանի Իսլամական Հանրապետության հստակ դիրքորոշմանը և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը, շնորհավորելով Արցախի տարածքների գրավումը՝ Ադրբեջանի կողմից գոհունակություն է հայտնել ղարաբաղյան պատերազմը ավարտվելու և հրադադարի հաստատման  կապակցությամբ:

Կարևորելով Իրանի և Ադրբեջանի սահմաններից տնտեսական ու առևտրային համագործակցությունների զարգացման նպատակով օգտվելը, Ռոհանին նշել է. «Ղարաբաղյան պատերազմից տուժած տարածքների վերականգնմանն  Իրանի  մասնակցությունը բխում է երկու երկրի շահերից»:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը եղբայրական ու դրական է բնութագրել Թեհրան-Բաքու հարաբերությունները: «Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի Ադրբեջանի Հանրապետության հետ հարաբերությունները զարգացնելու մեծ կամք»,- ասել է Իրանի նախագահը:

Ջեյհուն Բայրամովի՝ Թեհրան կատարած մեկօրյա այցի ընթացքում Իրանի այլ պետական բարձրաստիճան պաշտոնատարների հետ նրա ունեցած հանդիպումների ընթացքում իրանցի դիվանագետների շուրթերից բազմիցս լսվեցին նման շնորհավորական և հարաբերությունների խորացման հայտարարություններ, ինչը վկայում է, որ Իրանը փորձում է Թուրքիայի ներկայությունը տարածաշրջանում օգտագործել Ադրբեջանի հետ համատեղ տնտեսական և տրանսպորտային ծրագրեր իրականացնելու համար կովկասյան տարածաշրջանում։ Սակայն, Իրանի իշխանությունները կրկին սխալվեցին իրենց հաշվարկներում, քանի որ Կովկասյան տարածաշրջանում Թուրքիայի դիրքերի ամրագրումը ոչ միայն չի օգնի Իրանին ԱՄՆ-ի ու Արևմուտքի քաղաքա-տնտեսական պատժամիջոցներինց դուրս գալուն, այլև Թուրքիան կփորձի մոտենալով Ռուսաստանին և ԱՄՆ-ին, Իրանին դուրս մղել Կովկասյան տարածաշրջանի գեոպոլետիկական և տնտեսական նախագծերից։

Անկասկած, այս բանաստեղծությունը, ներառյալ Հայաստանի ներքին գործերին Էրդողանի միջտողական հայտարարությունները ցույց է տալիս Թուրքիայի նախագահի էքսպանսիոնիստական ​​խառնվածքը, որը նախկինում բազմիցս ռազմական ոտնձգություններ է իրականացրել, Կիպրոսի, Լիբիայի, Միջերկրական ծովի արելյան հատվածի, Իրաքի և Սիրիայի հյուսիսային տարածքներում, ինչպես նաև փորձել է տապալել Իրանի դաշնակից և դավանակից Սիրիայի իշխանությունը և խորտակել Սիրիայի հարցով Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ Աստանայի եռակողմ ձևաչափով խաղաղության բանակցությունները:

Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի տարածքում վերջին ռազմական բախման սկզբից ի վեր տարբեր երկրներ, այդ թվում ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և ԵԱՀԿ Մինսկի խումբը, ձեռնարկել են գործողություններ՝ հակամարտությունը դադարեցնելու և քաղաքական ճգնաժամի կարգավորման նախաձեռնությունը ստանձնելու ուղղությամբ: Ռուսաստանի միջնորդությամբ նոյեմբերի 9-ին վերջապես հանգեցրին հրադադարի հայտարարությանը:

Մյուս կողմից Թուրքիան իր ակտիվ ներկայությամբ պատերազմում, ինչպիսիք են Բաքվին աջակցելը, թաքֆիրական ահաբեկիչներին Սիրիայից կովկասյան տարածաշրջան ուղարկելը և սերտ խորհրդակցելով Մոսկվայի հետ, կարողացավ իր նպատակներն ու մտադրությունները պարտադրել Ռուսաստանին, որը պատերազմը դադարեցնելու հիմնական միջնորդն էր:

Սակայն, Իրանի արտաքին քաղաքական ապարատը, Լեռնային Ղարաբաղում՝ Ադրբեջանի և հայկական բանակների ռազմական բախման սկզբից ի վեր լուրջ չի վերաբերվել այդ խնդրին և միայն կողմերին կոչ արեց դադարեցնել հակամարտությունը, և մինչև վերջին օրերն Իրանի արտաքին գործերի նախարարության կողմից ակտիվ դիվանագիտության նշաններ չկար բախումներին վերջ տալու և այդ համատեքստում Իրանի շահերը տարածաշրջանում ապահովելու համար:

Չնայած հայկական փորձագիտական շրջանակներից բազմիցս Իրանին զգուշացնում էին թաքֆիրական ահաբեկիչների ներկայության մասին Արցախի ռազմաճակատում և Թուրքիայի պանթուրանիստական գաղտնի գործողությունների վերաբերյալ Իրանի Ատրպատական նահանգներում, սակայն Իրանի իսլամական հանրապետության իշխանությունները հենվելով կրոնական դիվանագիտության սկզբունքների վրա ավելի շատ հակված էին պահպանել դավանկից շիա Ադրբեջանի շահերը տարածաշրջանում, չնայած որ շիա Ադրբեջանի պաշտոնական դաշնակիցներն էին սուննի Թուրքիան և Իսրայելը, գումարած իրանցիների ոխերիմ թշնամի արաբա-վահաբիական թաքֆիրական խմբերը։

Իսկ չմոռանալ, որ արցախյան պատերազմի առաջնագծում ադրբեջանական բանակի կողմից արյունալի մարտերի դաշտ էին նետվում Ադրբեջանի Հանրապետության իրանական ձագումով թալիշ և թաթ բռնաճնշված փոքրամասնություն ներկայացնող զինծառայողները։ Այստեղ ակնհայտ է դառնում Իրանի հակասական մոտեցումը նույնիսկ իր ազգային անվտանգության շահերի նկատմամբ։ Կապված արցախյան պատերազմի օրերին Իրանի դիվանագիտական քայլերին, վերջապես, Իրանում ամենակարևոր դիվանագիտական ​​շարժումը արտաքին գործերի փոխնախարար դոկտոր Սեյեդ Աբբաս Արաղչիի Բաքու, Երևան Մոսկվա և Անկարա այցերն էին և ճգնաժամի քաղաքական լուծման ծրագրի ներկայացումը, որն արվեց շատ ուշ:

Ղարաբաղյան ճգնաժամի մեջ ներգրավված կողմերն լուրջ չէին վերաբերվում Իրանի անորոշ ու միակողմանի առաջարկներին, իսկ չմոռանալ որ Իրանի պտվիրակության այցն արվեց ցածր մակարդակով, ինչը ոչ մի արդյունքի չհանգեց շահգրգիռ կողմերի համար, որի հետևանքները եղավ Էրդողանի արհամարական մոտեցումը Իրանի նկատմամբ:
Սակայն, աշխարհաքաղաքական շահերը հաղթահարել են այն փաստը, որ Թուրքիան և Ադրբեջանը իսլամի առավել հաճախ թշնամական սուննի և շիա երկու ճյուղերն են:

Թուրքիան և Ադրբեջանը ունեն էթնիկական և լեզվական կապեր և նկարագրվում են որպես «երկու պետություն, մեկժողովուրդ» սակայն կրոնական դավանաքի տեսակետից նրանք իսլամի երկու հակադիր դավանանքների են պատկանում:
Բայց այն, ինչ ներկայումս սպառնալիք է համարվում Իրանի ազգային անվտանգության համար, դա թաքֆիրական ուժերի և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի բանակայինների ներկայությունն է այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արցախի որոշ տարածքներում: Նաև Իսրայելի ստվերային ռազմական և լրտեսական ներկայությունն Իրանի շիա դավանակից երկիր՝ Ադրբեջանում։

Վերջապես Իրանն ուշացումով է հասկացել, որ 2020-ի ղարաբաղյան պատերազմում այս երկու նոր դերակատարներ՝ Թուրքիայի և Իսրայելի ներկայությունից կարելի է ենթադրել, որ Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի նպատակները, այնպես որ շիա Ադրբեջանն է հավակնում գրավյալ տարածքների վերադարձի նախկին նպատակները չեն, որին սկզբից աջակցում էր Իրանը: Այժմ Իսլամական Իրանը խորապես մտահոգված է որ, Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի առաջին շարքում են Անկարայի նորօսմանական գաղափարական և սուլթանական սպառնալիքը և Թել Ավիվի ռազմավարական խորացումը տարածաշրջանում: Այժմ Իրանը լիովին շրջապատված է պանթուրանական-օսմանական գաղափարներով թուրքական երկու պետություններով իր հյուսիսային սահմաններում, որոնց աջակցում են Իսրայելը և սուննի արաբա-թաքֆիրական ահաբեկչական խմբավորուումները։

Ինչ վերաբերում է հայ-իրանական հարաբերություններին և հետագա զարգացումներին, Հայաստանի և Իրանի համար ստեղծված աշխարհաքաղաքական և անվտանգության առումով անբարենպաստ պայմանները կողմերին ստիպում է ավելի սթափ մոտեցում դրսևորել համատեղ շահերն ապահովելու համար։ Այս մոտեցումը պետք է դառնա Իրանի և Հայաստանի իշխանությւոնների լուրջ դիսկուրսը և երկու երկրների քաղաքկան ղեկավարությունները լրացնելով անցյալի հարաբերությունների բացերը, նոր հողի վրա կառուցեն հետագա ռազմավարական, տնտեսական, քաղաքական և աշխարհաքաղաքական համատեղ շահերը ներկայացնող ուղեքարտեզ, որը կբխի երկու երկրների միասնական շահերից ու հետագա նպատակներից տարածաշրջանում։

Սահակ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ 
ԼՐԱԳՐՈՂ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ
Իրան, Թեհրան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031