«Նիկոլը դավաճան է, Նիկոլը պետք է հեռացվի իշխանությունից, Նիկոլը պետք է դատվի»,- կառավարության շենքի մոտ հայտարարեց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:
«Արժանապատվության երթի» մասնակիցները հինգ րոպե կանգնեցին կառավարության շենքի մոտ՝ հնչեցնելով պահանջը՝ «Նիկոլ, հեռացիր»:
Արթուր Ղազինյանը հիշեցրեց, որ 2018-ին, երբ Նիկոլ Փաշինյանին ասացին, թե ժողովուրդը կոտրում է կառավարության շենքի դուռը, նա պատասխանեց՝ ժողովրդի դուռն է՝ կոտրում են: Արթուր Ղազինյանը նկատեց, որ այժմ կառավարության շենքի մոտ ճաղավանդակներ են դրված ու հարցրեց՝ մեզ պե՞տք է ճաղավանդակների ետեւում թաքնվող ղեկավար եւ ստացավ «ոչ» պատասխանը:
Ցույցն ուղեկցում են ոստիկանական մեծ ուժեր: Նաեւ կառավարության շենքն էր ոստիկանական մեծաքանակ ուժերով պահպանվում:
Կարդացեք նաև
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ կառավարության շենքի մոտ հավաքն ինքնաբուխ է, հավելեց նաեւ, որ իրենց պայքարն արդար է եւ հուսահատվել պետք չէ:
Հիշեցնենք, այս պահին, մայրաքաղաքի տարբեր փողոցներից «Արժանապատվության երթ» է սկսվել: Ցուցարարները շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ: Ցույցի կազմակերպիչը «Հայրենիքի փրկության շարժում» ընդդիմադիր կուսակցությունների միությունն է: Ցույցի մասնակիցները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, քանի որ նա կապիտուլյացիա փաստաթուղթ է ստորագրել՝ վտանգելով Արցախի եւ ՀՀ-ի անվտանգությունը: Ցույցն ուղեկցվում է ոստիկանների եւ ցուցարարների անընդհատ բախումներով: Ցույցի մասնակիցների նկատմամբ ոստիկանները ուժ են կիրառում: Ֆրանսիայի հրապարակից էլ բերման ենթարկեցին:
Ցույցի մասնակիցներն այժմ շարժվում են Նալբանդյան փողոցով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ