Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Տարածքային ամբողջականության հարցը Ադրբեջանը լուծեց, իսկ ինքնորոշումն ո՞ւր կորավ». Էդվարդ Նալբանդյան

Դեկտեմբեր 11,2020 17:46

«Կային կասկածներ թե ինչքանո՞վ է հնարավոր պահպանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը: Այնպիսի տպավորություն էր, որ նրանք այլեւս անելիք չունեին, բայց շատ կարեւոր էր այդ ձեւաչափը պահպանելը: Շատ կարեւոր էր այն հայտարարությունը արտգործնախարարների մակարդակով, որ այդ ձեւաչափը պահպանվելու է: Կարեւոր էր նաեւ պահպանել ԵԱՀԿ առաքելությունը դեսպան Կասպրշիկի ղեկավարությամբ ու այդ հայտարարությամբ կար ամբողջական աջակցություն: Իսկ ինչ է մնում, գլխավորը ստատուսն է՝ Ղարաբաղի կարգավիճակը, որը փաստացիորեն չկա այդ հայտարարության մեջ: Հարցը բաց է եւ այն պետք է քննարկվի ապագայում»,- այսօր «Սպուտնիկ Արմենիայի» կազմակերպած կլոր սեղան քննարկմանն ասաց Մոսկվայում գտնվող ՄՄՀՊԻ – ի պատվավոր դոկտոր, Հայաստանի նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա նշեց, որ միջանկյալ ժամանակավոր կարգավիճակը, որը պետք է տրվեր Ղարաբաղին, շատ կարեւոր, լուրջ կետ էր, որովհետեւ հարց է՝ ի՞նչ է լինելու Ղարաբաղի հետ, ինչպես է կառավարվելու: Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակը պետք է տրամադրի անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքներ. «Միջանկյալ կարգավիճակը, որը բոլոր փաստաթղթերում կողմերը քննարկում էին, դա շատ լուրջ կետ էր, որտեղ նշվում էր, որ այդ ժամանակահատվածում Ղարաբաղը պետք է ձեւավորի իշխանության ճյուղերը, իրավապահ մարմինները, դատարաններ ձեւավորի, հնարավորություն ունենա միջազգային կազմակերպություններին անդամակցել, ուղիղ միջազգային ներդրումներ ստանալ, արտաքին շուկաներ դուրս գալ եւ այլն: Մի խումբ հարցեր են սրանք, իսկ ամենակարեւորը՝ ինչ է լինելու միջանկյալ ժամանակահատվածում անվտանգության հարցը»:

Հարցին՝ Երեւանում այն թեզն է շրջանառվում, որ բանակցությունների ժամանակ մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ն ընդհանրապես դուրս է թողել կարգավիճակի հարցը, ինչպե՞ս կմեկնաբանեք՝՝ ռուս դիվանագետ, Ռուսաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը պատասխանեց, որ ինքն ավելի շատ տեղյակ է առաջին պատերազմից, իսկ վերջին ամիսների իրադարձություններից ավելի տեղյակ է Նալբանդյանը:

Էդվարդ Նալբանդյանն էլ պատասխանեց. «Դա բացարձակ ճիշտ չէ ասել, որ մեր գործընկեր ՌԴ-ն դուրս է թողել բանակցություններից կարգավիճակի հարցը: Իրականում ողջ բանակցությունների ընթացքում ինչպես միջանկյալ, այնպես էլ վերջնական կարգավիճակի հարցը եղել է բոլոր աշխատանքային փաստաթղթերում՝ ե՛ւ կազանյան փաստաթղթում, ե՛ւ դրանից առաջ, ե՛ւ դրանից հետո: Պետք է հասկանալ, որ Կազանը կար ու դրանից Հայաստանը չի հրաժարվել, այլ հրաժարվել է Ադրբեջանը, բայց եւ Կազանից հետո բանակցությունները շարունակվում էին, ընդ որում, նախագահների մակարդակով որտեղ եւս մեկ անգամ կարեւորվում էր հիմնական սկզբունքների հարցը եւ պարամետրերի հարցը, իսկ պարամետրերում նշվում էր միջանկյալ եւ վերջնական կարգավիճակը: Խոսքն այն մասին էր, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշի բնակչությունը՝ ազատ կամարտահայտման միջոցով, որը միջազգային իրավական ուժ կունենա, այդ թվում նաեւ Ադրբեջանի համար»:

Նալբանդյանը հիշեցրեց, որ համանախագահներն այս ողջ տարիների ընթացքում հիշեցնում էին 3 կարեւոր ու հիմնական սկզբունքների մասին՝ տարածքային ամբողջականություն, ինքնորոշում, ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառում. «Վերջին հայտարարության մեջ ուշագրավ է, որ համանախագահներն ասում են՝ չպետք է ուժ կիրառել, դե, տարածքային ամբողջականության հարցը Ադրբեջանը լուծեց, իսկ ինքնորոշումն ո՞ւր կորավ: Սա այն հարցն է, որը մնում է քննարկել»:

Նալբանդյանն ասաց, որ հաշվի առնելով Ալիեւի նկրտումները, որոնք շքերթի ժամանակ հայտնեց, իբր թե Երեւանը, Զանգեզուրը, Սեւանը իրենց պատմական հողերն են, իսկ Էրդողանն իր ելույթում անհավանական հնարք արեց՝ հայտարարելով, թե «Էնվեր փաշայի, Նուրի փաշայի և Կովկասի իսլամական բանակի զինվորների հոգու լուսավորման օրն է», այսինքն, տալիս է նրանց անունները, որոնք Հայոց ցեղասպանության իրականացնողներն են, այս ամենը նոր հարցեր են առաջ բերում. «Կարծես ամբիցիաները Թուրքիայի ու Ադրբեջանի մինչեւ վերջ չեն բավարարվել, ինչը արդեն իսկ վտանգ է ներկայացնում կողմերի համար»:

Էդվարդ Նալբանդյանի համար տարօրինակ էր, որ աչք են փակում այն հանգամանքի վրա, թե ով է խախտել հրադադարը ու դրա արդյունքում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան նման հայտարարություններ են իրենց թույլ տալիս:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031