«Կանխատեսումն անշնորհակալ գործ է, բայց ես չեմ տեսնում դա: Տեսնում եմ, որ ամենաուշը վեց ամսից կունենանք արտահերթ ընտրություններ: Թե ոնց եւ ով կկազմակերպի, դա եմ տեսնում: Գուցե սխալվում եմ: Եթե սխալված լինեմ, հունիս-հուլիսին կմեկնաբանեմ, թե ինչու դա տեղի չունեցավ»,-խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այսօր անդրադառնալով հարցին՝ «հավանական համարո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանը մի տարի էլ կձգձգի եւ հրաժարական չի տա», ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ «Լուսավոր Հայաստանը» ունակ է կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ եւ երաշխավորում է դրանց արդարությունն ու թափանցիկությունը. «Մեր կազմակերպած արտահերթ ընտրությունների ժամանակ որեւէ մեկը չի կարող փող բաժանել, բայց ունենք այն, ինչ ունենք: Հայաստանի քաղաքական պատմության մեջ ընդդիմության պահանջը մի անգամ է բավարարվել, երբ Նիկոլ Փաշինյանը պահանջել է Սերժ Սարգսյանի հրաժարականը: Անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականն ընդդիմության պահանջ չէր»:
Կարդացեք նաև
Հարցին՝ «եթե պնդում եք, որ միայն դուք կարող եք կազմակերպել, վստահություն չունե՞ք 17 ուժերի հանդեպ, չե՞ք վստահում Վազգեն Մանուկյանին, չե՞ք քվեարկի նրա օգտին, եթե բանը հասնի դրան», Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Ես քաղաքականության մեջ չեմ կարող բացառել նման հանգամանքներ: Իրենք էլ չպետք է բացառեն, որ ինչ-որ պահի կաջակցեն մեր թեկնածուին: Եթե իրենք բացառեն այդ հանգամանքը, կարող է մենք էլ բացառենք իրենցը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ