Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ պատրաստվում հրաժարվել իմ որեւէ բառից». վարչապետի հրաժարականը պահանջող դպրոցի տնօրեն

Դեկտեմբեր 11,2020 17:05

Ա. Չեխովի անվան դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը, որի ղեկավարած դպրոցի աշակերտներից մի քանիսը եւս զոհվել են հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերի ժամանակ, ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող կոչով է հանդես եկել, ինչը քննարկման առարկա է դարձել եւ հասել մինչեւ Երեւանի քաղաքապետարան:

Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն «Առաջին լրատվական»-ին փոխանցել է, որ և՛ «Հանրակրթության մասին» օրենքը, և՛ այլ իրավական ակտեր ուղղակի արգելք են սահմանում դպրոցին՝ ի դեմս տնօրինությանը, մանկավարժական գործունեություն իրականացնողին հանդես գալ քաղաքական հայտարարություններով, առավել ևս քաղաքական քարոզ իրականացնել հօգուտ կամ ընդդեմ որևէ մեկի: «Այս առումով Երևանի քաղաքապետարանը համապատասխան իրավական գործընթաց է ձեռնարկել, որի արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- ասել է Կարապետյանը:

Aravot.am-ի հետ զրույցում տիկին Սարուխանյանն ասաց, որ չի պատրասվում մեղմել այն, ինչ արդեն ասել է կամ փոխել ասվածի ենթատեքստը. «Ես ասել եմ շատ ավելի խորքային ու ծանր բաներ, քան ուսուցիչներին կոչ անելը կամ կոչին միանալը: Ես չեմ պատրաստվում հրաժարվել իմ որեւէ բառից: Իմ ասելիքի մեջ ամեն ինչ ասված է: Ես ավելի ծանր ապրումներ ունեմ, քան նրանք, ում թվում է, որ ես կոչեր եմ տարածում»:

Հիշեցնենք, որ նրա հայտարարության մեջ մասնավորապես ասված էր. «Ապրում ենք՝ անցյալն ու ներկան իրար խառնած, հիշում ենք մեր առջև կանգնած ըմբոստ տղային ու չենք կարողանում մեզ ներել, որ նախատեցինք մի օր, մի քիչ խիստ խոսեցինք: Թերթում ենք օրագրերն ու մեր պարզ ու մաքուր, մեր փայլուն տղաների հետ կապված անմոռաց դրվագներ ենք վերականգնում մեր հիշողության մեջ ու… Խեղդվում ենք, մեռնում ենք, հնար չկա… Երանի ժամանակը հետ գնար, նորից մտնեին դասարան, նստեին իրենց տեղերում ու թող ինչ ուզում է անեին, նորից տեսնեինք նրանց, ամուր գրկեինք ու գոնե խոստովանեինք, որ սիրում ենք, ամուր գրկեինք ու էլ բաց չթողնեինք… Ճիշտ եմ ասում, չէ՞…

Մեր ուսուցչուհիներից մեկը, ում դասղեկական դասարանից երեք փայլուն երիտասարդ՝ Սուրենը, Գևորգը,Դավիթը, մի դասարանից միայն, զոհվել են, էլ չկան, նստել էր՝ մի բուռ դարձած, քարացած, չէր կարողանում հանգստանալ ու անվերջ նույն հարցն էր կրկնում. «Ես ի՞նչը սխալ արեցի, տեսնես ի՞նչը սխալ արեցի»:

Այս հարցը այսօր բոլորս ենք տալիս. ի՞նչն ենք սխալ արել, որտե՞ղ, ե՞րբ…

ԱՅՍՕՐ ԱՅԴ ՀԱՐՑԸ ՉԻ ՏԱՆՋՈՒՄ ՄԻԱՅՆ ՄԵԿԻՆ, ԵՎ ԱՅԴ ՄԵԿԸ ԴՈՒՔ ԵՔ, ՎԱՐՉԱՊԵ՜Տ… Մենք՝ գլխիկոր, մենք՝ տապալված, մենք՝ դավաճանված:

Իսկ Դուք դեռ կաք, Դուք՝ բոլոր չուղղված սխալների, բոլոր սխալ որոշումների, բոլոր սխալ շրջադարձերի միակ հասցեատերը, Դուք դեռ կաք ու որոշել եք մնալ, մնալ՝ մեր ավերակ հաղթանակների բուրգին կանգնած, որպեսզի հերթական սանձարձակ մարտահրավերը նետեք ու Ամանորի գիշերը բիրտ դեմքով հնչեցնեք՝ Արցախի հպարտ հայություն…»:

Պատասխանելով Aravot.am-ի հարցին` տնօրենն ասաց, թե մամուլից տեղեկացել է, որ ինչ-որ գործընթաց են պատրաստվում սկսել իրեն պատժելու համար: «Դրան չանդրադառնանք, չծավալվենք, ինչ կանեն` կանեն»,-այսպես արձագանքեց Գայանե Սարուխանյանը:

Ապա հավելեց. «Ես բարձր ակնկալիքներ ունեմ մեր ազգից, երբեք չեմ պատկերացնում, որ հանկարծ կհանձնվենք, այնպես որ հանգիստ եմ: Նաեւ վայրկյան անգամ չեմ կասկածում, որ ամեն ինչ լավ է լինելու»:

Մեկնաբանություն ստանալու ակնկալիքով փորձեցինք կապվել նաեւ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի պետ Ժաննա Ղարդաշյանի հետ, սակայն վերջինս այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031