Մեկ ամսում Նիկոլ Փաշինյանը չկարողացավ կամ չցանկացավ իր ստորագրության շոկը հաղթահարել և վերջապես քայլեր ձեռնարկել՝ պետության գահավիժումը կանխելու համար: Մի քանի նախարարների փոփոխությունը ոչինչ է՝ համեմատած խնդիրների շարքի հետ:
Եթե նա կարողանար հաղթահարել սեփական ընկճախտը, նոյեմբերի 10-ից հետո պիտի հայտարարեր, որ պատրաստ է հրաժարական տալ ու կես տարի հետո նշանակեր արտահերթ ընտրություններ, ոչ թե ինչ-որ ճանապարհային քարտեզ հրամցներ, որ ֆիկցիա է:
Նույնիսկ հիմա, երբ հազարավոր մարդիկ փողոց են դուրս գալիս հրաժարականի պահանջով, նա տարբերակ ունի՝ արտահերթ ընտրությունների օր հայտարարել, բայց արդեն ոչ թե 6, այլ՝ ամենաուշը 2 ամսից: Ճիշտ ինչպես պատերազմի ժամանակ՝ հրադադարի յուրաքանչյուր հաջորդ տարբերակ նախորդից վատն է լինելու՝ մինչև կապիտուլյացիա:
Մեկ ամսում Նիկոլ Փաշինյանը չկարողացավ ոչ միայն ինքը ընկճախտից դուրս գալ, այլև ընկճախտից հանել կառավարությանը ու ԱԺ մեծամասնությանը, որ հալվում է, բայց շատ փոքր արագությամբ իրավիճակ փոխելու համար:
Կարդացեք նաև
Փաստացի՝ պետական կառավարման համակարգը ավտոպիլոտի վրա է, որի ապացույցը 2021-ի պետբյուջեի նախագծի ընդունումն էր երեկ: Այն նախագծի, որ կազմվել էր նախքան պատերազմը և ներկայացվեց ու ընդունվեց՝ առանց իրավիճակին համարժեք ու անհրաժեշտ փոփոխությունների, որի առաջին ապացույցը պետբյուջեում նախատեսված չարաբաստիկ պարգևատրումներն են:
Չկա խորհրդարան-կառավարություն համագործակցություն: Ավելին՝ ՔՊ-ի պատգամավորներն անում են քայլեր, որ բացարձակապես դեմ են ոչ միայն կառավարության անդամների հայտարարություններին, այլև ՀՀ պետական շահին:
Օրինակ՝ երբ ԱԳ նախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 7-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո պատասխանում է հարցերին ու հայտարարում, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին վաղ է խոսել, նախ պետք է վստահության մթնոլորտը վերականգնել, արտառոց է, որ դեկտեմբերի 8-ին Երևանում, ԱԺ-ում գտնվում է ՔՊ պատգամավոր, որ հայտարարի՝ Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կարող է փոխել սպասվող հեռանկարները. «Դիվանագիտությունը պետք է հիմնված լինի տնտեսական, ռազմական և բարոյահոգեբանական բոլոր հնարավոր ռիսկերի գնահատման վրա»: Առաջ ինչի՞ վրա էր հիմնված, կամ այդ բառակույտը ի՞նչ է նշանակում: Գուցե խորհրդարանն արդեն ինքն իրեն ու հասարակությանը նախապատրաստում է հայ-թուրքական արձանագրությունների վավերացմա՞նը: Մոռանալով, որ տարածաշրջանում իրավիճակ է փոխվել ու փոխվել է ի վնաս մեզ, և հիմա նույն այդ «տնտեսական, ռազմական և բարոյահոգեբանական», հավելած քաղաքական ռիսկերի վերագնահատում է պետք: Երբ նույն ԱԳ նախարարը Մոսկվայում հայտարարում էր, որ Թուրքիան պետք է հեռանա Արցախի օկուպացված հողերից՝ հակառակ Լավրովի հայ-թուրք-ադրբեջանական բարեկամության հորդորի:
Ընդհանրապես երկիրը պետք է դրվի կառավարման այլ ռեժիմի մեջ՝ կտրականապես հրաժարվելով ավելորդ ծախսերից՝ կառավարության ու պատգամավորների գլամուրային ու կրեատիվ կայֆերի, պարգևավճարների ու զբոսաշրջային գործուղումների ժամանակը սպառվել է, հիմա ամեն լուման պիտի հաշվարկված ծախսվի՝ բանակին ու տնտեսությանը, կրթությանն ու արտադրությանը: Վերջ: Դրախտն ավարտվել է, սկսվել է կյանքի դժոխքը: Ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանի խոստացած դրախտն է ավարտվել, ու հայտնվել ենք նրա ստեղծած դժոխքում, որից դուրս գալու համար նախ պետք է անցնել քավարանով: Ոմանք դրա հույսն էլ չունեն:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում