Դեկտեմբերի 31-ին ուժի մեջ է մտնելու թուրքական ապրանքների ժամանակավոր արգելքի մասին կառավարության որոշումը: Արդյոք բիզնեսները հարմարվե՞լ են ստեղծված իրավիճակին, հատկապես, որ ներկրվող ապրանքների, մասնավորապես՝ հագուստի եւ հումքի մեծ մասը թուրքական են: Այդ թեմայով այսօր առցանց քննարկումը կազմակերպել էր «Մեդիա կենտրոնը»:
Բիզնես խորհրդատու Սամվել Գեւորգյանի խոսքով, քանի որ Թուրքիայից հումքի ներմուծումը արգելված չէ, մինչ տվյալ ապրանքի եւ հումքի այլ շուկաներ գտնելը, որպես այլընտրանք պետք է գոնե հումքը շարունակել ներկրել եւ այդ ապրանքի արտադրությունը Հայաստանում կազմակերպել, որը նաեւ աշխատատեղերի հնարավորություն կստեղծի: Ըստ նրա, կարճաժամկետ հատվածում պետք է պահպանել փոքր բիզնեսները:
Բիզնես խորհրդատուն խորհուրդ է տալիս կենտրոնանալ ոչ թե այն հարցի վրա, որ Թուրքիայից են ներմուծում, այլ, թե ինչո՞ւ են թուրքականը ներմուծում:
«Պատճառները մի քանիսն են եւ դրանք բիզնես հիմնավորումներ ունեն: Առաջինը՝ որակական տեսանկյունից թուրքական ապրանքը բավականին մրցունակ է: Միջինից մի փոքր բարձր համապատասխանում է մեր շուկայի որակի ընկալումների պահանջներին: Գնային տեսանկյունից բավականին մրցունակ են: Մեր շուկայի սպառման տեսանկյունից շատ գրավիչ առաջարկ է գին-որակ հարաբերակցությունը: Լոգիստիկ հարցերը՝ բավականին հեշտ է Թուրքիայում գնալ, պատվիրել եւ տրանսպորտային ընկերությունների միջոցով, առանց ջանք թափելու Հայաստան բերել այդ ապրանքները: Եվ այդ տրանսպորտային ընկերությունը զբաղվում է, թե՛ առաքմամբ, թե՛ մաքսազերծմամբ, թե՛ դեպի ձեռներեցի պահեստ կամ խանութ տեղափոխելու հարցերով: Վճարային միջոցները նույնպես հնարավորինս հեշտացված են: Բավականին վստահելի հարաբերություններ են ստեղծվել հայկական եւ թուրքական ձեռներեցների միջեւ: Ապրանքները գնվում են, բայց չեն վճարվում եւ վճարվում են հետո: Այդ վստահությունը բիզնեսի մեջ բավականին կարեւոր է»,-ասաց Սամվել Գեւորգյանը:
Կարդացեք նաև
Նրա խոսքով, այլընտրանք երկրների առումով որոշակի դժվարություններ կան. «Բելառուս, Արեւելյան Եվրոպա. Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Ռումինիա: Երբ համագործակցություն են սկսում այս երկրների գործընկերների հետ՝ 100 տոկոս կանխավճար են ուզում: Դրանով խնդիրը բարդանում է: Այսինքն՝ ձեռներեցը պետք է իր դրամական որոշակի միջոցներից տրամադրի, որպեսզի ներկրի այդ ապրանքները: Լոգիստիկ տեսանկյունից՝ կապը պետք է ձեռներեցը պահպանի ռումինական կամ լեհական կողմի հետ: Տրանսպորտային միջոցներին խնդրելը, տեղափոխելը, մաքսազերծելը բոլորը ժամանակի եւ ռեսուրսի ծախս է, որը գործարարի վրա բավականին թանկ է նստում»:
Ըստ Սամվել Գեւորգյանի, այլընտրանք է չինական շուկան, որտեղ որակ-գին հարաբերակցությունը հարմար է, սակայն Չինաստանի պարագայում լոգիստիկ խնդիրներն են շատ եւ բարդ, մատակարարման ժամանակահատվածը երկար է:
Պարոն Գեւորգյանի խոսքով, Թուրքիայից շատ արագ է ապրանքը հասնում Հայաստան, Արեւելյան Եվրոպայի երկրներից՝ երկու շաբաթ է տեւում: Նա խորհուրդ տվեց դեսպանատների միջոցով կապեր ստեղծել ու զարգացնել, քանի որ արդեն երկու տարի է դեսպանատների վրա այդպիսի գործառույթ է դրված՝ տնտեսական կապեր ապահովել:
Սամվել Գեւորգյանի խոսքով, այս իրավիճակում ամենախոցելի խումբը տոնավաճառի աշխատակիցներն են լինելու, որոնք այլընտրանք չեն ունենալու եւ շարունակելու են թուրքական ապրանքների հույսին մնալ: Ըստ նրա, նրանց բիզնեսն այս տարիների ընթացքում ժամացույցի պես աշխատել է, որովհետեւ կապեր են ստեղծել, լոգիստիկ հարցերը լուծել, սակայն հիմա խնդիրների առջեւ են կանգնել:
«Այդ լուծումը հետեւյալն է. բավականին մեծ քանակությամբ պետք է ներմուծեն եւ միգուցե փորձեն շուկայի ուղղվածությունը փոխել: Դա բավականին բարդ հարց է, որովհետեւ տոնավաճառի վաճառողներն ունեն իրենց հաճախորդները, որոնք գալիս են հենց այդ որակի եւ գնի ապրանք գնելու համար: Ուղղակի շատ արագ պետք է այդ այլընտրանքները գտնել»,-ասաց պարոն Գեւորգյանը՝ հստակեցնելով՝ ինչու է արգելքը վեցամսյա. «Հարցն առնչվում է Եվրասիական տնտեսական կարգավորումներին: Եթե առաջին անգամ որեւէ երկրի համար արգելք են մտցնում, պետք է վեց ամսից ավելի չլինի: Ես մեծ կասկած ունեմ՝ արդյոք կերկարացվի՞, թե՞ ոչ ու, եթե երկարացվի արդյոք այդ ապրանքների ցանկը կմնա՞ նույնը: Այս վեց ամիսը ցույց կտա՝ ինչ դասեր քաղեցինք, ինչ ռիսկեր եւ ինչ ապրանքների դեֆիցիտ առաջացավ եւ լուծումների շնորհիվ պետք է փորձենք գտնել այդ այլընտրանքները»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ