«Հայ ժողովրդի հետ եւ Հայաստանում շատ վատ բան է տեղի ունեցել. կորցրել ենք Արցախը, կորցնում ենք Հայաստանը: Այն, ինչը 30 տարիների ընթացքում կայացել է՝ Նիկոլը սկուտեղի վրա տալիս է Ադրբեջանին: Եթե Նիկոլը չհեռանա, մենք վաղը կարող ենք տեսնել Ալիեւին՝ Երեւանում: Եթե մեր ժողովուրդն ուզում է, որ երեկ ռազմաշքերթում Ալիեւի հայտարարածն իրականանա, թող Նիկոլը մնա»,-Երեւանում, «Արժանապատվության երթի» ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ Մարգարիտ Եսայանը:
Տիկին Եսայանը լուրջ չի ընդունում նոյեմբերի 9-ից հետո իշխանական շրջանակներից հնչող բոլոր բացատրությունները եւ պնդումները, քանի որ կարծում է, որ նրանք «Թուրքիայի եւ թուրքական քաղաքականության շահերն են սպասարկում» ու դա նաեւ Եվրոպայում են հասկացել. «Պանթուրքիզմը Հայաստան մտցնելու ծրագիր են իրականացնում: Ավելի վատ բան ուղղակի անհնար է պատկերացնել»:
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած համայնքապետերին ԱԱԾ են կանչում:
Հիշեցնենք, այս պահին, մայրաքաղաքի տարբեր փողոցներից «Արժանապատվության երթ» է սկսվել: Ցուցարարները շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ: Ցույցի կազմակերպիչը «Հայրենիքի փրկության շարժում» ընդդիմադիր կուսակցությունների միությունն է: Ցույցի մասնակիցները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, քանի որ նա Արցախի կապիտուլյացիա է ստորագրել՝ վտանգելով Արցախի եւ ՀՀ-ի անվտանգությունը: Ցույցն ուղեկցվում է ոստիկանների եւ ցուցարարների անընդհատ բախումներով: Ցույցի մասնակիցների նկատմամբ ոստիկանները ուժ են կիրառում: Ֆրանսիայի հրապարակից էլ բերման ենթարկեցին:
Կարդացեք նաև
Ամիրյան փողոցում, մարդիկ պատշգամբներից իրենց աջակցությունն էին հայտնում ցուցարարներին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ