Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեռ եք առնո՞ւմ մեզ, թուրքերի հետ ի՞նչ հարաբերություն». Արման Աբովյանի խոսքով՝ թշնամիները նախապայման են դնելու

Դեկտեմբեր 11,2020 14:38

«Այդ հայտարարությունների ազդեցությունն ավելի շատ տհաճ հետք թողեց այն ժամանակ, երբ, օրինակ, ՌԴ պաշտոնատար անձ Մարիա Զախարովան ավելի շուտ արձագանքեց այդ ստորացուցիչ արտահայտություններին, քան ՀՀ պատկան մարմինները: Ցավում եմ, որ կառավարության եւ վարչապետի մամուլի խոսնակի համար մոտ ութ ժամ պահանջվեց, որպեսզի անբովանդակ արձագանքով պատասխանեին Ալիեւին եւ Էրդողանին»,-խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այսօր անդրադառնալով Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների՝ ՀՀ տարածքների եւ անվտանգության հանդեպ սպառնալիք եւ ոտնձգություններ պարունակող հայտարարություններին՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Ցավում եմ, որ երբ ասում են, թե Երեւանն ու Զանգեզուրը պատմական ադրբեջանական հողեր են, մեր կողմից ամենաբարձր մակարդակով արձագանք չի լինում: Փոխարենը, օրինակ, վարչապետը չի զլանում կորցրած օծանելիքի կամ ժամացույցի մասին գրառում անել, «լայվ» մտնել»,-նշեց Իվետա Տոնոյանը:

 

«Բարգավաճ Հայաստանի» մեկ այլ պատգամավոր Արման Աբովյանն էլ ՀՀ իշխանությանը դիմեց. «Չի կարելի հակապետական հայտարարություններ անել մեր կողմից, թե պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատել…խայտառակ անգրագիտություն է դա: Իրավիճակին չտիրապետելու ֆանտաստիկ ունակություն է դրսեւորում այս իշխանությունը: Վաղուց Ադրբեջանն ու Թուրքիան տարածքային հավակնություններ են ներկայացնում ՀՀ-ի հանդեպ: Երբ նման բաներ են ասում եւ ՀՀ տարածքը թուրքական տարածք համարում, ու այդ ֆոնին մեր կողմից հնչում է դիվանագիտական հարաբերությունների մասին խոսք, սա արդեն աննորմալության կանխավարկած է: Կամ չեն հասկանում, կամ միտումնավոր են անում: Մայրաքաղաքիդ հանդեպ բացահայտ տարածքային նկրտումներ ունեցողի հետ ի՞նչ դիվանագիտական հարաբերություն: Ադրբեջանն էլ միանշանակ պայման է դնելու, որ դու, իշխանությունը, պարտավորվելու է ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանը նախապայման է դնելու, առանց որի մեր ուզածը չի իրականանալու: Սա խայտառակ անգրագիտություն է: Չեմ հավատում, որ մերձեցման մասին խոսացողները դա չեն հասկանում: Բայց որ ասում են, ի՞նչ պատճառ կա: Թուրքերի հետ ի՞նչ պայմանով եք դիվանագիտական հարաբերություն հաստատելու: Թուրքիան, միանշանակ, պայման է դնելու ցեղասպանության հարցն օրակարգից հանել: Ադրբեջանն էլ ասելու է՝ ի՞նչ Արցախ, հենա քեզ ճանապարհ եմ տալիս, իսկ Արցախին՝ մշակութային ինքնավարություն: Ձեռ եք առնո՞ւմ մեզ: Բա խոսացեք, մենակ ընդդիմության մասի՞ն եք կարողանում խոսել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031