«Գոյություն չունի հանրային կարծիք, որ ընդդիմությունը պետք է մանդատները վայր դնի: Ես ընտրվել եմ 12թ.-ից եւ ինչ ինձ հիշում եմ՝ մարդիկ ընդդիմությանը կոչ են անում մանդատները վայր դնել: Միշտ եղել է խոսակցություն, որ ընդդիմությունը պետք է մանդատները վայր դնի, որ իշխանությունն ինչ ուզի՝ անի»,-խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այսօր անդրադառնալով հարցին, թե ինչու ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը» մանդատները վայր չեն դնում, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Ո՞վ է նման բան որոշել, ո՞վ է այդ լոբինգն անում: Մեխանիզմը հետեւյալն է: Ընդդիմությունը եթե մանդատները վայր է դնում, ամեն մանդատի հետեւից ցուցակի հաջորդ թեկնածուն է մանդատ վերցնում: Այսինքն, խորհրդարանը դրա արդյունքում չի ցրվում, ճգնաժամ չի առաջանում: Ուստի դա ցածր իրավագիտակցության արդյունքում ձեւավորված պահանջ է: Նման բան չկա»,-նշեց Մարուքյանը:
Նկատառմանն ի պատասխան, որ կառավարության հետ վերջին հարցուպատասխանին ԲՀԿ-ն չմասնակցեց, իսկ «Լուսավոր Հայաստանը» մասնակցեց, Մարուքյանը պարզաբանեց՝ դրանից առաջ չէին մասնակցել հարցուպատասխանին, ինչն առաջացրել էր իրենց ընտրողների պահանջը՝ կառավարությանը Արցախի վերաբերյալ հարցեր հղելու եւ պարզաբանումներ ստանալու վերաբերյալ: Այդ պատճառով էլ, Մարուքյանի բնորոշմամբ, այս վերջին քառօրյայի ժամանակ մասնակցեցին գործադիրի հետ հարցուպատասխանին:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ