Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիացի վարձկաններին Ադրբեջանն օգտագործել է որպես «թնդանոթի միս». BBC

Դեկտեմբեր 11,2020 12:35

Թուրքիան և Ադրբեջանը հերքում են սիրիացի վարձկանների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի պատերազմում, մինչդեռ 4 սիրիացիներ BBC-ին պատմել են, որ Ադրբեջանում պահակային ծառայության համար գրանցվելուց հետո իրենց անսպասելիորեն նետել են առաջնագծի մարտերի մեջ:

Մասնավորապես, նրանցից մեկի խոսքով՝ իր ընկերներից մեկն իրեն հայտնել է, որ Ադրբեջանում լավ գործ կա, և պահանջվում է միայն ռազմական անցակետում հսկողություն կատարել:

«Նրանք մեզ ասել են, որ մեր առաքելությունն է լինելու ծառայել սահմանին որպես հսկիչ՝ խաղաղապահ: Նրանք առաջարկում էին ամսական 2000 դոլար: Մտածեցի, որ իսկական երջանկություն է մեզ համար»,- ասել է մյուսը վարձկանը, որին լրագրողը պայմանականորեն անվանում է Քութայբա:

Երկուսն էլ աշխատանքի դիմել են Թուրքիայի կողմից հովանավորվող «Սիրիայի ազգային բանակ» խմբավորման միջոցով:

Մի տարածքում, որտեղ քչերն են, որ կարողանում են օրական մեկ դոլարից ավելի աշխատել, խոստացված աշխատավարձն իսկապես երջանկություն է թվացել: Նման կերպ հավաքագրվել է 1500-2000 մարդ, որոնք Ադրբեջան են տեղափոխվել Թուրքիայից՝ ռազմական բեռնատար օդանավով:

«Ես չէի սպասում, որ ողջ կմնամ,- ասել է Քութայբան:- Հավանականությունը 1 տոկոս էր: Շուրջբոլորը մահ էր»:

Սիրիացի վարձկանները, ըստ BBC լրագրողի, տեղակայվել են Ադրբեջանի հարավային ճակատում, որտեղ զոհվելու հավանականությունը շատ բարձր էր:

«Իմ առաջին մարտը սկսվեց իմ ժամանելու հաջորդ օրը,- պատմել է Իսմայիլը, որի անունը նույնպես փոխված է:- Ինձ ու ևս 30 հոգու ուղարկեցին ռազմաճակատ: Մենք մոտ 50 մետր քայլեցինք, հանկարծ մեզ մոտ հրթիռ ընկավ: Ես պառկեցի գետնին: Հրթիռակոծությունն առանց դադարի շարունակվեց մոտ 30 րոպե: Այդ րոպեները տարիներ էին թվում: Հենց այդ ժամանակ ես ափսոսացի, որ եկել եմ Ադրբեջան»:

«Մենք չգիտեինք՝ ինչ անել, ինչպես արձագանքել,- պատմել է մեկ այլ վարձկան՝ Սամիրը՝ հավելելով, որ ինքը և իր հետ եկածների մեծ մասը ռազմական փորձ կամ պատրաստվածություն չեն ունեցել:- Ես տեսել եմ՝ ինչպես էին մարդիկ մահանում, իսկ մյուսները խելագարի նման վազում էին: Նրանք անգամ չէին հասկանում՝ ուր են գնում, քանի որ սովորական քաղաքացիներ էին»:

Նրանք բոլորն էլ պատմել են, որ իրենց շատ քիչ են տրամադրել բժշկական աջակցություն կամ պաշտպանական միջոցներ: Վարձկանների խոսքով՝ իրենց ընկերներից շատերը պարզապես արյունաքամ են եղել մարտի դաշտում այն դեպքում, երբ բժիշկները հեշտությամբ կարող էին նրանց փրկել:

CNA ռազմական կենտրոնի փորձագետ Մայքլ Քոֆմանը BBC-ի հետ զրույցում ասել է, որ վարձկաններ օգտագործելու նպատակը եղել է նվազեցնել ադրբեջանցի զինվորականների կորուստները:

«Նրանք շատ քիչ զոհեր են ունեցել, հատկապես հարավ-արևելքում,- ասել է նա:- Այդ վարձկանները, ըստ էության օգտագործվել են որպես ծախսվող հարձակողական զորքեր՝ դեմ գնալու առաջին ալիքին:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031