Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի թեմայով քաշքշուկ Գյումրիում՝ ընդդիմադիրների ցույցի ժամանակ

Դեկտեմբեր 12,2020 15:30

Այսօր ընդդիմադիրները՝ ՀՅԴ-ականներն ու «Հայրենիք» կուսակցության մի քանի ներկայացուցիչներ մի քանի րոպեով փակել էին Գյումրի-Մայիսյան միջպետական ճանապարհը՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք ճանապարհը բացեցին ոստիկանների հորդորով։

Ցույցի մասնակիցներից մեկը՝ ՀՅԴ-ական Մկրտիչ Բաղդասարյանն ասում էր, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող իր վարչապետը լինել, քանի որ նա ուրացավ իր ու իր ընկերների թափած արյունը։

«Իմ ընկերների գերեզմանները, որոնք մնացել են Հադրութում, Շուշիում, ես այդ վարչապետին չեմ ընդունում ու կոչ եմ անում իմ բոլոր մարտական ընկերներին միանալ մեզ, որպեսզի դուրս գանք այս խայտառակ իրավիճակից»,- ասում էր Բաղդասարյան Մկրտիչը։

«Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Մկրտչյանն էլ, որը մասնագիտությամբ տնտեսագետ է, ասաց․ «Գործող վարչակազմը՝ վարչապետի գլխավորությամբ պիտի հեռանա։ Այստեղ աթոռակռվի կամ իշխանության զավթման թեմա չկա, այստեղ ազգապահպանման ու պետականության պահպանման խնդիր կա։

Մենք լուրջ վտանգի առաջ ենք կանգնած, ահագնացող վտանգն օր օրի մեծանում է, կորցրել ենք 10 հազար քառակուսի կիլոմետր տարածք, վտանգել ենք Արցախի պետականությունը, վտանգված է նաև Հայաստանի Հանրապետության պետականությունը։
Ադրբեջանական զինված հրոսակախմբերը օր օրի, քայլ առ քայլ ներխուժում են Հայաստանի Հանրապետություն։ Դա գալիս է նրանից, որ մենք Ադրբեջանի հետ չունենք սահմանագիծ, այսինքն՝ սահմանն այսօր որոշվում է GPS-ով։Գործող վարչակազմը, պարտված վարչակազմը ոչ մի քայլ չի անում։ Բարձիթողի վիճակ է, այստեղից դավաճանության հոտ է գալիս»,-ասաց Արթուր Մկրտչյանը։

Նա նաև նշեց, որ բացի ռազմական անվտանգությունից, այսօր ահագնանում է նաև մեր երկրի ֆինանսատնտեսական վիճակը․ հաշված ամիսների ընթացքում հայկական դրամն արժեզրկվել է 10 տոկոսով, որը նշանակում է՝ երկիրը նաև տնտեսական կոլապսի մեջ է։

Ըստ Արթուր Մկրտչյանի, ներկա վարչակազմը պիտի անցնցում հեռանա՝ երկիրը հանձնելով պրոֆեսիոնալ կառավարիչների։

Մինչ մենք հարցազրույց էինք անցկացնում, ճանապարհին միջադեպ տեղի ունեցավ․ մի վարորդ կանգնեց և հետաքրքրվեց, թե ի՞նչ ցույց է։ Երբ պարզաբանեցին, որ վարչապետի հրաժարականն են պահանջում, վարորդը շատ զայրացավ՝ ասելով․ «Դուք ո՞վ եք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջեք»։

«Դու ո՞վ ես»,- հակադարձեցին ցույցի մասնակիցները։ Վարորդը պատասխանեց․ «Ես՝ ես եմ»։ Սկսվեց լեզվակռիվ, ցույցի մասնակիցներից մեկը վարորդին հորդորեց ճամփան շարունակել՝ ասելով՝ «հո գիշերվա երազ չես»։ Վիճաբանության մեջ մտած վարորդը հակադարձեց․ «Գիշերվա երազը դու ես, այ տղա»։

Վիճաբանությունը վերածվեց քաշքշոցի, սակայն ոստիկանների միջամտությամբ իրավիճակն արագ շտկվեց։

«Գնա Նիկոլիդ հետ սահմանը պահե», -բացականչում էր ցույցի մասնակիցներից մեկը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031