Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Ղազինյան․ «Պահանջում եմ ինձ ներգրավել արդեն իսկ հարուցված քրեական գործում որպես վկա»

Դեկտեմբեր 11,2020 20:44

«Պահանջում եմ Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործում ինձ ներգրավել որպես վկա, ինձ շնորհեն դատավարական կարգավիճակ՝ տալով իրավունքներ կոնկրետ գործողություններ ձեռնարկելու համար»,-այսօր ֆեյսբուքի իր էջում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը։

Այս քրեական գործը վերաբերում է պատերազմի օրերին պետական բարձրաստիճան մի խումբ անձանց կողմից լիազորությունները չարաշահելուն, որն անզգուշությամբ հանգեցրել է ծանր հետեւանքների։ Արթուր Ղազինյանը մինչ այս քրգործին անդրադառնալն, անդրադարձավ ՀՔԾ-ի՝ իրեն ուղղված հերքմանը։ Պարոն Ղազինյանը հայտարարել էր՝ Նիկոլ Փաշինյանի եւ մի խումբ այլ բարձրաստիճան անձանց նկատմամբ ՀՔԾ-ում հարուցված է քրեական գործ, ձերբակալություններն անխուսափելի են։

Ապա ՀՔԾ-ն հերքեց այս հայտարարությունը․«Այսօր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, թե իբր «ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել Նիկոլ Փաշինյանի և մի խումբ այլ բարձրաստիճան անձանց նկատմամբ: Սպասվում են աղմկոտ ձերբակալություններ»: Հայտնում ենք, որ վերոնշյալը բացահայտ ապատեղեկատվություն է, եւ գրառման հեղինակին հորդորում ենք զերծ մնալ ստահոդ, կեղծ լուրեր տարածելուց ու հանրությանը միտումնավոր տեղեկատվական մանիպուլյացիաների ենթարկելուց»:

Արթուր Ղազինյանն ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց, որ ինքը նոյեմբերի 26-ին դատախազություն հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ պետական դավաճանության հատկանիշներով, իսկ նոյեմբերի 27-ին դատախազությունը գրություն է ուղարկել, որով տեղեկացրել էր, որ արդեն կա հարուցված քրեական գործ, ուստի մերժվել է Ղազինյանի հաղորդումը։ Պարոն Ղազինյանը վստահեցրեց, որ ինքը հաղորդում է ներկայացրել պետական դավաճանության մասին, որտեղ ժամանակագրային եւ փաստագրական անհերքելի փաստեր են, որոնցով հաստատվում է Քրեական օրենսգրքի 299 հոդվածի հատկանիշներով հանցակազմի առկայություն՝ պետական դավաճանություն։

«Գլխավոր դատախազությունը ինձ գրությամբ տեղեկացրել է՝ ձեր կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման առաջին, երկրորդ, երրորդ, հինգերորդ եւ վեցերորդ կետերում նշված առանձին հանգամանքների վերաբերյալ ՀՀ ՀՔԾ-ում արդեն իսկ հարուցված է քրեական գործ։ 3-րդ կետը վերաբերում է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության արդեն նախկին պետ Մովսես Հակոբյանի՝ ասուլիսում հրապարակած այն տեղեկությունն, ըստ որի պատերազմի երրորդ օրը վարչապետի հրահանգով կանգնեցվել է զինված ուժերի լրահամալրումը, փոխարենը առաջնագիծ են ուղարկվել կամավորականները, ինչի հետեւանքով մարտական գործողությունների ընթացքում զոհված եւ վիրավորված անձնակազմի լրահամալրումն լիարժեք չի իրականացվել, քանի որ կամավորականները շատ դեպքերում հրաժարվել են կատարել մարտական առաջադրանքները։

Նիկոլ Փաշինյանը չհանդիսանալով ՀՀ ԶՈՒ գլխավոր հրամանատար, իրեն կարգել է այդ կարգավիճակում եւ հրամաններ տվել, մինչդեռ մեր օրենսդրությամբ նա մեր գերագույն գլխավոր հրամանատար չի հանդիսանում, այստեղ գործ ունենք լիազորությունների չարաշահման, իշխանության յուրացման եւ ապօրինի տված հրամանների հետ»,-ասաց պարոն Ղազինյանը։ Նա վստահեցրեց՝ Մովսես Հակոբյանի հայտարարության հիմքով հարուցած քրգործով ՀՔԾ-ն պարտավոր էր Նիկոլ Փաշինյանին անհապաղ ներգրավել որպես մեղադրյալ, նրան առաջադրեր մեղադրանք եւ կասեցնել նրա լիազորություններն ու կիրառել կալանքը՝ որպես խափանման միջոց․«ՀՔԾ-ն վարչապետին ենթակա մարմին է, իսկ այօրվա ՀՔԾ-ն գտնվում է Նիկոլ Փաշինյանի անձնական կառավարման ներքո, հետեւաբար, նրա կողմից վարույթն իրականացնող մարմնի գործերի միջամտելը, նախաքննությանը խոչընդոտելը, ցուցումներ տալն անխուսափելի է»։ Ուստի պետք էր որպես մեղադրյալ ներգրավել։

Ինչ վերաբերում է Դատախազությունում արդեն հարուցված քրգործին, պարոն Ղազինյանն ասաց․«Դատախազությունն իր նամակում ասում է՝ նախապատրաստված նյութերով այս տարվա նոյեմբերի 21-ին հարուցվել է քրգործ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27 -ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Արցախում պատերազմի ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից կատարված այնպիսի արարքների վերաբերյալ, որոնք հակասել են ՀՀ ՊՆ մի շարք փաստաթղթերում առկա կարգավորումներին, բացասական նշանակություն ունեցել Զինված ուժերի մարտունակության հարցում եւ ազդել պատերազմի արդյունքի վրա։ Ես ավելի քան վստահ եմ, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց գլխավերեւում կանգնած է վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, եւ նրա անունը ուղիղ հնչել է այս քրեական գործի հարուցման համար առիթ հանդիսացած Մովսես Հակոբյանի ելույթում։ Ընդ որում, Մովսես Հակոբյանին չեն հերքել։

Մի ներքին տեղեկատվություն ունենք, որ Մովսես Հակոբյանի հայտարարությունից հետո նյութեր էին նախապատրաստվում դատախազությունում, եւ դրանք ուղարկվել էին ՀՔԾ, որտեղ դիրքորոշում է եղել մերժել քրգործ հարուցելը, բայց հարուցվել է գլխավոր դատախազի ցուցումով։ Ասում են՝ արդեն կա հարուցված քրեական գործ, ձեր գրությունը կկցենք։ Իսկ այս գործը հարուցված է Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այսինքն՝ պետական լիազորությունները չարաշահելը, որը անզգուշությամբ հանգեցրել է ծանր հետեւանքների։ Մինչդեռ այստեղ այս հոդվածի հետ գործ չունենք, այլ գործ ունենք կազմակերպված հանցավոր խմբի կողմից վաղօրոք մշակված լայնամասշտաբ գործողությունների արդյունքում պետական աննախադեպ դավաճանության հետ։ Չէին կարող մի կարող մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձինք իրենց հայեցողությամբ միաժամանակ չարաշահեին իրենց լիազորությունները, որի արդյունքում բանակի մարտունակությունը կընկներ եւ կազդեր արդյունքներ վրա»։

Պարոն Ղազինյանի կարծիքով՝ դատախազությունն, ըստ էության, արձանագրել է, որ մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձինք կատարել են տվյալ արարքներ, այլ ոչ թե նշում է՝ առերեւույթ կամ երեւի կատարել են․«Բայց վախենում են հրապարակել անունները, թե ովքեր են այդ բարձրաստիճան պաշտոնյաները»։ Ըստ Ղազինյանի, այս պաշտոնյաններից, իր խոսքով ասած՝ հավանական սուբյեկտներից մեկը Նիկոլ Փաշինյանն է եւ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն է․ «Ուստի նրանց լիազորությունները պետք է օր առաջ կասեցվեր»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031