Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա հայ էթնոսի արմատախիլ անելու վերջին փորձ է». կրոնագետը ադրբեջանաթուրքական քաղաքականության մասին

Դեկտեմբեր 11,2020 15:47

Կրոնագետ Վարդան Խաչատրյանը «Հենարան» մամուլի ակումբում խոսելով Արցախի մշակութային, եկեղեցական ժառանգության մասին, ասաց, որ դրանք վտանգված են, հատկապես, որ Ադրբեջանը Դադիվանքը հանձնել է ուդիներին, իսկ Ամարասն ու Գանձասարը մշուշոտ ճակատագիր ունեն: Նրա խոսքով, անգամ խորհրդային Ադրբեջանի տարածքում հայտնված հուշարձաններն են միտումնավոր վնասվել:

Կրոնագետի ձեւակերպմամբ, ընդհանրապես գոյություն ունի թուրքական իսլամի յուրօրինակ վերաբերմունք դեպի քրիստոնեական կոթողները, եւ դեռեւս բավականին վաղ շրջանից շինարարություններն իրականացվել են հենց քրիստոնեական եկեղեցիների հաշվին, ու քրիստոնեական ժառանգության հանդեպ վերաբերմունքն այժմ էլ չի փոխվել:

Նա օրինակ բերեց եգիպտական բուրգերը, որոնց քարերը կոտրատում եւ ուղտերով տանում են շինարարության համար, ու Կահիրեն կառուցված է այդ քարերից: Մյուս օրինակը վերաբերվում է Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիայի տաճարին, որը մզկիթի է վերածվել: Կրոնագետի բերած բազմաթիվ օրինակներից մեկն էլ Շուշիի Առաքելոց եկեղեցուն է վերաբերվում. «Այլ վերաբերմունք սպասել չի կարելի նրանցից, եւ դրա ամենավառ դրսեւորումը Շուշիի Առաքելոց եկեղեցին է, ճարտարապետական տեսակետից բացառիկ կոթող` սպիտակ բազալտից կառուցված, իր ժամանակի համար անհավանական ծախսերով եւ իր հորինվածքով բացառիկ քերթվածք երկրիս երեսին, որտեղ անգամ մուտք գործելուց հետո ադրբեջանական զինվորները նռնականետով կրակել են, հիմա ի՞նչ սպասել Ադրբեջանից»:

Վարդան Խաչատրյանը Ջուղայի ոչնչացված խաչքարերին էլ անդրադարձավ, որոնք իր աչքերով է տեսել. «Բոլորիդ գիտեք, թե 2005 թ, թե ինչ տեղի ունեցավ Նախիջեւանում, այնտեղ կար հայկական բացառիկ նշանակության գերեզմանոց, հայ ժողովրդի գանձերից այն խաչքարերն էին, որոնք ժամանակին ստեղծել են բացառիկ քանդակագործները հայոց աշխարհի, դրանք գոհարներ էին, որոնք հատուկ ոչնչացվեցին, գնացին մուրճերի տակ, եւ այդ ամենով հանդերձ՝ մենք արժանացանք աշխարհի լռելյայն, սառը վերաբերմունքին»:

Բանախոսը Արցախի գանձերն էլ է անկրկնելի համարում. «Բացառիկ սիմվոլիկայի կրող եւ համաշխարհային նշանակության հուշարձան է Գանձասարը, Աստված չանի, որ մի բան պատահի, այդ դեպքում կորուստը լինելու է անդառնալի, կամ Ամարասը, որտեղ սկիզբ են առել հայկական գիրն ու դպրությունը, որտեղից Մեսրոպ Մաշտոցն է սկսել դասավանդել:

Հիմա այդ ամենը վտանգված է, որովհետեւ մենք պարբերաբար լսում ենք Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները` Սեւանի եւ Երեւանի մասին: Իհարկե, չեմ կարծում, որ դա իրական վտանգ է այս պահին ներկայացնում, բայց այնուամենայնիվ ելնելով նրանից, թե որքան սխալվեցին Հայաստանի իշխանություններն իրենց վերաբերմունքով այն բանում, որ գոյություն ունի համաշխարհային հանրության արձագանք, որ ունենք դաշնակիցներ, որոնք միջամտելու են, եւ որ հնարավոր է լեզու գտնել մարդկանց հետ, որոնք ջիհադիստներ են եւ պատերազմական գործողությունները դիտարկում են որպես հայ էթնոսի արմատախիլ անելու վերջին փորձ տվյալ տարածքներում… Բուն Արցախի կորուստներն անվիճելիորեն ծանր հարված են մեզ համար: Այն ինչ տրամադրվածությունը, որով մենք հիմա գործերն առաջ ենք մղում կամ փորձում ենք հարմարվել իրավիճակին, ես համարում եմ անթույլատրելի»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031