27-ամյա Գոռ Բաբայանը պատերազմի լուրը լսելուն պես Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել է Հայաստան, կամավորագրվել ու հոկտեմբերի 3-ից մեկնել առաջնագիծ։
Գոռը պատերազմը հաղթահարել է ողջ-առողջ, բայց նոյեմբերի 9-ի հրադադարից հետո տուն չի վերադարձել՝ համարելով, որ իր պարտքը դեռ չի կատարել։ Նոյեմբերի 20-ին Արցախի Կարմիր Շուկայի հատվածում մարտական խմբով տարածքի զննում իրականացնելիս կանգնել է ականին։ Պայթյունի հետեւանքով Գոռը կորցրել է աջ ոտքը, բավականին վնասվել է նաեւ ձախը, բայց այն բուժել հնարավոր է։
Սակայն սա դեռ ամենը չէ։ «Հայկական ժամանակի» հետ զրույցում Գոռ Բաբայանը պատմեց, որ եղբայրը՝ Դավիթ Բաբայանը, եւս պատերազմի մասնակից է, որը, ցավոք սրտի, անհետ կորած է համարվում։ «Եղբայրս ժամկետային զինծառայող է, իմացել էր, որ ես առաջնագծում եմ, Վայքից կամավորագրվել ու տեղափոխվել էր Արցախ»,- ասաց նա։
Գոռ Բաբայանն առողջական խնդիրներից ու իր հետ կատարվածից չի ընկճվել։ Նրա ցավոտ տեղը եղբայրն է:
Կարդացեք նաև
«Հենց հիվանդանոցից դուրս գրվեմ, ամուսնանալու եմ, շատ արագ։ Ամենաուշը երեք ամսից ես պիտի ամուսնանամ. սիրած աղջիկս ինձ է սպասում։ Մենակ ոտս դզեմ, որ կարողանամ քայլելով եկեղեցի մտնել։ Հետագայում պետք լինի՝ էլի արտագնա աշխատանքի կգնամ, բայց ասեմ, որ չեմ ուզում։ Ընտանիքի համար ամեն ինչ կանեմ։ Մնալու եմ իմ հողի վրա, իմ երկրում ու նույնը բոլորին եմ կոչ անում»,- ասաց նա։
Գոռը նաեւ անդրադարձավ այս օրերին Երեւանի Հանրապետության հրապարակում կատարվողին, չդադարող բողոքի ցույցերին․ «Հիմա էնպիսի պահ է, որ պետք չէ կանգնել հրապարակում գոռգոռալ: Իշխանափոխություն են ուզում, հեղափոխություն են ուզում՝ այդ մարդիկ առաջին հերթին իրենք պիտի հեղափոխվեն։ Մի լավ խոսք կա, ասում է՝ հին տերերը գնացին, նոր տերերը եկան, բայց բան չփոխվեց։ Հիմա, եթե էլի նոր տերեր գան, էլի ոչինչ չի կարող փոխվել, քանի դեռ ամեն մեկս մեր մեջ չենք փոխվել, որոշ առաջնային հարցեր ու արժեքներ վերանայել»։
Եզրափակելով իր խոսքը՝ կամավորական Գոռը նկատեց՝ պիտի համախմբվենք ու այս համընդհանուր սգին վերջ տանք։ Նա վստահ է, մեկ է, այդ հողերը հայ ժողովուրդը հետ է բերելու։ Այս սերունդը դա չանի՝ մեզնից հետո եկողներն են անելու։
Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: