Քաղաքագետ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆՆ այն տեսակետին է, որ նոյեմբերի 10-ից հետո Լեռնային Ղարաբաղի 26 տարվա բանակցային գործընթացի՝ տարիներ շարունակ առաջ քաշված հիմնադրույթները հօդս ցնդեցին:
«Իրատեսի» հետ զրույցում մեկնաբանում է՝ քաղաքական պայքարի տրամաբանությունն այն է, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունն իրենց նպատակին հասնելու համար ցանկացած առիթ կարողանան օգտագործել: Հետևաբար, հավելում է, նոյեմբերի 10-ից հետո ստեղծված իրավիճակը կամ առիթն ընդդիմությունն իշխանության հասնելու համար դժվար թե բաց թողներ:
-Իշխանության դիրքերը բավական թուլացել են, ու դժվար է պատկերացնել, որ պարտված երկրի քաղաքական իշխանությունները կարող են պահպանել ցանկալի վարկանիշը,- ասում է քաղաքագետը։- Ըստ էության, ընդդիմության համար այժմ ամենահարմար պահն է իշխանությունը վերցնելու: Ներքաղաքական իրավիճակի յուրահատկությունն այն է, որ ընդդիմություն-իշխանություն պայքարի ընթացքում չեն քննարկվում Հայաստանի զարգացման, ապագայի, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հարցերը:
Առարկայական միակ բանավեճը պատերազմի արդյունքների շուրջ է ծավալվում: Ընդդիմության միակ փաստարկն այն է, որ պարտված քաղաքական ուժը չի կարող իշխանության մնալ: Բայց, ըստ իս, պատերազմից հետո Հայաստանի համար ամենամեծ խնդիրը սահմանազատման հարցն է: Հայաստանի հանրապետությունը հարևան պետություններից և ոչ մեկի հետ ավարտված սահմանազատում ու սահմանագծում չունի: Իրանի ու Թուրքիայի հետ սահմանագծումը դեռևս ԽՍՀՄ տարիներին է իրականացվել, բայց, օրինակ, Ադրբեջանի հետ սահմանը հստակեցված չէ, այդ գործընթացը կիսատ-պռատ է իրականացվել նաև Վրաստանի հետ:
Կարդացեք նաև
Այս բարդ խնդիրները լուծելու համար է, որ ընդդիմությունն ասում է, թե Փաշինյանի իշխանությունը բավարար ռեսուրսներ չունի, միջազգային ասպարեզում էլ չունի այն ընկալունակությունը, որ լուծի այս հարցերը: Այս պահին իշխանության դեմ կոնսոլիդացվել է գրեթե ամբողջ քաղաքական դաշտը, այնինչ իշխող թիմը փաստացիորեն դաշնակից, աջակցող կամ սատարող քաղաքական միավոր չունի:
Բայց ուզում եմ նշել նաև, որ այս լարվածությունը դրական չի ընդունվում հասարակության կողմից: Իհարկե, բոլորս էլ հասկանում ենք՝ երկրի առջև ինչ խնդիրներ են ծառացել, հասկանում ենք հին ու ներկա իշխանությունների մեղքն այս ամենի մեջ, բայց միաժամանակ ստեղծվել է այնպիսի կացություն, որ մարդիկ վշտից քարացել են: Սրան զուգահեռ՝ կա 17 ուժերի հետևից գնացող ակտիվ զանգված, որն իսկապես մտել է պայքարի մեջ, ներգրավվել է փողոցային այնպիսի գործընթացներում, որոնց նպատակն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելը:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում