Լրահոս
Օրվա լրահոսը

«Որպես երկրի ղեկավար և զինված ուժերի գլխավոր հրամանատար, մեղքի զգացում ունե՞ք տեղի ունեցածի համար». «Զարթոնք» ակումբ

Դեկտեմբեր 10,2020 21:55

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին

(ոչ միայն հռետորական ոգով)

Դուք 1990-ականներից Հայաստանի հանրային թոհուբոհի ականատեսը, մասնակիցը, իրադարձություններն արձանագրողներից եք եղել (լրագրող, խմբագիր), ինչպես նաև հանդես  եկել որպես քաղաքական գործիչ (կուսակցական, պատգամավոր), դրանից հետո ի՞նչը Ձեզ դրդեց դառնալ Հայաստանի Հանրապետության վարչապետ.

ա. երկրում արմատական փոփոխություններ ձեռնարկելու ձգտումը,

Կարդացեք նաև

բ.  տնեցիների՝ Ձեզ երկրի բարձրագույն պաշտոնում տեսնելու բուռն պահանջը,

դ. քաղաքական ուժերից մեկի պարտադրանքն ու ֆինանսավորելու հնարավորությունը,

ե. արտաքին ուժերի թելադրանքն ու ֆինանսավորելու հնարավորությունը,

զ. մանկուց երազել եք (կամ այլ):

Ձեր ղեկավարած քաղաքական ուժը կոչվում է «Իմ քայլը», որի կարգախոսն է՝ «Դուխով»: Ո՞ր քայլի, ի՞նչ «դուխ»-ի մասին էր խոսքը և արվե՞ց այդ քայլը՝ գոնե փորձի մակարդակով:

Անցած երկուսուկես տարվա ընթացքում Հայաստանի հանրությունն ավելի պառակտվեց: Պատճառներից մեկը Ձեր որդեգրած՝ երկիրը թալանողներին «բռնել-բաց թողնելն» է, որը նման է հայտնի «Մուկնուկատու» խաղին: Հանրությունում այդ առիթով տարածված են հետևյալ տեսակետները.

ա. դատախազությունում որակյալ աշխատակիցներ չկան, իսկ մեղադրյալները հարուստ են և կարողանում են վարձել լավագույն փաստաբաններին,

բ. չեք ուզում դատական լուրջ գործընթաց սկսել, քանի որ մեղադրվողներն սպառնում են Ձեր վերաբերյալ՝ հանրությանը դեռևս անհայտ և Ձեզ համար շատ վտանգավոր փաստեր հրապարակել,

գ. ավելի լավ է քիչ-քիչ «կլպել» դրանց, քան երկիրը քաղաքական ցնցումների ենթարկել,

դ. «դրսից» հորդորում են՝ «Համը չհանես, դրանք էլ մե՛ր դրածոներն են եղել»,

ե. առաջնորդվում եք «Չնստեց, բայց հո՞ լեղին ճաքեց» սկզբունքով:

Դուք համոզվա՞ծ էիք, որ «ժողովրդավարություն», «թավիշ» ու «դուխ» տարածելով, ամեն օր «լայվ» մտնելով հնարավոր է լուրջ հաջողությունների հասնել ներքին ու արտաքին ասպարեզներում: Եթե՝ այո, ապա՝ թվարկեք դրանցից գոնե մեկը:

Պատերազմը, ռազմաքաղաքական ղեկավարության կրած ջախջախիչ պարտությունը, որի հետևանքները դեռևս լիովին պարզ չեն, տնտեսաքաղաքական այս իրավիճակը վարչապետին պարտադրում են գնահատական տալ պատերազմն սկսելու, ամոթալի «Հայտարարությունն» ստորագրելու և ետպատերազմյան շրջանում տիրող իրավիճակի մասին: Ի՞նչ է անում երկրի ղեկավարությունը, մասնավորապես.

ա.  սահմանները վերանայելու, փախստականներին տեղավորելու կամ իրենց բնակավայրեր վերադարձնելու, զոհվածների հարազատների պահանջները բավարարելու, գերիներին փոխանակելու, անհայտ կորածներին գտնելու և հաշմանդամների կարիքները հոգալու նպատակով,

բ. որպես բանակի գլխավոր հրամանատար՝ կարո՞ղ եք պարզաբանել պատերազմում պարտության պատճառները. ովքե՞ր են մեղավոր պաշտպանությունը վատ կազմակերպելու, թափթփվածության, անիմաստ զոհեր տալու, Շուշին, Հադրութը թշնամուն պարզապես հանձնելու համար,

գ. քանի՞ դավաճան, թշնամու գործակալ, հատկապես՝ բարձրաստիճան դասալիք հայտնաբերվեց և դրանցից քանի՞սը պատժվեցին կամ կպատժվեն (ընթացքը),

դ. ինչպե՞ս եք մտադիր վերականգնել մարդկանց հավատը ազգի ու Հայաստանի ապագայի հանդեպ,

ե. Հայաստանի Հանրապետությունը գոնե մեկ իրական դաշնակից ունի՞, եթե՝ այո, ապա որտե՞ղ է, եթե՝ ոչ, ապա ինչո՞ւ:

Եվ, վերջապես, գործուն քայլեր կարվե՞ն.

ա. թալանածը վերադարձնելու և այն բանակի շուտափույթ վերազինմանն ուղղելու նպատակով, քանի որ չի բացառվում նոր պատերազմը,

բ. Հայաստանի Հանրապետությունն Արցախի կարգավիճակի մասին որոշում կընդունի՞ վերջապես,, որովհետև արտերկրի մեր «հայասերները» մատնանշում են այդ բացթողումը,

գ. թեկուզև ուշացած՝ քաղաքական գնահատական չե՞ք տալու անկախության տարիների ոչ օրինական՝ իրենք իրենց ընտրած իշխանություններին,

դ.  մտադիր չէ՞ք որպես հաղթաթուղթ գործի դնել 1921թ․ Մոսկվայի անօրինական թղթաբանությունը և Վիլսոնի Իրավարար վճիռը՝ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի որոշումը  1920թ. ապրիլի 26-ի Սան Ռեմոյի կոնֆերանսի հայցադիմումի (compromis) և 1920թ. օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագրի 89-90 հոդվածների տեսքով ներկայացված հայցադիմումի համաձայն՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերաբերյալ:  Եթե՝ այո, ապա՝ ե՞րբ և եթե՝ ոչ, ապա՝ ումի՞ց ենք սարսափում և ո՞րն է Ձեր և Ձեր ղեկավարած քաղաքական ուժի և նախորդների տարբերությունը գոնե այս խնդրում:

ե. անձամբ Դուք՝ Նիկոլ Փաշինյանդ, որպես երկրի ղեկավար և զինված ուժերի գլխավոր հրամանատար, մեղքի զգացում ունե՞ք տեղի ունեցածի համար:

Որպես վերջաբան. ի՞նչ նոր՝ հանրությանն անհայտ արմատական կամ ճակատագրական անակնկալներ («սյուրպրիզներ») սպասենք, որոնց տեղյակ եք և որոնց մասին միգուցե նախապես հարկ համարեք հայտնել՝ Հայաստանի և Սփյուռքի հայությանը նախապատրաստելով արհավիրքին։

Ի վերջո՝ տեղի ունեցածը կարո՞ղ ենք անվանել՝ «Իմ դուխով քայլը»:

«ԶԱՐԹՈՆՔ» գաղափարական-քաղաքական ակումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031