«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ամենամյա գալա-երեկոն փոխարինվում է «Շուռ տանք սարերը» առցանց հեռարձակվող դրամահավաք- միջոցառմամբ։ Դեկտեմբերի 6-ին՝ Երևանի ժամանակով առավոտյան 5։00-ին, ամբողջ աշխարհի հայերը հնարավորություն կունենան միանալու հեռարձակմանը, խորությամբ ճանաչելու ՔՈԱՖ-ի գործն ու անմիջապես մասնակցելու Հայաստանի գյուղերի առջև ծառացած խնդիրների լուծման ՔՈԱՖ-յան առաքելությանը։
Միջոցառման ընթացքում հանգանակված ամբողջ գումարն ուղղվելու է Արցախից տեղահանված և ՔՈԱՖ-ի շահառու համայնքներում ապաստանած ընտանիքների կեցության ապահովման ծրագրերին, ինչպես նաև ՔՈԱՖ-ի կրթական, առողջապահական, երեխայի և ընտանիքի ծառայությունների և տնտեսական ծրագրերին, որ իրագործվում են Հայաստանի շուրջ 60 գյուղական համայնքներում։
«ՔՈԱՖ–ը ոտք է դնում նոր՝ 2021 թվական շատ ավելի պատրաստված և ավելի զորեղ՝ անկոտրում նպատակ ունենալով կառուցել կուռ հասարակություն։ Մեր բոլոր ծրագրերը շարունակելու են ծառայել մեր առաքելությանը՝ զարգացած և հզոր երիտասարդների շնորհիվ շենացնելով Հայաստանի և Արցախի գյուղական համայնքները»,- նշում է ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը։
ՔՈԱՖ-ը 2020 թվականի բարդ մարտահրավերներին արձագանքել է մեծագույն պատասխանատվությամբ և հրատապության լրջագույն ընկալմամբ։ Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հենց առաջին օրերից «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամն իր շահառու համայնքներում ապաստան է տրամադրել Արցախից տեղահանված շուրջ 500 հոգու՝ ապահովելով ամենօրյա սնունդ, կենցաղային առաջին անհրաժեշտության պարագաներ և հագուստ։ Այժմ ՔՈԱՖ-ն աշխատում է նաև այդ ընտանիքներին հիմնադրամի երկարաժամկետ ծրագրերում ընդգրկելու ուղղությամբ՝ նրանց մատուցելով երեխայի և ընտանիքի ծառայություններ, նրանց ներառելով կրթական, առողջապահական և տնտեսական ծրագրերում։
Կարդացեք նաև
«Շուռ տանք սարերը» առցանց դրամահավաք-միջոցառումը վարելու են Լոս Անջելեսի FOX 11 հեռուստաընկերության մեկնաբան և հաղորդավար Արաքսյա Կարապետյանը և ՔՈԱՖ-ի Զարգացման գծով տնօրեն Հայկ Բոյաջյանը։ Դրամահավաքի վիրտուալ միջոցառման ընթացքում ելույթ կունենան երգչուհի Իվետա Մուկուչյանը և ջութակահար Արա Մալիքյանը, ինչպես նաև տաղանդավոր երիտասարդ երաժիշտներ Հայաստանից։ Հատուկ ուղերձով հանդես կգան դերասանուհի Անդրեա Մարտինը, Վիկտոր Գարբերը, երաժիշտ Սերժ Թանկյանը և ուրիշներ։
Դրամահավաք-միջոցառմանը հնարավոր է հետևելwww.coafgives.org կայքում։ Այս տարի առաջին անգամ այն հեռարձակվելու է նաև ԱՄՆ-ի USArmenia և ARTN հեռուստաընկերությունների արբանյակային ալիքներով։
Միջոցառման ընթացքում նաև հարգանքի տուրք կմատուցվի ՔՈԱՖ-ի համայնքների հերոս զինվորներին, ովքեր արցախյան 44-օրյա պատերազմում կյանքը նվիրաբերել են հայրենիքի պաշտպանությանը։
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի մասին
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 64 համայնքների ավելի քան 107,000 բնակիչները:
2015թ. սկսած՝ ՔՈԱՖ–ը մշակել և իրագործում է նոր տեսլական՝ ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ–ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: ՍՄԱՐԹ–ը կդառնա զարգացման օրինակելի մոդել և կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել է 2018 թ. մայիսի 27-ին:
Մամուլի հաղորդագրություն