Չնայած այս պահին ոմանց թվում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հավերժ է կամ, համենայնդեպս, կձգվի մի քանի տասնամյակ, դա, ըստ երեւույթին, այդպես չէ: Վաղ թե ուշ ամեն ինչ ավարտվում է՝ հավատացեք իմ փորձին: Երբ էլ տեղի ունենա հաջորդ իշխանափոխությունը, հենց հիմա, կարծում եմ, ճիշտ ժամանակն է, վերջին շրջանի կործանարար սխալները հասկանալու եւ ապագայում դրանք չկրկնելու համար: Այդ համատեքստում ինձ թույլ կտամ երկու խորհուրդ տալ Հայաստանի ապագա իշխանություններին:
Հասարակությունը եւ ազգը «սեւերի» եւ «սպիտակների», «նախկինների» եւ «ներկաների» մի՛ բաժանեք: Այդ պահի՝ իշխանափոխությունից հետո «նախկինների» (այսինքն՝ Փաշինյանի), ինչպես նաեւ «նախկինների նախկինների» ու նրանց համակիրների մեջ կան հայրենասեր մարդիկ, արժեքավոր կադրեր, իրենց գործի պրոֆեսիոնալներ, որոնք կարող են ծառայել մեր պետությանը: Փաշինյանի, Սարգսյանի, Քոչարյանի, Տեր-Պետրոսյանի թիմից լինելը, նրանց համակրելը (ինչպես նաեւ հակակրելը) չի կարող չափանիշ լինել՝ մարդուն եւ քաղաքացուն գնահատելու համար: Նելսոն Մանդելան, դուրս գալով բանտից, միանգամից ներեց իր բանտապետերին եւ դատախազներին ոչ թե այն պատճառով, որ բարի մարդ էր, այլ՝ պետության շահերից ելնելով: Նրա նպատակն էր կերտել սեւամորթ եւ սպիտակամորթ հարավ-աֆրիկացիների միասնությունը: Հայաստանի ապագա իշխանություններ, դուք կանգնած կլինեք նմանատիպ մարտահրավերի առաջ, դուք պիտի փորձեք սիրով, հանդուրժողականությամբ, համբերատարությամբ լցնել այն անդունդը, որն առաջացել է մեր հասարակության, հայության տարբեր հատվածների միջեւ՝ անդունդ, որը Փաշինյանի իշխանությունը այս 2,5 տարում խորացրել է՝ իր վարկանիշը բարձրացնելու անմիտ ձգտումով: Դա վերացական հարց չէ. խոսքը, վերջին հաշվով ազգային անվտանգության մասին է:
Եվ, հետեւաբար, մի՛ սկսեք ձեր իշխանության շրջանը «նախկինների» հետապնդումներից, նրանց «ասֆալտին փռելու» շոուներից եւ դատավարություններից, որքան էլ զանգվածներն «արյուն» պահանջեն: Վրեժ մի՛ լուծեք Նիկոլ Փաշինյանից: 2018 թվականին փողոցում հավաքված զանգվածները պետության ղեկը տվեցին պետության ղեկավարության հարցում ոչ կոմպետենտ մարդու: Վերջինս, համաձայնելով ստանձնել այդ պատասխանատու պաշտոնը, խիստ գերագնահատեց իր ունակությունները եւ, ինչպես ասում են, «պետությունը գցեց ոտին»: Դա բերեց սարսափելի ողբերգության, բայց դա հանցագործություն չի՝ ապաշնորհ ղեկավարության համար, որքան գիտեմ, Քրեական օրենսգրքով հոդվածներ նախատեսված չեն: Եթե հաջորդ իշխանությունը սկսի Փաշինյանին եւ նրա թիմակիցներին «հոդվածներ կպցնել» («դավաճանություն» եւ այլն), դա կլինի քաղաքական վրեժխնդրության նոր դրսեւորում: Եվ մենք կրկին կհայտնվենք ատելության շրջապտույտի մեջ. դա կնշանակի, որ «հաջորդների հաջորդները» կսկսեն ատելություն սերմանել «հաջորդների» նկատմամբ եւ վրեժ լուծել նրանցից: Ինչ-որ մի կետում պետք է կանգ առնել:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Փաշինյանի իշխանությունը Սերժ Սարգսյանի իշխանության էստաֆետը վերնցողն ու շարունակողն է: Սերժ Սարգսյանինը՝ Ռոբերտ Քոչարյանի: Ռոբերտ Քոչարյանինը՝ Լեւոն Տեր Պետրոսյանի: Լեւոն Տեր Պետրոսյանինը՝ Ռուս-եվրոպական մշակութային լիբերալիզմի…
Այս իշխող կառույցների մոտ նկատվում է պահեստային երրորդ ուժի՝ «հայկական» «կանաչների» կամ «գորշերի» վերակենդանացման միտում (“Бей белых, пока не покраснеют, бей красных, пока не побелеют!”): Դա կհանգեցնի Ալեքսանդրապոլի հաջորդ համաձայնագրին կամ ռուս-օսմանյան զորքերի ժամանմանը:
Պարոն Աբրահամյան,
Մտահոգ էինք ձեր լռութեամբ, լաւ է նորէն գրեցիք։
Համաձայն եմ ձեր հետ։ Աւելին՝ փաշինյանի եւ նաեւ իրմէ առաջուաններու վարգագիծը, նոյնիսկ եթէ կը պարունակեն հանցագործութիւններ, կրնան իսկապէս քննութեան ենթարկուիլ միայն համերաշխ եւ արդար պետութեան մը հիմքերու դրուելէն ետք։
Ապաշնորհություն է դա, թե կանխամտածված դավաճանություն, թե այլևայլ հանգամանքներով պայմանավորված անասնական բարդույթներ (տե՛ս օրինակ, Пациент Адольф Гитлер: в поиске клинических оснований зла. այնտեղից՝ …Советский психиатр А.Е. Личко рассматривал случай Гитлера как пример паранойяльного развития личности на почве истерической психопатии), արդյունքը պետության համար ողբերգական է. հազարավոր զոհեր ենք տվել, տարածքներ ենք կորցրել, նոր կորուստների իրական վտանգ կա, հազարավոր հաշմանդամներ ունենք, մարդկանց մեջ կոտրվել է հաղթանակածի հոգեբանությունը: Խոշոր հաշվով, հետևանքները դեռ նոր են երևալու: Կներեք, բայց Ձեր դիրքորոշումը պետականամետ չեմ համարում: Պետությանը հասցրած ահռելի վնասի ու մարդկային կորուստների համար մեր գավառական պացիենտը պիտի դատվի՝ առանց ատելության, օրենքի տառով, նաև՝ որպես սեփական երկրի հանդեպ պատերազմական հանցագործություններ կատարած անձ: Ես կարծում եմ, որ միայն համապարփակ իրավաբանական գործընթացը և դրա արդար ու խիստ արդյունքը կօգնի մեր հասարակությանը ըմբռնել, թե ինչ բերեցինք մենք՝ մեր գլխին: Մոտավորապես այնպես, ինչպես Հիտլեր ընտրած գերմանական ազգը հասկացավ ու մեղանչեց:
Պետությունը՝ դա առաջին հերթին ԱԱԾն է, սովետի ԱԱԾը պարտվեց՝ երկիրը քանդվեց, պարտվեցին նաեւ անկախացած հանրապետությունների ԱԱԾները, նախկին հանրապետություններում օտար գործակալների ոհմակները սկսեցին զբաղեցնել ամենաբարձր պաշտոնները, որոնք սկսեցին հոշոտել այդ հանրապետությունների հարստություններն ու հարստահարել տեղի ժողովուրդներին:
Ու միշտ, քանի չկա ԱԱԾ
Չի լինելու երկրի վըրա
Ոչ շիտակ խոսք, ոչ կյանք, ոչ սեր։
Իմ համոզմամբ ամենակարևորը, թե ում ենք տեսնում հաջորդ իշխանության դերում: Եթե նախկիններին (զանազան դեմքերով), ապա հայրենիքը առժամանակ կլքի ազգի նշանակալի հատվածը(իսկ ավելի հավանական է ընդմիշտ): Ով պահանջում է կառավարության հրաժարական առանց նշելու, թե ում է ակնկալում հաջորդ կառավարությունում, միանգամից ասոցացվում է նախկինների հետ, քանի որ այսօր հարթակում նրանք են: Ճիշտ կլիներ կուսակցությունների մասին օրենքը, ընտրական օրենսգիրքը փոփոխելուց հետո նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ ներկա իշխանության օրոք: Այդ գործընթացի կազմակերպման համար այլոց չեմ տեսնում:
Այս պատերազմը տեղի կունենանար ցանկացած իշխանության պարագայում, սա շատերն են գիտակցում, սակայն ինչ-ինչ նկատառումներից ելնելով, քչերն են այդ մասին բարձրաձայնում…
Դուք ձեռ գրառումէն առաջ քոնէ համբարյանի յօդուածը կարդացի՞ք։
“Հասարակությունը եւ ազգը «սեւերի» եւ «սպիտակների», «նախկինների» եւ «ներկաների» մի՛ բաժանեք:”
Ինչու՞ ձեր երեւակայութիւնը բաւարար չէ բոլոր խմբաւորումներուն մէջ արժանավայել, պարկեշտ, լուրջ եւ կարող անձիք փնտռելու։