Դեկտեմբերի 2-ից՝ ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ջեռուցման համակարգի անսարքությունները վերացվել են եւ ներկայումս մասնաշենքի կենտրոնացված ջեռուցումը իրականացվում է պատշաճ կերպով։
Այս մասին Aravot.am-ին ուղարկած հարցման պատասխանում նշել է քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արտակ Ղազարյանը։ Հիշեցնենք, որ չնայած նոյեմբերի 15-ից սկսվել էր ջեռուցման ժամանակաշրջանը, բայց դատապարտյալները բողոքում էին, որ ջեռուցման մարտկոցները սառն են։
Ի դեպ, ըստ «Արմավիր» ՔԿՀ-ում պատիժ կրող անձանց, կաթսայատան անսարքությունները դեռեւս գարնանն էին ի հայտ եկել, ու հետաքրքիր է, թե ինչու միայն նոյեմբերին սկսեցին նորոգման աշխատանքները։
Ավելացնենք նաեւ, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ժամերով հոսանքազրկվում է «Արմավիր» ՔԿՀ-ի շենքը։ Այնտեղ գտնվողները կատակով նշում են, որ իրենց մոտ «հովհարային անջատումների ժամանակաշրջանն է»։
Կարդացեք նաև
ՔԿԾ-ից տեղեկացրել են նաեւ, որ հանրապետության ՔԿ հիմնարկներում ջեռուցումը իրականացվում է առանց խափանումների։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ