Լրահոս
Օրվա լրահոսը

Զատուլինը խոսեց Քոչարյանի սխալի մասին՝ Ղարաբաղի հարցում, Կազիմիրովը պատմեց, թե ինչպես Հայաստանը զինադադարի երկկողմ պայմանագրին միացավ՝ ի զարմանս իրենց

Դեկտեմբեր 11,2020 18:35

Այսօր «Սպուտնիկ Արմենիայի» կազմակերպած կլոր սեղան քննարկմանը ռուս դիվանագետ, Ռուսաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը պատմեց, թե ինչպես է կնքվել զինադադարի եռակողմ պայմանագիրը ու ինչպես է ստացվել, որ ի սկզբանե Ադրբեջան-Ղարաբաղ կնքվելիք պայմանագրի մեջ է մտնում Հայաստանը. «Ղարաբաղյան հարցի կարգավորման աշխատանքները երկու ալիքով էին տարվում, առաջինը ՌԴ-ի միջնորդությամբ էր, որին հաջորդեց նաեւ Մինսկի խումբը: Այն ձեւավորվեց 92-ի հունիսի 1-ին: Հիմնականում այն կարճաժամկետ հրադադարները, որոնք հաջողվում էին կնքել, ՌԴ-ի միջնորդությամբ էր: Մոտ տասը նման դեպք է եղել, ընդ որում, մեկը բավականին երկարաժամկետ եղավ:

Վերջնարդյունքում հենց ՌԴ-ն է ջանք թափում, որ կողմերին հաշտեցնի, առաջին հանդիպումը Բաքվում էր, ես զանգեցի եւ Երեւան, եւ Բաքու, կիսվեցի կրակի դադարեցման այն տեքստով, որը պատրաստել էինք: Ինչ է լինում դրանից հետո՝ Հեյդար Ալիեւը հանձնարարում է նախարար Մամեդովին կնքել հրադադարի պայմանագիրը, բայց ո՞ւմ հետ՝ Ղարաբաղի: Հայաստանը, որպես կողմ, ձեւավորված չէր: Հետո Հեյդար Ալիեւը ինձ ասեց, որ ես նաեւ միացնեմ Հայաստանին, ես ասացի, որ դա չի անցնի, հայերի կոշտ դիրքորոշումը գիտեմ, դժվար թե գնան այդ քայլին ու համաձայնեն, բայց Հեյդար Ալիեւի նկատմամբ հարգանքից ելնելով՝ ստիպված եղա զանգել: Մեկուկես ժամ անց ստացա պատասխան՝ Հայաստանը պատրաստ էր միանալ այն պայմանագրին, որն արդեն իսկ ձեւավորված էր երկու կողմերի միջեւ՝ Ադրբեջանի ու Ղարաբաղի»:

Կազիմիրովն ասաց, որ Ռուսաստանը միշտ էլ ճանաչել է Ղարաբաղը՝ որպես հակամարտության կողմ, դա չի նշանակում, որ ճանաչում է այդ երկիրը, բայց որ հակամարտության կողմ էր՝ անկասկած:

Հարցին՝ ինչու մինչեւ հիմա Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը ու հիմա դա անելու դեպքում հնարավո՞ր է խուսափել ներկայիս պարտությունից՝ Կազիմիրովը պատասխանեց, որ բավականաչափ չափանիշներ կան, որ համարվի այդ կողմը՝ որպես հակամարտության կողմ: Նա հիշեցրեց, որ միջազգային հանրությունը 1993 թ. ճանաչել է այն փաստը, որ Ղարաբաղը հակամարտության կողմ է, այն տեղ է գտել 1994 թ. ԵԱՀԽ Բուդապեշտի գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթում:

ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդանն էլ բացատրեց, թե ինչու Ղարաբաղը չի ճանաչվել Հայաստանի կողմից: Նախկինում գտնում էին, որ դա կնշանակեր բանակցությունների ձեւաչափի դադարեցում: Հարց կարող է առաջանալ, թե 2016-ին ինչու դա չարեցին, երբ ռազմական գործողություններ էին. «Պետք է նկատի ունենալ, որ ռազմական գործողությունները դադարեցվեցին 3,5 օրից, մենք բոլոր փաստաթղթերը պատրաստել էինք ու Հայաստանը պատրաստ էր դա անել, բայց ինտենսիվ բանակցություններ էին ընթանում կրակի դադարեցման ուղղությամբ ու եթե դրանք արդյունք չտային, իհարկե, Հայաստանը կճանաչեր»: Նալբանդյանը վստահեցրեց, որ ժամանակ առ ժամանակ Հայաստանն այդ հարցը բարձրացրել է, բայց համանախագահները միանշանակ դիրքորոշում էին հայտնում, որ քանի դեռ բանակցություններն ընթանում են՝ ճանաչումը հարվածի տակ կդնի հենց բանակցությունների ընթացքը ու հենց դրա համար է, որ չեն գնացել այդ քայլին. «Այս պատերազմի ժամանակ, երբ դա տեւեց ոչ 3,5 օր ու կրակի դադարեցման բոլոր փորձերը խախտվեցին, կարծում եմ, բոլոր հիմքերը կային ճանաչելու Ղարաբաղը ու դա կարող էր օգնել»:

ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն էլ խոսեց մեր՝ հայկական կողմի սխալի մասին: Նա ասաց. «Ժամանակին, իմ կարծիքով Հայաստանը ներքին խնդիրների պատճառով սխալ արեց, որ ամբողջությամբ իր վրա վերցրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, որն արեցին ՀՀ իշխանությունները: Դրանից առաջ եղած ձեւաչափը ավելի տրամաբանական էր ու ճիշտ էր, այն ենթադրում էր, որ բանակցություններին մասնակցում են Հայաստանը, Ադրբեջանը, Ղարաբաղը ու որպես վերջինիս հակակշիռ Ղարաբաղում ադրբեջանական համայնքն էր: Դա եղավ այն պատճառով, որ Ղարաբաղի ղեկավարը դարձավ Հայաստանի իշխանություն; Նրանք հույս ունեին, որ այդ բարի կամքը կնպաստի հարցի արագ կարգավորմանը: Բայց չհասան դրան: Ժամանակի ընթացքում Ադրբեջանում ռեւանշի տրամադրություններ արթնացան, ցանկություն եղավ ինչ էլ լինի փակել Ղարաբաղում պարտության էջը ու հասնել դրան ոչ թե դիվանագիտական ճանապարհով, այլ ռազմական ու այդ տրամադրությունները ուժգնացան, երբ Ադրբեջանում իշխանություն փոխվեց, Հեյդար Ալիեւը հեռացավ»:

Զատուլինը խոսեց նաեւ հեղափոխությունից հետո հայկական կողմի սխալների մասին, որը կներկայացնենք հաջորդիվ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031