Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցին իր խոսքն ու գործը հիմնում է Սբ. Գրքի և Սրբազան Ավանդության վրա և մշտապես սեր, հաշտություն, խաղաղություն, եղբայրասիրություն է քարոզում

Դեկտեմբեր 11,2020 21:55

«Ո՞ւմ նմանեցնեմ այս սերնդին. նման է այն մանուկներին, որոնք նստում են հրապարակներում, ձայն են տալիս իրենց ընկերներին և ասում.

«Ձեզ համար փող փչեցինք, բայց չպարեցիք, ձեզ համար ողբ երգեցինք, բայց չկոծեցիք»:

Եկավ Հովհաննեսը. ո՛չ ուտում էր, ո՛չ խմում, և ասում են. «Նրա մեջ դև կա»: Եկավ Մարդու Որդին. ուտում ու խմում է, և ասում են. «Ահա ուտող խմող մարդ, մաքսավորների ու մեղավորների բարեկամ»: Բայց Աստծու իմաստությունը հասկացվեց իր որդիների կողմից» (Մատթ.11:16-19):

Ցավում եմ, բայց այսօր էլ ավետարանական այս իրողությունը կարծես թե մեր օրերին է վերաբերում: Օրեր առաջ ազգիս Վեհափառ Հայրապետը հանդես եկավ ՀԱՅՐԱԿԱՆ ՀԱՆԴԱՐՏԵՑՆՈՂ ուղերձով, սակայն մեր հայորդիներից շատերի կողմից հասկացվեց այնպես, ինչպես իրենք են ուզում: Եվ բարձրացավ մի նոր ու տհաճ ալիք: Շատերը սկսեցին ասել թույլատրելին և անթույլատրելին, ի հայտ եկան սովորեցնողներ, թե ինչ ՊԻՏԻ անի ու ինչպես իրեն ՊԻՏԻ պահի Եկեղեցին: Սա էլ «ընդունեցինք»: Բայց երբ որ այս նույն մոտեցումն է դրսևորվում պետության բարձրագույն մարմնում՝ Ազգային ժողովում, մեղմ ասած՝ չեմ հասկանում:

Պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ելույթում նշում է, որ Վեհափառ Հայրապետը հրաժարական չպահանջեց ո՛չ հոկտեմբերի 27-ից հետո, ո՛չ 2004թ.-ի ապրիլի 12-ից հետո և ո՛չ էլ հայտնի մարտի 1-ից հետո: Իբրև պարզ հոգևորական և ՀՀ քաղաքացի հարց եմ տալիս. մի՞շտ է, որ լուծումը հրաժարականն է, կարելի՞ է հավասարության նշան դնել վերոնշյալ իրողությունների միջև, ամեն օ՞ր ենք հայրենիքի զգալի մաս կորցնում, ամեն օ՞ր է, որ մատղաշ հազարավոր զավակների ենք հողին հանձնում, մի՞շտ ենք հանդիպում կյանքի և առողջության համար պայքարող երիտասարդների ….. այս հարցերը, ցավոք, շատ են:

Արման Բաբաջանյանի կողմից նույնականացման նշան դնելը հոկտեմբերի 27-ի, ապրիլի 12-ի, մարտի 1-ի և Արցախի 75 տոկոսի կորստի, ՀՀ անվտանգության երերման, անթաղ հանգուցյալների, գերիների անորոշ վիճակի, վիրավոր հայորդիների, անհետ կորածների, հուսահատ ժողովրդի, երկպառակտված հասարակության միջև կամ վերոնշյալ պատգամավորի մանիպուլիացիան է, որ նպատակ ունի հիմարացնելու հասարակության մի հատվածին և կամ սեփական մտքի սնանկության արտահայտություն: Երանի երկրորդը լիներ:

Ասում եք, Եկեղեցին ՊԻՏԻ հաշտեցնող լինի: Կասեմ մի պարզ բան. Եկեղեցին իր խոսքն ու գործը հիմնում է Սբ. Գրքի և Սրբազան Ավանդության վրա և մշտապես սեր, հաշտություն, խաղաղություն, եղբայրասիրություն է քարոզում: Գնո՞ւմ եք Եկեղեցի, փորձո՞ւմ եք կատարել հոգևորականի՝ Ավետարանի վրա հիմնած քարոզը … Թե չէ. «Եկեղեցին ՊԻՏԻ, Եկեղեցին ՊԵՏՔ Է, Եկեղեցին ՊԱՐՏԱՎՈՐ Է…»:

Այո՛, դարերի խորքից լսում ենք ավետարանական խոսքը.

«Ձեզ համար փող փչեցինք, բայց չպարեցիք, ձեզ համար ողբ երգեցինք, բայց չկոծեցիք»:

Թող Աստված իմաստություն և խաղաղություն պարգևի բոլորին:

Փառեն քհն. Առաքելյան

<<Ո՞ւմ նմանեցնեմ այս սերնդին. նման է այն մանուկներին, որոնք նստում են հրապարակներում, ձայն են տալիս իրենց ընկերներին և...

Posted by Տեր Փառեն Առաքելյան on 2020 թ. դեկտեմբերի 11, ուրբաթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031