Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը պետք է վճռական հակահարված տա Ալիևի և Էրդողանի հայտարարություններին». Ռուբեն Սաֆրաստյան

Դեկտեմբեր 11,2020 15:20

«Իլհամ Ալիևի հայտարարությունն արտահայտում է Ադրբեջանի ղեկավարի ծավալապաշտական նկրտումները ՀՀ-ի նկատմամբ»,-«Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Հիշեցնենք՝ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Զանգեզուրը, Սևանը, Երևանը պատմական ադրբեջանական հողեր են:

Ռուբեն Սաֆրաստյանը հիշեցրեց՝ երբ պատերազմը նոր էր սկսվել, ասում էր՝ Ադրբեջանի, Թուրքիայի նպատակն է ոչ միայն հարձակվել և գրավել Արցախը, ցեղասպանության մատնել Արցախի հայությանը, այլ թուլացնել Հայաստանը և շարունակել ցեղասպանության այն քաղաքականությունը, որը որդեգրել էին երիտթուրքերը, շարունակել Աթաթուրքի քաղաքականությունը, որն այժմ փորձում է շարունակել Էրդողանը՝ օգտագործել Ադրբեջանին:

Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի՝ Ալիևի հայտարարությունները Ադրբեջանի պաշտոնական պատմագրության տեսակետն են, որը վերջին տասնամյակներում ամեն կերպ տարածվում է Ադրբեջանում: Նա փաստեց. «Այդ ոգով են դաստիարակվում ադրբեջանցի երեխաները, ողջ բնակչությունն է ենթարկվում այդ կեղծ պատմագիտական քարոզչությանը: Երբ նման հայտարարություն հնչվում է ռազմական շքերթի ժամանակ երկրի ղեկավարի շուրթերից, դա խոսում է ակնհայտ ծավալապաշտական ագրեսիվ քաղաքականություն մասին, որը հայտարարվում է ամբողջ աշխարհի առաջ»:

Անդրադառնալով Թուրքիայի նախագահի ելույթին՝ Ռուբեն Սաֆրաստյանն ասաց. «Այստեղ ամենակարևորն այն է, որ նա հիշատակեց Էնվեր փաշային, որը Հայոց ցեղասպանության գլխավոր նախապատրաստողն ու կազմակերպիչն էր: Բաքվում հիշատակել այդ անունը, նշանակում է՝ Էրդողանը ցույց է տալիս իր բնակչությանը, կողմնակիցներին, ադրբեջանցիներին, ողջ թյուրքական աշխարհին, որ ինքը լի է վճռականությամբ շարունակել Էնվերի պանթյուրքիստական ծրագրերի իրականացումը»:

Արևելագետի վստահեցմամբ՝ Հայաստանը պետք է վճռական հակահարված տա այդ հայտարարություններին՝ ինչպես օգտագործելով պատմական փաստերը, այնպես էլ վերհանելով ներկայումս Ադրբեջանի և Թուրքիայի վտանգավոր ծավալապաշտական, ագրեսիվ քաղաքականության բնույթը, էությունն ու նպատակները:

Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է՝ Թուրքիան չկարողացավ հասնել իր ամենակարևոր նպատակին՝ տեղակայել իր խաղաղապահ ուժերը ռուս խաղաղապահ ուժերի հետ Արցախի սահմանի ողջ երկայնքով, բայց Ադրբեջանի վրա թուրքական ազդեցությունը կտրուկ աճեց, գրանցվեց Ադրբեջանի ինքնուրույնության կորուստը հօգուտ Թուրքիայի: Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի՝ ռուսական կողմը Թուրքիային թույլ տվեց նվազագույնը և մանրամասնեց. «Խաղաղապահ ուժերից բացի՝ Թուրքիան չհասավ նաև իր երկրորդ նպատակին՝ թուրք զինյալների՝ որպես միասնական թուրք-ռուսական այդ մոնիտորինգի կենտրոնի անդամների տեղակայումն էր, որի միջոցով մուտք կկարողանար գործել Արցախի տարածք: Դա էլ կարծես չի հաջողվում: Ռուսները դրա դեմ էլ եղան: Եվ մոնիտորինգը պիտի իրականացվի տեխնիկական միջոցներով՝ հենց այդ կենտրոնից: Բայց մյուս կողմից Թուրքիան հնարավորություն ստացավ մաս կազմելու այդ մոնիտորինգի կենտրոնի: Դա այն մինիմումն էր, որ ռուսները նրանց թույլ տվեցին: Սա Թուրքիայի համար կարևոր է, քանի որ առաջին անգամ օրինական ձևով նրանք իրավունք ստացան Հարավային Կովկասում որոշակի գործողություններ իրականացնել՝ կապված ռազմական ոլորտի հետ»:

Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի՝ աշխարհի խոշոր խաղացողները համաձայնել են այն մտքի հետ, որ Հարավային Կովկասը գտնվում է ռուսական ազդեցության ոլորտում և համաձայնել են, որ Թուրքիան որոշ փոքր առաջխաղացման հնարավորություն ստացավ. «Դա կապված է Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության հետ»:

Ռուբեն Սաֆրաստյանի համոզմամբ՝ Հայաստանի համար Մինսկի խումբն այն ձևաչափն է, որը կարելի է օգտագործել այն բազմաթիվ բացերը և հարցերը լրացնելու, որոնք ի հայտ են եկել՝ կապված եռակողմ փաստաթղթի հետ. «Այնտեղ շատ ճշտելու բաներ կան, և գուցե հնարավոր լինի համանախագահների միջնորդությամբ տեղում շտկել այն բացթողումները, որոնք կան: Իհարկե, Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ մենք պետք է հիմնականում կարողանանք առաջ մղել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031