«Ոստիկանությունում վերջին երեք օրում երեք դիմում է ստացվել»,- Aravot.am-ի հարցին ի պատասխան այսպես փոխանցեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:
Այսօր «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքի էջում գրել էր. «Առավոտյան 9-ից սկսած ոստիկանության մի քանի տասնյակ աշխատողներ ծառայությունից ազատվելու զեկուցագրեր են ներկայացնում, սակայն կադրերի բաժինները ամենատարբեր ապօրինի պատճառաբանություններով այդ զեկուցագրերը չեն ընդունում»: Նա նաեւ տեղեկացրել էր, որ զեկուցագրերը չընդունելու իրավունք չունեն ու պատրաստակամություն էր հայտնել իրավական աջակցության ցուցաբերել այդ հարցով, եթե դրա անհրաժեշտությունը լինի:
Ոստիկանությունից հետաքրքրվել էինք՝ համակարգը ներսից կազմաքանդելը չթույլատրելո՞ւ համար զեկուցագրերը չեն ընդունվում: Ի դեպ, մեր հարցին ի պատասխան, ոստիկանությունում ասացին, որ երեք դիմումներն էլ ընթացքի մեջ են:
Հիշեցնենք, երեկ ոստիկանության երեք աշխատակից ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղեկացրել էին աշխատանքից ազատվելու դիմումներ գրելու մասին: Մամուլում տեղեկություն հրապարակվեց, որ ավելի վաղ ազատման զեկուցագիր գրածներից մեկը ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի սանիկի քրոջ որդին է:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ զեկուցագրերը ընդունել-չընդունելու որոշում կայացնելու համար ծառայողների կենսագրությունները պարտադիր քննությա՞ն են առնվում, ոստիկանությունում չպատասխանեցին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ