«Էրդողանի հայտարարությունները հակասում են իրար: Նա շարունակում է ժխտել ցեղասպանությունը եւ ցեղասպանությունն իրականացնողի անունը դիտավորյալ, հատուկ հնչեցնում է: Սա նշանակում է, որ իրենք չեն հրաժարվել ցեղասպանական քաղաքականությունից: Հետեւաբար, անվտանգության առումով չենք կարող վստահություն ունենալ»,-խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում այսօր անդրադառնալով երեկ Բաքվի զորահանդեսում Թուրքիայի նախագահի հայտարարություններին՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների հայտարարություններն, ըստ էության, նրա մասին են, որ դեռ երկար այս տարածաշրջանում խաղաղության մասին խոսելը վաղ է լինելու: Նրանք այդ հայտարարություններով նաեւ Ռուսաստանի դեմ են գնում, որովհետեւ եռակողմ հայտարարության միջնորդն ու պահպանողը ՌԴ-ն է՝ որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր»,-նկատեց Մարուքյանը:
Նրա խոսքով. «Մինչեւ իրենք չձերբազատվեն ցեղասպանական հայտարարություններից…նախ, առաջին անգամ չեն ասում, որ Երեւանն էլ է իրենցը: Բազմիցս են ասել: Մինչեւ չհրաժարվեն այդ մոտեցումներից, չեմ պատկերացնում որեւէ հարաբերություն, գործակցություն հանուն տարածաշրջանի զարգացման կամ առեւտուր անելու: Նախ, պետք է այդ հռետորաբանությունից հրաժարվեն: Պետք է լինեն ակնհայտ երաշխիքներ, որ որեւէ ոտնձգություն չպետք է լինի ՀՀ սուվերեն տարածքի կամ Արցախի մնացած տարածքի հանդեպ: Դա տարիների հանգամանք է»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ