Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոնստանտին Զատուլին. «Կարծում եմ, հայ ժողովուրդը անհրաժեշտ դասեր կքաղի եւ ճիշտ հետեւություններ կանի»․ «Ազգ»

Դեկտեմբեր 12,2020 09:50

Ռուս ճանաչված քաղաքական գործիչ, ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ, Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինին իրավամբ կարելի է դասել Հայաստանի եւ հայ ժողովրդի անկեղծ բարեկամների շարքին:

44-օրյա պատերազմական ծանր օրերին, երբ հայ ժողովուրդը կենաց-մահու պայքար էր մղում Լեռնային Ղարաբաղում, Հայաստանում մի առանձնակի հարգանքով ու համակրանքով էին վերաբերվում Կոնստանտին Զատուլինի հրապարակային ելույթներին, քանի որ նա փորձում էր քաղաքական բանավեճներում ասել ճշմարտությունն ու լայն հանրությանը բացատրել, թե ովքեր են հայերը եւ որքան թանկ է ղարաբաղյան ամեն մի թիզ հողը նրանց համար:

Մոսկվայում «Ազգի» հատուկ թղթակիցն օրերս հանդիպեց ճանաչված քաղաքական գործչին եւ խնդրեց պատասխանել մի քանի հարցերի:

– Հարգարժան պարոն Զատուլին, մեր զրույցն ուզում եմ սկսել մի անսպասելի հարցով. Ձեր մեջ հայի արյուն կա՞: Անկեղծ ասած, այս հարցն ինձ բազմաթիվ անգամներ տվել են ռուս եւ արտասահմանցի մի շարք լրագրողներ, մոսկովյան տարբեր ասուլիսների ընդմիջումներին: Նրանց փաստարկը մեկն է՝ Զատուլինը ատամներով է պաշտպանում հայերին, իսկ Հայաստանին եւ Արցախին նվիրված քաղաքական բանավեճերում համոզիչ փաստարկներով ջախջախում է իր հակառակորդներին:

– Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ բոլոր մարդիկ առաջացել են Ադամից եւ Եվայից, ապա Ձեր հարցի մեջ տրամաբանություն կա,- ժպտալով ասում է պարոն Զատուլինը:- Սակայն որքանով ինձ հայտնի է իմ նախնիների շուրջ 300-ամյա պատմությունը, մեր տոհմում հայեր չեն եղել: Շնորհակալություն, իհարկե, նման կարծիքի համար, բայց ես զտարյուն ռուս եմ:

Հայրս` Ֆյոդոր Իվանովիչ Զատուլինը եւ մայրս` Վերա Իվանովնա Զատուլինան (Ֆեդորովա), Դոնից են, նրանք թաղված են Սոչիում: Հայրս, ի դեպ, սահմանապահ զորքերի գնդապետ էր, անվտանգության մարմինների պատվավոր սպա:

Ես ծնվել եմ 1958-ին, Բաթումիում, բայց իմ մանկությունն անցել է Սոչիում, այնտեղ եմ ավարտել դպրոցն ու սկսել աշխատանքային գործունեությունս: 1977-ին տեղափոխվել եմ Մոսկվա` սովորելու Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում, որն ավարտել եմ 1981-ին` գերազանցությամբ, իսկ 1985-ին ավարտել եմ ասպիրանտուրան Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում:

Վերադառնալով Ձեր հարցին, ուզում եմ նշել, որ հայ ժողովրդին սիրելու համար պարտադիր չէ անպայման ազգությամբ հայ լինել: Ես իմ հասարակական եւ քաղաքական գործունեության ողջ ընթացքում ելույթներ եմ ունեցել ի պաշտպանություն սերբերի, աբխազների, օսերի, Հայաստանի եւ արցախահայության… Բացի այդ տառապյալ ժողովուրդների հանդեպ ունեցած իմ անձնական համակրանքից, ես համոզված եմ եղել նաեւ, որ դրանով պաշտպանում եմ իմ հայրենիքի` Ռուսաստանի շահն ու հետաքրքրությունները: Իսկ երբ խոսքը վերաբերում է հայերին, ապա իմ ասածին գումարվում է նաեւ հայ ժողովրդի հետ ռուս ժողովրդի ունեցած դարավոր բարեկամությունն ու եղբայրությունը: Եվ այն ցավը, տառապանքներն ու կորուստները, որ կրել է հայ ժողովուրդն իր պատմության ողբերգական քառուղիներում, ինձ, որպես ռուս մարդու, մտավորականի եւ պատմաբանի, որը լավ է տիրապետում պատմական եղելություննեին, այդ թվում նաեւ հայ ժողովրդի պատմությանը, անտարբեր թողնել չի կարող:

Ինչպես կարող ենք մենք մոռանալ 1915 թվականին տեղի ունեցած հայոց մեծ ցեղասպանությունը: Այդ ողբերգությունն ինձ տարիներով հանգիստ չէր տալիս: Ես եղել եմ Ռուսաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը վավերացնելու նախաձեռնողներից մեկը: Ռուսաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման իրավաբանական փաստն արձանագրվել է 1995 թվականի ապրիլի 14-ին, երբ ՌԴ Պետդուման միաձայն ճանաչեց «1915-1920թվականներին հայ ժողովրդի ցեղասպանությունը դատապարտելու մասին» հայտարարությունը եւ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի Հիշատակի օր ճանաչելու հռչակագիր ընդունեց: Այդ պատմական նիստի հիմնական զեկուցողը ես էի:

– 105 տարի անց, ցավոք, ինչպես համոզվեցինք սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմում, Թուրքիան նորից գլուխ է բարձրացնում` բացեիբաց աջակցություն ցուցաբերելով Ադրբեջանին` իր զինվորականներով, սպաներով, գեներալներով եւ ահաբեկիչ վարձկաններով, որոնք հազարներով բերվել են Ադրբեջան` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ կռվելու: Այլեւս ոչ մի կասկած չկա, որ Թուրքիան ցանկանում է եւս մեկ ցեղասպանություն իրականացնել, կրկնել այն, ինչ կատարվել է 105 տարի առաջ, որի միջոցով հայերը էթնիկական զտման են ենթարկվել եւ դուրս քշվել իրենց հայրենիքից: Ի դեպ, Թուրքիայի այս բացահայտ եւ ինքնագլուխ միջամտությունն ու Հարավային Կովկասում իր դիրքերն ամրապնդելու նենգ ու հեռահար նպատակները դատապարտեցին նաեւ ռուս բազմաթիվ քաղաքական գործիչներ:

– Այն իրողությունը, որ Ադրբեջանին աջակցում էր Թուրքիան, մեզ համար պարզ էր պատերազմի հենց առաջին օրը: Թուրքիան նաեւ ցանկանում էր խաղաղապահի դերակատարում ստանձնել Լեռնային Ղարաբաղում: Եվ պատահական չէր, որ այս հանգամանքը հաշվի առնելով` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս հայտարարեց, որ Թուրքիան, որքան էլ ցանկանա ու ջանքեր թափի, չի կարող Լեռնային Ղարաբաղում իրականացնել խաղաղապահական գործունեություն: Ու թեեւ Վլադիմիր Պուտինը չասաց, բայց ես կարող եմ ավելացնել, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղում անելիք չունի նաեւ այն պատճառով, քանի որ մինչ օրս ոչ այդ երկիրը եւ ոչ էլ Ադրբեջանը չեն ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: Իսկ ժամանակին Օսմանյան Թուրքիան գտնում էր, որ հայերը հուսալի մարդիկ չեն, ճիշտ է, ապրում են իրենց երկրում, սակայն հոգու խորքում երազանքներ փայփայելով եւ սրտատրոփ սպասում են ռուսական զորքին: Բազմաթիվ հայեր ենթարկվեցին անմարդկային կտտանքների եւ կնքեցին իրենց մահկանացուները: Սակայն նրանք, իրականում, Ռուսաստանի հետ մեծ հույսեր էին կապում, սպասում ռուսական զորքերի ժամանելուն: Այնպես որ, Թուրքիան այսօր, որպես խաղաղապահ առաքելություն իրականացնող, ոչ մի անելիք չունի Լեռնային Ղարաբաղում:

– 2020 թ նոյեմբերի 9-ին ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկությամբ` Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները Հայտարարություն ստորագրեցին` դադարեցնելով 44-օրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղում: Հայ ժողովրդի համար սա ամոթալի պարտություն էր, իսկ վավերացված փաստաթուղթն էլ շատերը համարում են կապիտուլյացիայի համաձայնագիր: Ի՞նչ կարող եք ասել այդ առնչությամբ: Դուք սպասո՞ւմ էիք նման ելքի:

– Ինձ համար անսպասելի էր ղարաբաղյան այս վերջին պատերազմի վախճանը, ես ուշի ուշով հետեւում էի պատերազմական գործողությունների ընթացքին եւ անսպասելի էր Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարների դիրքորոշումները: Ես այլ ակնկալիքներ ունեի, հավատում էի, որ մանավանդ Ղարաբաղի ղեկավարությունը անհրաժեշտ պաշտպանություն կիրականացներ, հավատում էի հայ զինվորի հաղթանակին, չէի սպասում, որ կհանձնվի նաեւ Շուշին, որը հայերի համար պատվի մարմնացում էր:

Նոյեմբերի 9-ի Հայտարարությունը, որը ճարահատյալ ստորագրեց նաեւ Հայաստանը, վկայում էր այն մասին, որ Հայաստանն այլեւս ի վիճակի չէ շարունակելու ռազմական գործողությունները, Հայաստանն այս պատերազմին անպատրաստ էր: Համաձայնագիրը հայերի համար շատ ցավոտ էր, ճարահատյալ քայլ էր, այն մեծ հարված էր ոչ միայն մարդկային ու նյութական կորուստների, այլ նաեւ բարոյական եւ հոգեկան առումներով: Մեծ հարված ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ աշխարհի հայերի համար: Ես շատ եմ ցավում տեղի ունեցածի համար, եւ, կարծում եմ, հայ ժողովուրդը անհրաժեշտ դասեր կքաղի եւ ճիշտ հետեւություններ կանի:

 

Զրույցը վարեց Գոհար ԲՈՏՈՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031