Սեպտեմբերի 27. ամենաերկար օրը տիեզերքում։ Մինչեւ այդ օրն իմ տունը խրամատն էր։ Հիմա չկա տուն, չկա բահը, որով ամրացնում էի տիեզերքս։ Տունս փուլ եկավ` բոլորիս գլխին։ Ոմանք մնացին փլատակների, ոմանք` տանիքի տակ, ոմանք էլ տանիքը չպահեցին։ Մենք մնացինք փոշու մեջ։ Մինչեւ հիմա ճակատս ու մատներս փոշոտ են։ Հիմա մատներս միայն մի շարժում են անում` սրբում են տղերքի այտերի փոշին։ Ջուր չկա։ Կաթիլներն արցունք են։ Փոքր ժամանակ լսել եմ, ոչ հրեշտակները չեն լացում։ Չէ, դժոխքում լացում են։
Ես առայժմ չեմ պատկերացնում, որ դժոխքից հետո կյանք կա։ Մինչեւ հիմա չեմ հավատում, որ դժոխքում մի քանի ժամ ողջ եմ մնացել։ Եթե փորձեմ նկարագրել, թե ինչ էր կատարվում, երեւի ասեմ` բոլոր ժամանակների ու բոլոր տեսակի սատանաները հայտնվել, խրախճանք էին անում։ Կենացն էլ մեր արյունով էին խմում։ Եթե Դանթեն մի պահ կենդանանար, ինքն ավելի լավ կնկարագրեր։ Ոնց որ քավարանում լինեի։ Ու ոնց որ զգացում լիներ, որ հավերժ մնալու եմ քավարանում։ Ես վերջինն էի, ում ձեռքերի մեջ տղերքը մահանում էին։ Կամ, երեւի վերջինը, չգիտեմ։ Համենայն դեպս, ես վերջինն էի, ով նայում էր նրանց աչքերին։ Ու բոլորի աչքերում կիսատություն կար` չհասկացված, անբացատրելի ու անտեր կիսատություն։ Նրանք մեռան` կիսատությունը թողնելով աչքերիս ու հիշողությանս մեջ։ Ես մինչեւ հիմա նրանց կենդանի հայացքն եմ հիշում, սրբում այտերի փոշին ու ապրում կիսատությունը։ Նրանց հոգիները խաղաղության մեջ չեն։ Նրանք մնացին դժոխքի ու երկնքի արանքում, իրենք կիսվեցին ներկայի ու հիշողության միջեւ։ Երեւի կիսատ լինելուց ավելի դաժան բան չկա։ Ես երազում եմ, որ մեր ներկան էլ ոչ մեկ կիսատ չթողնի, որ ոչ մի ծնող իր որդուն կիսատ չգտնի։ Ես ատում եմ կիսատությունը. խոսում եմ կիսատ, տղերքն անմահացան կիսատ։ Ջրականն իմ հուշերում դժոխք մնաց։ Բայց այդ դժոխքը մերն է։ Նա սպասում է, որ մենք հետ գնանք, մաքրենք իրեն արնաբերան դեւերից ու սարքենք հիշատակարան` մեր կիսատ մնացած տղերքի հիշատակարանը։ Այդ դժոխքում նորից պետք է ծաղիկներ ծաղկեն ու երեխաներ ծնվեն, այլապես տղերքը հավերժ կմնան կիսատ…
Էլի եմ ասում` ես չեմ պատկերացնում կյանքը Ջրականից հետո. ես էլ եմ այդ կիսատ տղերքից։ Իսկ կիսատությունը միշտ սպասում է կյանքի, միշտ սպասում ա շարունակության։ Ինձ, մեզ, կիսատ չթողնեք։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
(Այս տողերը երազում լսել եմ մի զինվորից ու արթնանալուն պես գրառել հեռախոսում`գրեթե նույնությամբ, ուղղակի գրական հայերենով։ Չհարցնեք, թե ինչպես եմ այդքանը հիշել։ Ես էլ չգիտեմ):