Aravot.am-ի հարցերին պատասխանում է Տալլինի համալսարանի սոցիալական հոգեբանության պրոֆեսոր, 2001-2006 թվականներին նույն համալսարանի հիմնադիր ռեկտոր Մաթի Հեյդմեթսը: Էստոնիայի համար վճռական տարիներին ՝ 1989-1990 թթ. Մ. Հեյդմեթսը եղել է Էստոնիայի վարչապետի սոցիալական քաղաքականության խորհրդականը:
-Պարոն Մաթի Հեյդմեթս, արցախյան վերջին պատերազմից հետո Հայաստանում տեղի են ունենում զարգացումներ, որոնք չեն նպաստում իրավիճակի կայունացմանը: Որպես սոցիալական հոգեբանության պրոֆեսոր, կխնդրեինք կիսվել ձեր տեսակետներով՝ ինչպե՞ս կարելի է հանդարտեցնել ալեկոծված հայ հասարակությանը, ինչպե՞ս դուրս գալ այս իրավիճակից, եւ ուղղորդել, որպեսզի մեր երկրի առջեւ ծառացած սուր խնդիրներն ու մարտահրավերները սկսենք համատեղ ուժերով շտապ լուծել:
-Ունիվերսալ բաղադրատոմսեր չկան: Բայց գուցե արժե ավելի սերտորեն ուսումնասիրել այլ երկրների փորձը, որոնք հայտնվել են մոտավորապես նույնպիսի հանրային ցնցումների վիճակում, ինչպիսի վիճակում այժմ հայտնվել է Հայաստանը: Երկրներ, որոնք անհաջող պատերազմներից եւ պարտություններից հետո կարողացան համեմատաբար արագ դուրս գալ այդ ցնցումից:
Նման իրավիճակում էին, օրինակ, Գերմանիան եւ Ճապոնիան՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում կրած պարտությունից հետո, ինչպես նաեւ Ֆինլանդիան՝ 1939-1940 թթ. Խորհրդային Միության հետ Ձմեռային պատերազմից հետո, որի ժամանակ ֆինները ստիպված էին զիջել իրենց տարածքի զգալի մասը:
Ցնցումից դուրս գալու առումով 3 երկրներն էլ ունեին մի քանի ընդհանուր առանձնահատկություններ: Նախ, նրանք բոլորը կարողացան արագորեն իրենց հայացքները տեղափոխել անցյալից դեպի ապագա: Հանրային քննարկման կենտրոնում ոչ թե ո՞վ է մեղավոր կատարվածի համար հարցն էր, այլ հարցը, թե ի՞նչ անել հետո: Իհարկե, կատարվել են ձախողումների պատճառների վերլուծություններ եւ կայացվել համապատասխան եզրակացություններ, բայց արագորեն ձեւակերպվել են նոր նպատակներ՝ ուր ձգտել, ինչ անել:
Կարեւոր է, որ այդ նպատակները կապված չէին պարտության համար վրեժխնդրության հետ, այլ հիմնականում տնտեսական էին` երկրի արդիականացում, տնտեսական զարգացում եւ բարեկեցության բարձրացում: Ձեւավորվել էր մի տեսակ ներքին սոցիալական համաձայնություն եւ պայմանավորվածություն, որ չպետք է շատ խոսել անցյալ պատերազմի եւ պարտության մասին, այլ պետք է մտածել, թե ինչպես վարվել: Իհարկե, նրանք չմոռացան պատերազմն ու պարտությունը, բայց սկսեցին մտածել, խոսել եւ գործել հաշվի առնելով այն, ինչի ձգտում էին: Անցյալից կառչելը համարվում էր զարգացման խոչընդոտ:
Այս երեք երկրների երկրորդ ընդհանուր առանձնահատկությունը պարադոքսալ էր. Նրանք քայլ առ քայլ տնտեսական կապեր հաստատեցին իրենց հակառակորդների՝ նախկին թշնամիների հետ: Ճապոնիայի համար սա նշանակում էր տնտեսական համագործակցություն Միացյալ Նահանգների, Գերմանիայի համար`տնտեսական կապեր եւ գործարար հարաբերություններ նախ ԱՄՆ-ի, ապա ԽՍՀՄ-ի հետ: Նաեւ Ֆինլանդիան, որը հետպատերազմյան տասնամյակների ընթացքում դարձավ ԽՍՀՄ սերտ տնտեսական գործընկերը՝ մի երկրի հետ, որը ֆիններից գրավեց կարելական տարածքը: Եվ այս երեք երկրների համար էլ զարգացման եւ բարգավաճման կենտրոնական գործիքը դարձել են տնտեսական կապերը նախկին թշնամիների հետ: Իրոք, նախորդ դարի 50-70-ականներին բոլոր երեք երկրներն էլ շատ արագ տնտեսական զարգացում ունեցան:
Իհարկե, նախկին թշնամու հետ շփումը շատ բարդ է ու ցավոտ, այդ թվում՝ հոգեբանորեն: Վերցնենք, օրինակ, Ճապոնիան, որը Նագասակիից եւ Հիրոսիմայից հետո հանկարծ սկսեց համագործակցել ԱՄՆ-ի հետ: Շատ դժվար էր, բայց այլընտրանք նույնպես չկար: Այս երեք երկրների փորձը ցույց է տալիս, որ վերակողմնորոշումը հնարավոր է, եւ որ այն կարող է արդյունք տալ: Իրոք, սթափ մտածելով՝ այլընտրանք իսկապես չկա: Առանձնասենյակում նստելը, տառապելը, ինքներդ ձեզ մեղադրելը եւ համաշխարհային հանրությունից վիրավորվելը այլընտրանք չէ: Դա հենց այն է, ինչ թշնամիներն են ակնկալում եւ ցանկանում:
Իհարկե, յուրաքանչյուր իրավիճակ եզակի է, եւ Հայաստանը դժվար թե կարողանա պատճենել այս երեք կամ որեւէ այլ երկրների գործողությունները: Միեւնույն ժամանակ, նման երկրների փորձը կարող է առնվազն օգտակար գաղափարներ եւ կողմնորոշիչներ տրամադրել այն մասին, թե ինչպես Հայաստանը կարող է դուրս գալ հետպատերազմյան ցնցումից եւ կառուցել իր հետագա կյանքը: Ի վերջո, կյանքը շարունակվում է նույնիսկ անհաջող պատերազմից հետո, եւ որքան շուտ կարողանաք գտնել ուղենիշեր ապագայի համար, այնքան լավ Հայաստանի համար:
-Հայաստանում այժմ սոցիումը պառակտված է, հասարակությունը բաժանված է երկու մասի: Ատելության մթնոլորտ է ձեւավորված: Ինչպե՞ս կարելի է այժմ Հայաստանի իշխանություններին ու ընդդիմությանը բերել կոնսենսուսի եւ այդ ամենն ուղղել մեր երկրի առջև ծառացած ռազմավարական մարտահրավերների համատեղ լուծմանը:
-Ոչինչ ավելի լավ չի համախմբում հասարակությանը, որքան հստակ եւ ճշգրիտ նպատակը: Այսինքն՝ հարցի պատասխանը, թե որտե՞ղ պետք է լինի Հայաստանը 2021-ին եւ դրանից հետո, որտե՞ղ ենք ուզում լինել հինգ եւ տասը տարի հետո: Միայն այս հարցերին պատասխանելով կարող են ի հայտ գալ համախմբող նպատակներ: Եվ ինչպե՞ս դա անել:
Կրկին օրինակ՝ այս անգամ Էստոնիայից: 2012-ին քաղաքական ճգնաժամ էր նաեւ Էստոնիայում, կուսակցությունները անիմաստ կռվում էին միմյանց դեմ, ժողովուրդը խիստ օտարվել էր քաղաքականությունից եւ քաղաքական գործիչներից: Էստոնիայի այն ժամանակվա նախագահ Իլվեսը ճգնաժամից ելք գտնելու համար 2012 թվականի նոյեմբերի 21-ին կազմակերպեց քաղաքական գործիչների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, մշակութային եւ եկեղեցական առաջնորդների ու գիտնականների կլոր սեղան: Նախագահի նախաձեռնությունը հայտնի դարձավ որպես «Սառցե նկուղ» նախաձեռնություն, որի արդյունքում առաջարկվեց լուծումների փաթեթ խորհրդարանին եւ կառավարությանը:
Դրանից հետո կրքերը սկսեցին հանդարտվել եւ սեղանին հայտնվեցին փոխզիջումներ: Կարծում եմ, որ Հայաստանում կան նաեւ հեղինակավոր՝ քաղաքական, հասարակական, կրոնական եւ այլն գործիչներ, որոնք կարող են նույն սեղանի շուրջ երկխոսության հրավիրել տարբեր հակառակորդ խմբերի ներկայացուցիչների:
Սա կաշխատի այն պայմանով, որ հնարավոր լինի նախապես պայմանավորվել հետեւյալի մասին. Սեղանի շուրջ ոչ մի բառ չի ասվելու անցած պատերազմի, վերջին իրադարձությունների մասին: Կլոր սեղանի օրակարգի միակ հարցը պետք է լինի`ինչպես լինել այսուհետ եւ հետագա անելիքները: Ընդհանուր սեղանի շուրջ տեղ պետք է վաստակել Հայաստանի կողմից ձեռնարկվելիք հետագա քայլերի մասին առնվազն որոշ գաղափարներ ունենալով: Որքան կառուցողական, այնքան լավ:
Կլոր սեղանի հիմնական գաղափարը պետք է լինի փոխզիջումը: Երկրում խաղաղություն եւ զարգացում չի լինի, եթե մի կողմը՝ նշանակություն չունի, ընդդիմությունը կամ իշխանությունը, ուժով ճնշի մյուս կողմին: Երկրի եւ ժողովրդի համար առավել վտանգավոր կլինի, եթե կողմերը փորձեն ինչ-որ բան լուծել փողոցային ցույցերով եւ ճնշմամբ: Իմ տեսանկյունից միմյանց հետ խոսելու ունակությունը եւ փոխզիջման պատրաստակամությունն այն է, ինչն այսօր Հայաստանին պետք կգա այն իրավիճակում, որտեղ ինքը հայտնվել է:
-Ինչպե՞ս դրսից ընկալվեց ղարաբաղյան պատերազմը: Ինչպե՞ս էստոնական լրատվամիջոցներն ու հասարակությունը արտացոլեցին այս իրավիճակը:
-Ցավոք, համեմատաբար քիչ արտացոլվեց: Տալլինում, ինչպես տեղական հայ համայնքը, այնպես էլ ադրբեջանական համայնքը, ցույցեր կազմակերպեցին քաղաքի կենտրոնական հրապարակում: Ավելին, երկու ցույցերն էլ խաղաղ ընթացք ունեցան, երկու կողմերն էլ ոչ թե պատերազմի, այլ խաղաղության կոչեր արեցին: Էստոնիայի հեռուստատեսությամբ մի քանի հաղորդում հեռարձակվեցին, որտեղ նրանք հայ եւ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ քննարկում էին պատերազմի պատճառները եւ ապագայի հեռանկարները: Չնայած տարբեր դիրքորոշումներին, քննարկումներն անցել են հանգիստ, առանց ավելորդ հույզերի եւ մեղադրանքների: Սա հուշում է, որ նույնիսկ շատ բարդ թեմաների շուրջ այս երկու հարեւան ժողովուրդների ներկայացուցիչները իրականում կարող են նստել նույն սեղանի շուրջ եւ բանականորեն քննարկել շատ դրամատիկ խնդիրներ:
Որոշ վերլուծություններ կային նաեւ թերթերում: Որպես օրինակ կարելի է առանձնացնել էստոնացի գրող և հրապարակախոս Կալլե Կասպերի (մեր ընդհանուր ընկերը 1971 թ.-ից եւ մեկ այլ հայաֆիլ Էստոնիայում) հոդվածը Õhtuleht թերթում, որը մանրամասնում է Հայաստանի եւ Ադրբեջանի վերջին 100 տարվա հարաբերությունների պատմությունը: Այնուամենայնիվ, ընդհանուր տպավորությունն այն է, որ էստոնական հասարակության մեծամասնության համար «մեծ պատկերը» շատ պարզ չէր եւ այդպիսին էլ մնում է՝ ներառյալ ինչպես Արցախի, այնպես էլ 1994 թվականից հայերի վերահսկողության տակ անցած բուֆերային շրջանների դերը եւ կարգավիճակը: Հավանաբար դա է պատճառը, որ երբեմն պատերազմի ընթացքում տեղի ունեցածի ադրբեջանական մեկնաբանությունը ավելի պարզ ու հասկանալի էր թվում, քան հայկականը:
-Ի՞նչ կապեր ունեք Հայաստանի հետ, ինչո՞ւ եք հետաքրքրված մեր երկրով:
-Դեռ 1971 թվականին, որպես Տարտուի համալսարանի ուսանող, ինձ բախտ վիճակվեց ուսանողական պատվիրակության կազմում այցելել Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտ (ԵրՊի): Ես առաջին անգամ էի Անդրկովկասում, առաջին անգամ տեսա լեռներ և ամեն ինչ ինձ շատ դուր եկավ: Ես ծանոթացա նաև ԵրՊԻ ուսանող Սամվել Մխիթարյանի հետ, ում հետ ընկերացանք: Երբ երկուսս էլ արդեն ընտանիք ունեցանք, շարունակեցինք ընկերությունը ընտանիքներով և հերթով այցելում էին միմյանց ՝ Էստոնիա, կամ Հայաստան:
Ես սկսեցի հետեւել հայկական իրադարձություններին և շատ ընդհանուր բաներ գտա Էստոնիայի հետ: Փոքր ազգեր, բարդ պատմություններ, բայց, համենայն դեպս, երկուսն էլ հաջողակ: Ժամանակակից աշխարհում փոքր ժողովուրդների մի փոքր մասն ունի իր պետականությունը, բայց երկուսն էլ ունեն:
Մեր բարեկամությունը շարունակվում է մինչ օրս, ընկերս այժմ ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական խնդիրների ինստիտուտի գլխավոր ինժեներ է եւ Հայաստանի ֆոնդային բորսայի կարգապահական հանձնաժողովի նախագահ: Վերջին անգամ իր հրավերով իմ չորս էստոնացի ընկերների հետ ես եղել եմ Հայաստանում 2019 թվականին:
Ընկերոջս՝ Ս. Մխիթարյանի նախաձեռնությամբ, ես եւ իմ էստոնացի ընկերները ստանձնեցինք նաեւ արցախյան վերջին պատերազմի ժամանակ զոհված երկու հայ զինծառայողների երեխաների խնամակալությունը եւ նրանց նպաստ կփոխանցենք վեց ամսվա ընթացքում: Հայաստանն այսօր ինձ համար խնդիրների եւ հույզերի մեծ փունջ է՝ բարդ եւ հակասական:
Հարցազրույցը՝ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ