Մայրաքաղաքի տարբեր փողոցներից «Արժանապատվության երթ» է սկսվել: Ցուցարարները շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ:
Ցույցի կազմակերպիչը «Հայրենիքի փրկության շարժում» ընդդիմադիր կուսակցությունների միությունն է: Ցույցի մասնակիցները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, քանի որ նա Արցախի կապիտուլյացիայի համաձայնություն է ստորագրել՝ վտանգելով Արցախի եւ ՀՀ-ի անվտանգությունը: Ցույցն ուղեկցվում է ոստիկանների եւ ցուցարարների անընդհատ բախումներով: Ցույցի մասնակիցների նկատմամբ ոստիկանները բիրտ ուժ են կիրառում:
Այս առիթով լրագրողների հետ զրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ իրենք օրինականության սահմանը չեն հատելու, չեն տրվելու ոստիկանների սադրանքներին եւ պայքարելու են մինչեւ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, քանի որ վերջինս «պարզապես ջեբկիր է, նա 2,5 տարի խաբել է հայ ժողովրդին եւ ամեն առավոտ արթնանում է՝ մտածելով, թե էլ ինչպե՞ս քցի ժողովրդին»:
Իշխան Սաղաթելյանը ոստիկաններին կոչ արեց՝ չքննարկել իրենց բերման ենթարկելու հարցը եւ «Նիկոլի կողմից ԱԱԾ գործուղված շիշ բռնողի եւ Քոչարյան Անդոյի հրահանգները չկատարել»: Ըստ Իշխան Սաղաթելյանի, նրանք ԱԱԾ-ում քննարկում են ընդդիմադիր առաջնորդներին ձերբակալելու հարցը:
Կարդացեք նաև
Ոստիկանները խնդրեցին ցուցարարներին՝ բարձրանալ մայթ եւ չպարալիզացնել մայրաքաղաքի երթեւեկությունը: Իշխան Սաղաթելյանը նախ բացատրեց, որ իրենք այդպիսով իրենց բողոքի ձայնն են բարձրացնում: Երկխոսության արդյունքում ցույցի կազմակերպիչները տաս րոպե ժամանակ խնդրեցին: Ոստիկանությունը քննարկում է՝ տասը րոպե տրամադրել-չտրամադրելու կամ ցուցարարներին բերման ենթարկելու հարցը: Ոստիկանները ցուցարարներին ժամանակ չտվեցին:
«Եթե մեզ տաս րոպե ժամանակ չտվեցին, Նիկոլին երկու րոպե չպիտի տային: Եթե մտածում են մեր երկրի անվտանգության մասին, Նիկոլն էդ անվտանգությունը տվել է: Մենք մնում ենք էստեղ, պատրաստ ենք ամեն ինչի»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:
Ցույցի մասնակիցները նստեցին Ֆրանսիայի հրապարակում, որպեսզի անհնազանդության ակցիա իրականացնեին: Ոստիկանները նրանց բերման ենթարկեցին: Իշխան Սաղաթելյանին նույնպես բերման ենթարկեցին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ