«Եթե ընդհանուր նայենք պլատֆորմներին մասնակցելու առումով, ես հիշեցնեմ, որ Հայաստանը երկար տարիներ անդամակցում է, օրինակ, սեւծովյան տնտեսական համագործակցությանը, որի խորհրդարանական պատվիրակության ղեկավարը ես եմ: Դրա համահիմնադիր է Հայաստանը, եւ դրան մասնակցում են Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը եւ այլ երկրներ՝ տասներկու անդամ»,-խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այսօր ասաց «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով հետեւյալ հարցին՝ «Էրդողանը երեկ հայտարարեց Թուրքիա-Ռուսաստան-Վրաստան-Իրան պլատֆորմի մասին, եւ եթե Հայաստանն ուզում է, կարող է մասնակցել, իսկ ձեր խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասում է, թե թշնամու հետ երկխոսելու ժամանակն է, դա խմբակցությա՞ն դիրքորոշումն է, թե միայն նրա, ինչպե՞ս կարձագանքեք Էրդողանի ասածերին»:
Ինչ վերաբերում է Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, Բաբկեն Թունյանը հորդորեց նրանից մեկնաբանություն ստանալ:
Էրդողանի հայտարարության վերաբերյալ հարցի կրկնությանն ի պատասխան՝ Բաբկեն Թունյանը նշեց. «Եթե գլոբալ դիտարկենք, ՀՀ-ն պետք է սեփական շահերն առաջնորդի, եւ եթե այդ շահերից բխում է ինչ-որ պլատֆորմի մասնակցելը, պետք է մասնակցի: Եթե ոչ, ապա՝ ոչ…Ժամանակը գա, եթե դրա անհրաժեշտությունը լինի՝ կքննարկենք, կարծիք կարտահայտենք»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ