Լրահոս
Օրվա լրահոսը

Շոմբի Շարփը նշել է՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը փորձում է հնարավորինս օգտակար լինել Հայաստանի համար ստեղծված դժվարին ժամանակներում

Դեկտեմբեր 11,2020 18:15

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը դեկտեմբերի 11-ին հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ:

Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Վահե Էնֆիաջյանը կարեւորել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի արդյունավետ գործունեությունը բոլոր ոլորտներում եւ շնորհակալություն է հայտնել մեր երկրում թագավարակով պայմանավորված ճգնաժամի, ինչպես նաեւ Արցախի դեմ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում եւ հետո ցուցաբերած մարդասիրական աջակցության համար:

Վահե Էնֆիաջյանը փաստել է, որ հաճախ Լեռնային Ղարաբաղի հակամարտության  խնդիրը տարածքային վեճ է ներկայացվում, բայց իրականում այն պայքար է ինքնորոշման համար, մարդկանց իրավունքների իրացման հարց է: Այս համատեքստում նա  կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը:

Խորհրդարանի փոխնախագահն ընդգծել  է Հայաստանի համար առաջնային դարձած խնդրի՝ գերիների անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի հարցում ՄԱԿ-ի գործուն մասնակցությունը:

Արցախի մշակութային ժառանգության պահպանման խնդրի առնչությամբ Վահե Էնֆիաջյանը կարեւոր է համարել դրանց նկատմամբ իրականացվող վանդալիզմի դեմ պայքարը՝ հույս հայտնելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն նույնպես ջանքեր կգործադրի պատմամշակութային ժառանգությունը փրկելու ուղղությամբ:
ԱԺ փոխնախագահը կարեւորել է նաեւ կառույցի դերը հետպատերազմական իրավիճակը կարգավորելու գործընթացներում:

Շոմբի Շարփը  նշել է, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը փորձում է հնարավորինս օգտակար լինել Հայաստանի համար ստեղծված դժվարին ժամանակների համար: Նա տեղեկացրել է, որ կառույցը տարբեր ուղղություններով աշխատանքներ է իրականացնում:  Շոմբի Շարփն անդրադարձել է մարդու իրավունքների խախտմանը, ապօրենի զենքի եւ կասետային  ռումբերի օգտագործմանն ու դրանց վերաբերյալ իրականացվող փաստահավաք աշխատանքներին, Արցախին ցուցաբերվող մարդասիրական առաքելությանը: Մշտական համակարգողի խոսքով՝ ՄԱԿ-ը պատրաստվում է շարունակել իր առաքելությունը՝ հակամարտությունից տուժված անձանց մարդասիրական օգնություն  ցույց տալու համար:  Շոմբի Շարփը կարեւորել է նաեւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի եւ Ազգային ժողովի միջեւ  համագործակցության խորացումը ընդգծելով փոխգործակցության առանցքային նշանակությունը:

Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031