Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարդան Հարությունյան. «Այն ուժերը, որոնք 2018-ին եկան իշխանության, չկարողացան կամ չցանկացան կենսագործել 2018-ի պահանջները». «Հրապարակ»

Դեկտեմբեր 11,2020 11:41

Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է։ Թեմայի շուրջ զրուցել ենք իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ։

– Պարոն Հարությունյան, երկրում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված ինչպիսի՞ իրավիճակ է, իշխանությունները հետաքրքրվա՞ծ են այս հարցով։

–  Ես որքան հասկանում եմ, գործող իշխանություններն այդ թեմային չեն էլ անդրադառնում։ Ըստ էության, իրենք իշխանության գալով՝ իրենցով փոխարինեցին քաղհասարակությունը, այս տարիների ընթացքում երկխոսություն քաղհասարակության հետ, որպես այդպիսին, չեմ տեսել, իսկ պատճառը, ինչպես ասացի, այն է, որ իրենք քաղհասարակություն են, մինչդեռ հնարավոր չէ միեւնույն ժամանակ լինել ե՛ւ քաղհասարակություն, ե՛ւ իշխանություն։ Բնականաբար, պետք է հաշվի առնենք նախկին խնդիրները, որ ունեցել ենք, եւ նաեւ պետք է հաշվի առնվի, որ 2018-ից հետո ձեւավորված իշխանությունները խնդիրները լուծելու լուրջ եւ ծանրակշիռ քայլեր չեն նախաձեռնել։ Ճիշտ է՝ այս իշխանության օրոք մենք չենք ունեցել քաղբանտարկյալներ, չենք ունեցել այն ամենը, ինչ եղել է նախկինում, բայց նաեւ այս իշխանությունների օրոք մենք չենք տեսել նախկինում արված սխալների ուղղում, չենք տեսել քաղաքական գնահատական, չենք տեսել մի այնպիսի սահմանի գծում, որից հետո Հայաստանում չպետք է հնարավոր լինեն բռնություններ։ Դա է պատճառը, որ այսօր մենք փողոցում տեսնում ենք ցուցարարների եւ ցուցարարների դեմ դուրս եկած ոստիկանների, դա է պատճառը, որ մենք այսօր կրկին փողոցում տեսնում ենք ցուցարարների եւ ոստիկանների բախում, որովհետեւ այն խոստումները եւ այն խնդիրները, որոնք բարձրացվել էին, մնացին խոստումների մակարդակում եւ չդարձան կյանք, չկենսագործվեցին, եւ դրանք իրականացնելու ուղղությամբ որեւէ քայլ չարվեց։

– Ինչո՞ւ չարվեց։

– Չարվեց, որովհետեւ ոչ միայն քաղաքական կամք չունեին անելու, այլեւ ես հիմա սկսում եմ մտածել, որ անելու ցանկություն նույնպես չունեին։

– Ի՞նչ դիտարկումներ ունեք բողոքի ակցիաների հետ կապված, արդյոք չե՞ն խախտվում ցուցարարների իրավունքները։

– Միշտ էլ ոստիկան-ցուցարար հարաբերությունների մեջ կարելի է դիտարկել որոշակի խախտումներ երկու կողմերից էլ, եւ խոսքը միայն Հայաստանին չի վերաբերում․ Ֆրանսիայից, եվրոպական երկրներից սկսած՝ ամենուր ոստիկաններն ու ցուցարարները բախվում են։ Նման դեպքեր, ցավոք, շատ են լինում, բայց ինձ համար այստեղ ամենակարեւորն այդ բախումները չեն, այլ՝ որ Հայաստանում նման իրավիճակ է արձանագրվում։ Ես ինձ դասել եմ եւ շարունակում եմ դասել այն մարդկանց թվին, որոնք կարծել են, որ 2018 թվականից հետո մենք սահման ենք գծում եւ այլեւս չենք տեսնելու այն, ինչ եղել է մինչեւ այդ, բայց, ցավոք, այս անգամ էլ ես հիասթափվեցի, եւ այսօր մենք մեր փողոցներում տեսնում ենք այն, ինչ տեսնում էինք 2018-ից առաջ։ Դա նշանակում է, որ այն ուժերը, որոնք 2018-ին եկան իշխանության, չկարողացան կամ չցանկացան կենսագործել 2018-ի պահանջները։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031