Զրույց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ
-Տիկին Հակոբյան, թերևս այսօր առաջնային է նաեւ «Արդարություն» կուսակցության անելիքները, քանի որ ձեր քաղաքական թիմն ու Վիտալի Բալասանյանը հավաքված եք միեւնույն գաղափարների շուրջ: Քաղաքական քննարկումներ այս օրերին ունենո՞ւմ եք պարոն Բալասանյանի հետ, ինչ փուլում են գտնվում ձեր գործնական քայլերը՝ ուղղված ներկայիս իշխանություններին ու երկրում ստեղծված իրավիճակի մեղմացմանը:
– Այդ գաղափարները դեռեւս Արցախում նախընտրական շրջանում ենք ներկայացրել, կարեւորել ռազմաքաղաքական իշխանության բոլոր կողմերն ու երկրի անվտանգությունը, սակայն ժողովուրդը ընտրությունն այնպես կատարեց, որն այսօր այսպիսի արդյունք ունեցավ: Միանշանակ մեր դիրքորոշումը մնում է նույնը՝ պարտված իշխանությունը պետք է հեռանա: Իսկ ինչ վերաբերում է պարոն Բալասանյանի հետ հանդիպումներին ու քննարկումներին, այո, մեր քաղաքական թիմի անդամները տարբեր քննարկումներ են ունենում, կիսում են տեսակետներ: Գործնական քայլերն օրեցօր աճում են: Նաեւ առողջ քաղաքական ուժերի հետ ենք տարբեր քննարկումներ ունենում, ովքեր հասկանում են, չեն ստում, ռեալ ու օբյեկտիվ գնահատականներ են տալիս: Առաջիկայում ավելի մանրամասն կներկայացնեմ:
-Սամվել Բաբայանի քայլն ինչպե՞ս եք որակում:
Կարդացեք նաև
-Սամվել Բաբայանը հավասարապես կիսում է Արայիկ Հարությունյանի հետ պարտության եւ կապիտուլյացիայի պատասխանատվությունը, քանի որ նա հայտարարել էր նաեւ, որ նախագահի հետ կիսում է լիազորությունները: Իսկ այդ փաստաթղթի ստորագրումից հետո պարոն Բաբայանի հրաժարականը բացարձակ նրան պատասխանատվությունից չի զրկում:
-Պատերազմից 17 օր առաջ ԱԺ նիստում դուք հարց էիք ուղղել պարոն Բաբայանին, որի պատասխանը, կարծես ձեզ չի բավարարել:
-Ինչպե՞ս բավարարի, եթե Անվտանգության խորհրդի քարտուղարը լիարժեք չի տիրապետում Սահմանադրությանը: Իսկ եռակողմ ստորագրված փաստաթղթից հետո փախնելը հատուկ է թույլ, պարտվող մարդուն:
-Նաեւ ԱԽ քարտուղարի գրասենյակի մասին մտահոգություն եղավ «Միասնական հայրենիք կուսակցությունից, թե գրասենյակի աշխատակազմը զգուշացվել է, որ երկուշաբթի օրվանից աշխատանքի չգնա եւ նոր քարտուղարն իր թիմով է գալու: Այդ կուսակցության մամուլի խոսնակն էլ հայտնել է, որ նորանշանակ ԱԽ քարտուղարը վտանգել է ավելի քան 50 ընտանիքի սոցիալական անվտանգություն:
-Նախ ասեմ, որ ԱԽ նախկին քարտուղար պարոն Բաբայանն այսօր վտանգել է 100.000 ընտանիքների անվտանգությունը, ոչ միայն սոցիալական: Իսկ ինչ վերաբերում է այդ 50 հաստիքներին, իմ ունեցած տեղեկություններով՝ պարոն Բալասանյանը կրճատել է այդ հաստիքները: Այդ 50 հոգանոց գրասենյակը կարելի է ասել՝ կուսակցական էր, մասամբ նաեւ այլ կուսակցություններից կային աշխատողներ: Պրոֆեսիոնալ թիմ չէր ու դրա վառ ապացույցն էլ պատերազմն էր. տեսանք, թե ինչ կատարվեց:
-Պատերազմի ընթացքում չեք լքել Արցախը: Իրականությունն ինչպիսին էր:
-44 օր շարունակ չեմ լքել, չի լքել նաեւ մեր քաղաքական թիմը, հետեւաբար մենք չենք խոսում լսածով կամ մեկի ասածի հիման վրա: Ամեն ինչ տեսել ենք: Ուղիղ 30 օր պարոն Բաբայանին էի փնտրում, ոչ մեկը տեղը չէր ասում:
-Ո՞րն է «Արդարության» կուսակցության պահանջը:
-Պահանջը հետեւյալն է՝ պետք է նախ կառավարությունը հրաժարական ներկայացնի, այդ թվում նաեւ Ազգային ժողովի նախագահը, փոխնախագահը, հանձնաժողովների նախագահներն ու նրանց տեղակալները: Պատերազմն ապացույց եղավ, որ նրանք ի զորու չեն ոչ մի բան անել ու նույն անգործությանն էին մատնված:
-Տարակարծություններ եղան՝ կապված պարոն Բալասանյանին ԱԽ քարտուղար նշանակելու առումով: Հիմնականում լսում ենք, որ Բալասանյանը լինելով ներկայիս իշխանություններին դեմ, այդուհանդերձ, այժմ իշխանության մաս է կազմում եւ բնականաբար՝ կհամագործակցի:
-Մեր տեսակետներն անփոփոխ են ու նպատակը հայրենիք փրկելն է: Վիտալի Բալասանյանի նշանակումը չի ենթադրում գործող իշխանությունների հետ համագործակցություն: Եվ այո, նորից եմ կրկնում՝ մենք գնում ենք հայրենիքը փրկելու:
Զրույցը՝ Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ
Հ.Գ. «Միասնական հայրենիք» կուսակցության մամլո խոսնակ Անուշ Դոլուխանյանն իր ֆեյսբուքյան էջում օրերս գրել է՝ «Արայիկ Հարությունյանը երեկ ընդունել է անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար կազմին՝ պարզաբանելու գրասենյակի շուրջ ստեղծված իրավիճակը: Ա. Հարությունյանը հավաստիացրել է, որ աշխատակիցներին հնարավորություն է տրվելու շարունակել աշխատանքը պետական կառավարման համակարգում:
Ի պատասխան այն հարցի, թե ինչու է գրասենյակի ձեւաչափը պահպանվում, սակայն աշխատակազմն ամբողջությամբ արձակվում, Ա. Հարությունյանը նշեց, որ դա նորանշանակ անվտանգության քարտուղարի պահանջն էր, որին ինքը պիտի ընդառաջեր համագործակցության շրջանակներում»:
«Առավոտ» օրաթերթ
11.12.2020