Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Զորակոչից հրաժարվել էր. քննիչը կարճել է գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով

Դեկտեմբեր 11,2020 13:00

Նրա մոտ ախտորոշվել էր «անձի շեշտվածություն՝ հիստերիկ տիպի»: Այն, որ ինքը հաշվառվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում, իմացել է 2019թ. մարտին միայն

Այս տարվա սեպտեմբերի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի 4-րդ կայազորային քննչական բաժնում ընդունվում է որոշում՝ զորակոչիկ Ա.Օ.-ի նկատմամբ քրեական գործով վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Ա.Օ.-ի իրավունքների պաշտպանությունը 2018-ից իրականացնում էին ՀՔԱՎ փաստաբաններ Ս. Սողոմոնյանը, ապաեւ՝ Հայկ Հակոբյանը:

2017 թ.-ի ամառային զորակոչին, երբ երեւանաբնակ Ա.Օ.-ը ներկայանում է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի (ԿԲՀ) նիստի, նրան տրվում է «ասթենոնեւրոտիկ վիճակ հիստերիկ անձի մոտ» ախտորոշում: Ա.Օ.-ն ստանում է 6-ամսյա տարկետման իրավունք: Նույն տարվա ձմեռային զորակոչին Կենտրոնական բժշկական հանձնաժողովը (ԿԲՀ) նրան ճանաչում է պիտանի զինծառայությանը:

Չհամաձայնելով ԿԲՀ-ի որոշման հետ՝ Ա.Օ.-ն հրաժարվում է զորակոչվելուց, որի արդյունքում 2018 թ.-ին նրա նկատմամբ հարուցվում է քրեական գործ, իրականացվում քրեական հետապնդում: Որպես խափանման միջոց կիրառվում է ստորագրությունը՝ չհեռանալու մասին: ՀՔԱՎ փաստաբան Ս. Սողոմոնյանը գրությամբ դիմում է ՀՀ նախկին զինկոմիսարին՝ խնդրելով տրամադրել Ա.Օ.-ի անձնական գործում առկա առողջական վիճակի եւ ԿԲՀ որոշումների պատճենները:

Համապատասխան փաստաթղթերը սահմանված ժամկետում տրամադրվում են: Դրանցից պարզ է դառնում, որ զորակոչի ժամանակ Ա.Օ.-ն, ի թիվս ֆիզիկական առողջությանն առնչվող բազմաթիվ բուժզննությունների, անցել է նաեւ հոգեկան առողջության խնդիրների հետ կապված զննություն: Նրա մոտ ախտորոշվել է «անձի շեշտվածություն՝ հիստերիկ տիպի»: Այն, որ ինքը հաշվառվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում, իմացել է 2019 թ.-ի մարտին միայն: Կենտրոնի տնօրենին ուղղված գրությամբ Ս. Սողոմոնյանը տեղեկություններ է հայցել առ այն, թե ինչ հետազոտությունների եւ ախտորոշման հիման վրա է Ա.Օ.-ն հաշվառվել իրենց մոտ: Կենտրոնից տեղեկացրել են, որ նա հաշվառվել է 2017 թ.-ի հուլիսի 6-ին՝ իր գրավոր դիմումի համաձայն եւ 2019 թ.-ի մարտի 29-ից գտնվում է իրենց հսկողության տակ: Կենտրոնում հաշվառելու հիմք են հանդիսացել «Նորք» հոգեկան առողջության կենտրոնի քաղվածքները՝ «անձի մոտ հիստերիկ տիպի նեւրասթենիա» ախտորոշմամբ:

Նշենք, որ 2018 թ.-ի օգոստոսին նախաքննական մարմին ստացված հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ Ա.Օ.-ի մոտ ախտորոշվել են սրտի հետ կապված խնդիրներ՝ «չափավոր նեյրոցիրկուլյատոր դիստոնիա, սրտի ռիթմի խանգարումներ, միտրալ հետհոսք 0-1 աստիճանի: Նյարդային համակարգի կողմից պաթոլոգիա հայտնաբերված չէ», որոնց առաջացման վաղեմությունը հստակ որոշել հնարավոր չի եղել: 2018-ի հոկտեմբերին մեղադրյալ զորակոչիկի նկատմամբ նշանակվում է կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն:

Հարուցված քրեական գործի շրջանակում 2019 թ. հուլիսին ՀՀ առողջապահության նախարարությանը կից ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական միջգերատեսչական հանձնաժողովում Ա. Օ.-ի նկատմամբ նշանակվում է ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն: 2019 թ.-ի հոկտեմբերի 2-ին Ա.Օ.-ն անցնում է այդ փորձաքննությունը, որի եզրակացությանն այդպես էլ չի տեղեկացվում: 2019 թ.-ի հոկտեմբերին վարույթն իրականացնող մարմինն, ստանալով կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, իր հարցադրումներն է ուղղում Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովին (ԿՌԲՀ): Վերջինս, ելնելով փորձագիտական եզրակացությունից, գտնում է, որ Ա.Օ.-ն ենթակա է փորձաքննության ՀՀ Կառավարության 404_Ն որոշման 28-րդ հոդվածի «բ» եւ «դ» կետերի 1-ին սյունակի պահանջների, որոնց համաձայն՝ զորակոչիկը ճանաչվում է պիտանի ծառայությանը՝ սահմանափակումով: Հաշվի առնելով հանգամանքը, որ սրտի ռիթմի խանգարումների աստիճանը ժամանակի ընթացքում կարող է փոփոխվել, ինչը ռազմաբժշկական փորձաքնության առումով ունի կարեւոր նշանակություն, 2017-ից մինչեւ 2019թ.-ի ամառային զորակոչը ներառյալ, Ա.Օ.-ի առողջական վիճակից ելնելով, զինծառայությանը նրա պիտանիության մասին հնարավոր չէ կարծիք կազմել՝ նշյալ ժամանակահատվածում հետազոտությունների տվյալների բացակայության պատճառով:

2020թ.-ի փետրվարի 21-ին ՀՔԱՎ գրասենյակը վերոհիշյալ հանձնաժողովի նախագահին ուղղված գրությամբ փորձում է տեղեկանալ՝ արդյոք Ա.Օ.-ի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության եզրակացություն կազմվել է, թե ոչ, եթե այո՝ արդյոք այն տրամադրվել է վարույթն իրականացնող մարմնին եւ երբ: Եթե չի կազմվել՝ ինչո՞ւ եւ ի՞նչ ժամկետներում կկազմվի: Հանձնաժողովից պարզաբանում են, որ Ա.Օ.-ի փորձաքննության մասին տեղեկությունները նախաքննական գաղտնիք են եւ ենթակա չեն հրապարակման՝ առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության: Ինչ մնում է դատահոգեբուժական փորձաքննության կատարման ժամկետներին՝ ներկայում դրանք որեւէ իրավական ակտով սահմանված չեն:

2020 թ.-ի մարտի 17-ին քննչական բաժին է ստացվում ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի եզրակացությունը: Ըստ այդմ՝ Ա.Օ.-ի մոտ հայտնաբերվել են հոգեկան առողջության խնդիրներին առնչվող մի շարք ախտորոշումներ: Մեկանգամյա զննությամբ հնարավոր չի եղել պարզել: Ուստի՝ տարբերակիչ ախտորոշման նպատակով, առաջացել է Ա.Օ.-ին երկարատեւ դիտարկելու անհրաժեշտություն: 2 օր անց նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն:

2020 թ.-ի հուլիսին քննչական բաժին ստացված ստացիոնար դատաբժշկական փորձաքննության արդյունքներով, ըստ բժիշկ փորձագետների, Ա. Օ.-ն «հոգեկան հիվանդությամբ չի տառապել եւ չի տառապում», պարզապես նրա մոտ հայտնաբերվել է «չափավոր աստիճանի արտահայտված նեւրասթենիա՝ հիստերիկ տիպի անձի մոտ» ախտորոշումը: Նման ախտորոշման դեպքում, համաձայն Կառավարության 404_Ն որոշման 7Բ հոդվածի 1-ին սյունակի պահանջների, զորակոչիկը ճանաչվում է ժամանակավորապես ոչ պիտանի զինծառայությանը: ԿՌԲՀ-ի գրության համաձայն էլ՝ պատասխանել հարցին՝ արդյոք նշված ախտորոշմամբ Ա. Օ.-ն 2017 թ.-ի ձմեռային, 2018 թ.-ի ամառային զորակոչից հետո զինծառայությանը պիտանի եղել է, թե՝ ոչ, հնարավոր չէ:

Հոգեբուժական ռազմաբժշկական փորձաքննությամբ զորակոչիկի պիտանիության աստիճանը որոշվում է փորձաքննության պահին եղած բժշկական փաստաթղթերի եւ օբյեկտիվ զննման տվյալների հիման վրա: ԿՌԲՀ-ի գրության մեջ նաեւ նշված է եղել, որ ներկայում չկա համապատասխան գիտական մեթոդաբանություն՝ նման դեպքերում գնահատելու՝ տվյալ պահին նրա մոտ արձանագրված նեւրոտիկ մակարդակի հոգեկան գործունեության խանգարումը կամ վերջինիս աստիճանը վերոհիշյալ ժամանակահատվածում Ա.Օ.-ի մոտ եղել է, թե՝ ոչ:

Նկատի առնելով, որ այդպես էլ հնարավոր չի եղել պարզել՝ արդյոք Ա.Օ.-ն 2017 թ.-ի ձմեռային զորակոչին պիտանի եղել է զինծառայությանը, թե՝ ոչ, քննիչն արձանագրել է, որ Ա.Օ.-ի արարքում բացակայում է հանցակազմը: Մանավանդ որ, սպառվել են նաեւ նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները, իսկ պատշաճ քրեադատավարական գործընթացում չփարատված կասկածները հօգուտ մեղադրյալի են մեկնաբանվում:

Քննիչը որոշում է կարճել Ա. Օ.-ի նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթը եւ դադարեցնել քրեական հետապնդումը՝ 2017 թ.-ի ձմեռային զորակոչից խուսափելու համար: Իսկ հետագա՝ 2018 թ.-ի ամառային զորակոչից մինչեւ 2020 թ.-ի ամառային զորակոչը, քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցակազմի բացակայության հիմքով: Որոշմամբ վերացվել է նաեւ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

«Առավոտ» օրաթերթ
10.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031