Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղոթում եմ՝ վարչապետի հրաժարականով ազգային միասնականությունը վերահաստատվի». Մկրտիչ Սրբազան

Դեկտեմբեր 11,2020 20:00

Հարցազրույց Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հետ

-Սրբազան հայր, պատմության մեջ չի եղել նման բան, երբ երկու կաթողիկոսներ՝ Ամենայն հայոց կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, բարձրաստիճան պաշտոնյայի հրաժարականի պահանջի մասին խոսեն: Ձեր կարծիքով, ի՞նչը հանգեցրեց նման քայլի:

-Իրավացի եք, մեր պատմության ընթացքում երբևէ նման վերջնագրային քայլեր պահանջող կամ պարտադրող դրվագներ չեն եղել (բացառություն են կազմում թերևս, բնույթով տարբեր, բայց ոչ պակաս կարևոր` Հուսիկ Ա կաթողիկոսի, որն ի դեպ կյանքով վճարեց և Խրիմյան Հայրիկի ընդվզման պատմական դրվագները): Ըստ էության սա բացառիկ դեպք է, և հետևաբար բացառիկ է նաև երկու Հայրապետների` հայրենասիրությունից դրդված կոչը: Ուստի կարծում եմ բացարձակապես անընդունելի կլիներ, եթե Հայրապետները այս օրհասական վիճակում, երբ հարվածի սլաքը ուղղված է անմիջականորեն մեր լինելիությանը, ազգի ու ազգայինի դեմ, բացահայտ և ուղղակի չդիմեին իրենց ժողովրդին և իրենց իշխանությանը: Իսկ «թե ի՞նչը հանգեցրեց նման քայլի» պատասխանը ակներև է` հայտնի իշխանավորների հիմարությունն ու հպարտությունը (բառերը կիրառված են իբրև հասկացություններ): Սրանք են, թերևս, հիմնարար և բնորոշ գծերը ստեղծված իրավիճակի և այդ իրավիճակին արձագանքած Հայրապետների կոչի:

Հիմարությունը շատ վտանգավոր թշնամի է, իսկ երբ այն լծորդ ունի հպարտությանը` կործանարար է, թե՛ անձի, թե՛ ազգերի համար, որովհետև «հիմարության դեմ մենք անպաշտպան ենք» (Բոնհոֆեր, որովհետև չընդունելով, ո՛չ հայրական կոչ, ո՛չ արդարացի հորդոր, ո՛չ տրամաբանական փաստարկ, ո՛չ նույնիսկ ուժի կիրառում, հիմարը քննադատվողից վերածվում է քննադատի, իսկ եթե փաստերն անհերքելի են հիմար-հպարտն ուղղակի մերժում է դրանք ընդհանրապես:

«Հպարտ-հիմարը, նաև համառ է, բացարձակապես գոհ է ինքն իրենից և դառնում է վտանգավոր, երբ գրգռված է, իսկ նա դրան հեշտությամբ է տրվում ու անցնում հարձակման»: Սակայն մեր ներկա իրավիճակի նպատակը հիմարի հիմարությունը հաղթահարելը չէ, այլ հասարակությանը սթափեցնելը, որին և լծվել է այսօր մեր հանրության մտավոր և ազգային հատվածը: Բոնհոֆերյան ճշմարտություն է, որ արտաքին շրջադարձային ճնշումների տակ, ցավոք սրտի, մարդկանց մի որոշակի խումբ թույլ է տալիս հիմարացնել իրեն, որի արդյունքում տգիտությունը դառնում է սոցիոլոգիական խնդիր: Հիմարացած անձի հետ շփման պարագայում հասկանում ես, որ խոսում ես ոչ թե հենց իր հետ, այլև նրա գիտակցության մեջ համոզում ձևավորած, կիսատ-պռատ նշանաբանների ու կոչերի հետ: Մարդը կուրացած է: Եվ հենց այստեղ է վտանգը, քանի որ այդպիսի մարդը կարող է օգտագործվել ոչնչացնելու ոչ միայն իրեն, այլ նաև իր շրջապատը, իր հայրենիքը: Ուստի, նաև, հենց այս լույսի ներքո պետք է ընկալել Հայրապետների, ինչպես նաև ողջախոհ հայորդիների կոչերը, որոնք ուղղված են առողջացնելու թմբիրի մեջ գտնվող հասարակության մի մասին, և թույլ չտալու` ինքնաոչնչացումով ոչնչացնել նաև մեր լինելիությունն ու ամբողջականությունը:

Վերջին տարիներին Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումներ սկսվեցին՝ սկսած Վեհափառին եւ տարբեր հոգեւորականներին թիրախավորելուց մինչեւ Հայոց եկեղեցու պատմություն առարկան: Ձեր կարծիքը այս ամենի վերաբերյալ:

-Իրականում հարձակումները ոչ թե սոսկ Վեհափառի, Առաքելական Եկեղեցու կամ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դեմ էին, այլ ընդհանրապես ամենայն ազգայինի։ Թիրախում ոչ միայն «Հայոց Եկեղեցու պատմություն»-ն էր, այլ նաև «Հայ գրականություն», «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» առարկաները, ազգային արժեքները, անգամ յուրաքանչյուր հայի համար մեծագույն սրբություններից մեկը՝ ընտանիքը (Հիշենք, որ դրա համար հատուկ օրենքներ ներմուծվեցին և ընդունվեցին)։ Պատահական չէր նաև, որ ձգտեցին հայհոյանքը բերել ամենօրյա խոսք, դա հատկապես հնչեցնելով կանացի շուրթերից՝ այդ կերպ ևս աշխատելով այլասերել։

Սկսեցին առաջ մղել տարբեր անամոթների, շեղվածների, անգամ խանգարվածների։ Այսօր շատ է խոսվում, որ ոմանք պաշտոն են ստացել մեր դաշնակից պետությանը ծաղրելու համար։ Պետք է նկատեմ, որ կան և այնպիսիները, որ, ըստ ամենայնի, պաշտոն են ստացել մեր երկրի անունը՝ Հայաստանը, նպատակադրված կերպով փոքրատառով գրելու համար… ազգիս նահապետների անունները՝ Հայկի, Թորգոմի, Արամի անունները փոքրատառով գրելու համար, բնականության և բարոյականության սկզբունքներից շեղվելու համար։ Այստեղ ևս՝ ազգայինի դեմ ուղղված լինելու օրինակները բազում են։ Եվ ըստ իս՝ միանշանակ է՝ ոչ թե սոսկ Վեհափառի, Առաքելական Եկեղեցու կամ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դեմ էր պայքարը, այլ մեր միասնականությունն ապահովող բոլոր հիմնասյուների՝ և՛ կրոնի, և՛ լեզվի, և՛ դպրության, և՛ ընտանիքի, և՛ բանակի…

Խնդրում եմ խոսեք հոգեւորականների՝ Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցության մասին, հատկապես որ կամավորներ եւ օգնություն ուղարկելու հետ կապված անմիջական առնչություն ունեք, նաեւ խնդրում եմ այս համատեքստում անդրադառնալ այն վերջերս շրջանառվող թեզին, որ հոգեւորականները հրաժարական պահանջելու իրավունք չունեն:

– Հոգևորականների մասնակցության առնչությամբ թերևս կարճ կխոսեմ, որովհետև իսկական հերոսները մնացին մարտի դաշտերում, ոմանք էլ վերադարձան վիրավորված, թե՛ հոգով, թե՛ մարմնով: Սխրանքը իրենցն է, ողբը մերը, և թող լռեն բոլոր պարծենկոտներն ու մեծաբերանները: Այս առնչությամբ պարզապես կասեմ, որ մեր մոտավոր հաշվարկներով Հայաստանի, Արցախի և սփյուռքի հոգևորականներից իրենց ակտիվ մասնակցությունն են բերել 60 հոգի (30 գնդերեց և 30 Մայր Աթոռի միաբան, քահանա թեմերից), որը կազմում է Հայաստանի հոգևորականության ավելի քան 15 %-ը: Եզրահանգումները թողում եմ ձեզ:

Ինչ վերաբերում է այն ձևակերպմանը, թե՝ «հոգեւորականները հրաժարական պահանջելու իրավունք չունեն»: Այս հարցին մեր հոգևոր եղբայրներից ոմանք արդեն համոզիչ պատասխաններ հնչեցրել են, սակայն ի հավելումն այդ ամենայնի` հարցը ունի նաև պատմական և հայրենասիրական պատասխան:

Ա. Եթե հիշենք պատմական անցյալը՝ կտեսնենք, որ աշխարհիկ տերերի գլուխները մշտապես թագով պսակել են հոգևոր առաջնորդները։ Անգամ կրոնական կառույցն ու պետությունը տարանջատելուց հետո աշխարհիկ իշխանություններն, այնուամենայնիվ, ստիպված էին որևէ կերպ արտահայտել իրենց ենթակայությունը գերակա՝ աստվածային իշխանությանը։ Եվ թագադրությունը փոխարինելով երդմնակալությամբ՝ հոգևոր առաջնորդի պարտադիր մասնակցությունն իր հերթին փոխարինվեց Աստվածային Գրքի վրա երդում ընդունելով։

Առաջնորդը, որ երդվում է թե՛ Աստվածաշնչի, թե՛ իր երկրի սահմանադրության վրա ինքնըստինքյան և հավասարապես պարտավորվում է ենթարկվել և՛ իրավական, և՛ աստվածային օրենքներին։ Եվ եթե նա շեղվում է սահմանադրությունից, իրավական ասպարեզի գործիչները նրան պետք է պատասխանատվության ենթարկեն։ Նույն կերպ և աստվածային օրենքներին դեմ գնալու պարագային՝ հոգևոր սպասավորները պետք է համապատասխան վերաբերմունք դրսևորեն՝ կախված այն բանից, թե ի՛նչ աստիճանի է գործիչը մեղանչել։ Հետևաբար, կարող ենք եզրակացնել, որ ոչ միայն «հոգեւորականները հրաժարական պահանջելու իրավունք ունեն», այլև ի վերուստ տրված պարտավորություն։

Բ. Վերոնշյալ հարցը այլևս քաղաքական հարց չէ, այլ հայրենիք ունենալու և չունենալու հարց, որին իրավունք ունեն մասնակցելու բոլորն առանց խտրականության, իսկ, ինչպես վերևում ասվեց, Հայրապետները ունեն նաև պարտականություն և պատասխանատվություն, որոնք էլ ծնում են իրավունք:

Ձեր կարծիքով ինչպիսին պետք է լինի այս իրավիճակի հանգուցալուծումը, եւ այս համատեքստում Եկեղեցու դերակատարությունը:

-Ամենայն Հայոց Հայրապետը` Եկեղեցու տեսանկյունը այս հարցի առնչությամբ հստակորեն ձևակերպել է․ «Այս առումով նաև կոչ ենք ուղղում Ազգային ժողովին՝ մեր հայրենիքի համար այս վճռորոշ պահին գործել ամենայն պատասխանատվությամբ, ականջալուր լինել հանրության լայն շրջանակների կողմից հնչող պահանջներին և քաղաքական ուժերի հետ համախորհուրդ ընտրել նոր վարչապետ ու ձևավորել ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն»։

Ես ևս կոչ եմ ուղղում հավատացյալ մեր ժողովրդին` ողջախոհությամբ հաղթելու տգիտությունը և հայրենասիրությամբ` հայրենադավանությունը: Ստեղծված ներքաղաքական իրավիճակով մտահոգ` Բարձրյալի ողորմությունն ենք հայցում և աղոթում, որ վարչապետի հրաժարականով համերաշխությունը և ազգային միասնականությունը վերահաստատվի մեր Երկրում և մեր ժողովուրդն ապրի խաղաղ ու ապահով Հայրենիքում:

Աստված պահապան մեր ժողովրդին:

Զրույցը՝ Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031