Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոսք է գնում Սյունիքը հանձնելու մասին». Արթուր Վանեցյան

Դեկտեմբեր 11,2020 16:38

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր մայրաքաղաքի փողոցներում անհնազանդության  երթեր էին: Ցուցարարների մեջ էր նաեւ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ վճռական են եւ պայքարելու են այս «դավաճան իշխանությանը հեռացնելու համար»:

Վանեցյանը՝ դիմելով ՀՀ քաղաքացիներին, կրկին հայտարարեց, որ սա պայքար չէ իշխանության համար, սա պայքար է՝ հանուն հայրենիքի փրկության. «Վտանգված են ՀՀ սահմանները եւ հայ ժողովրդի գոյությունը: Բիրտ ուժի կիրառմամբ մեզ չեն կարողանալու վախեցնել եւ լռեցնել»: Նա բերման ենթարկվելուց չի վախենում:

Ցույցի ժամանակ ոստիկանությունը ուժ կիրառեց եւ քաղաքացիներին բերման ենթարկեց: Արթուր Վանեցյանը ոստիկանության գործողությունները անօրինական է որակում: Բայց նա կարծում է, որ ոստիկանների 95 տոկոսը ազնիվ մարդիկ են եւ մի օր կհասկանան՝ չի կարելի ծառայել այս իշխանությանը. «Սպան չի կարող լինել դավաճանի ենթակա: Սպան չի կարող կատարել դավաճանի հրամանները: Սպան չի կարող համաձայն լինել մեր հայրենիքը հանձնելուն: Սպան չի կարող հանգիստ նայել Բաքվի զորահանդեսին: Մենք ամբողջ կյանքներս թուրքի առաջ կզա՞ծ պիտի ման գանք: Սթափվեք: Ընկել ենք մի խմբակի ձեռքը կրակը: Խոսք է գնում Սյունիքը հանձնելու մասին: Թուրքական հեռուստատեսությամբ քարտեզ են ցույց տալիս, որտեղ չկան Սյունիքի մարզը, Գեղարքունիքի մարզի մի մասը»:

Ապա Երեւանի փոխոստիկանապետը մոտեցավ Արթուր Վանեցյանին: Փոխոստիկանապետի խնդրանքով՝ առանց լրագրողների նա եւ Արթուր Վանեցյանն ինչ-որ զրույց ունեցան: Ապա Արթուր Վանեցյանը հանրությանը կոչ արեց՝ միանալ ցույցին եւ այսօր եւեթ լուծել իշխանության հրաժարականի հարցը:

Նա տեղեկացրեց, որ մի քանի հարյուր ցուցարար է բերման ենթարկվել եւ կոչ արեց ցույցի մասնակիցներին՝ առանց խուճապի մատնվելու՝ շարունակել խաղաղ ցույցը մայրաքաղաքի փողոցներում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031