Լրահոս
Օրվա լրահոսը

20-ամյա Մխիթարը ընկերոջ` Հայկի հետ կենդանի վահան էր դարձել եւ փրկել մյուս ընկերոջ՝ Արթուրի կյանքը

Դեկտեմբեր 11,2020 12:00

«Վերջին անգամ որդուս գրկել եմ հուլիսի 12-ին: Մխիթարիս վերադարձին մնացել էր ընդամենը 3.5 ամիս, հոկտեմբերի 9-ից պետք է հաշվեինք 100 օրը, ավա՜ղ, չհասանք այդ օրվան…»,- Մխիթար Գալեյանի մայրը` տիկին Աստղը, հավատում էր, որ որդին տուն կվերադառնա։ Այս սպասումով է մինչեւ հիմա։ Չի հաշտվում իրականության հետ։

Մխիթարի կերպարին բնորոշ էր խորը ընկերասիրությունը։ «Ընկերասեր էր։ Ամեն ինչ կտար ընկերոջ համար, ինչը եւ ապացուցեց մարտադաշտում»,-այսպես են հիշում ընկերները։

Մխիթարի ընկերներից Գոռն ասում է, որ մականունն էլ ճիշտ էր ընտրված՝ դուխավիկ Մխո, թույլերին միշտ պաշտպանում էր, սիրված էր եւ ոչնչից էլ չէր վախենում ու չէր խուսափում ծառայելուց:

«Որդիս շատ աշխույժ եւ անդադար շարժվող երեխա էր։ Ծնվել, մեծացել էր Երեւանում։ Մեկ տարեկանից արդեն զգացվում էր սերը դեպի սպորտը»,- արցունքները մի կերպ զսպելով՝ ասում է հերոսի մայրը։

Մխիթարի հայրն ինքնակամ գնաց Արցախ, որ որդու կողքին լինի ու իր մարմնով պաշտպանի նրան: Սակայն այդպես էլ իրար չհանդիպեցին: Ծանր վիրավորումով Մխիթարի հայրը տեղափոխվեց Երեւան: Իսկ Մխիթարն այդ ժամանակ ծանր մարտեր էր վարում իր դասակի հրամանատարի հետ: Ծանր մարտում զոհվում է դասակի հրամանատարը: Որպես դիրքի ավագ, նա իր վրա է վերցնում մարտն ու մինչեւ վերջ պայքարում: Նա միայն գոռում էր՝ «Տղե՛րք, չվախենաք, դուք զգույշ եղեք, ես ամեն ինչ կանեմ, մենակ ձեզ բան չպատահի, հեսա հերս գալու ա»: Նահանջի հրաման եղավ, որի ժամանակ նրա ընկերը վիրավորվում է, եւ Մխիթարն ու Հայկը հետ են գնում՝ ընկերոջը փրկելու, եւ հենց իրենց մարմնով էլ փրկում են ընկերոջը։

Հիմա միայն կարոտով եւ հպարտությամբ է մայրն իր որդուն հիշում։ Ասում է` տունս դատարկ է։ Անգամ Մխիթարի նկարը գրկած է քնում, որ գոնե երազում տեսնի որդուն։ Տիկին Աստղը որդու հետ վերջին անգամ տեսակապով սեպտեմբերի 26-ին էր խոսել, չարագույժ պատերազմի նախորդ օրը։

Դեռ որդու մանկությունն աչքերի առաջ է եւ ամեն քայլափոխի մտովի տարիների գիրկն է վերադառնում ու էներգիայով լի Մխիթար որդու մասին հիշում. «Մխիթարիս մահճակալը բավականին բարձր էր, մի օր խոհանոցում գործ էի անում ու զգացի, որ մի շողք անցավ, ճիշտն ասած, շատ վախեցա. պարզվեց՝ Մխիթարս ինքնուրույն իջել է մահճակալից ու վազել հյուրասենյակ։ 3 տարեկանից հետո տանից փախնում էր բակ, միայն հասցնում էի լսել տան դռան չխկոցը եւ Մխիթարս արդեն խաղահրապարակում էր՝ պտտաձողերից կախված»։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031